
Ինչպե՞ս աշխատել տնից ավելի արդյունավետ
Քանի դեռ շատերս շարունակում ենք աշխատել տնից, այդ նպատակով ներկայացնում ենք մի քանի տարբերակ, որոնք էլ ավելի պրոդուկտիվ կդարձնեն տան պայմաններում ձեր աշխատանքային օրերը։
Ստեղծեք ձեր աշխատանքային տարածքը
Թեև բոլորիս համար էլ հաճելի է մնալ անկողնում, բայց նրանք, ովքեր հաջողությամբ աշխատում են տնից, կհամաձայնվեն, որ շատ կարևոր է աշխատանքային տարածք ստեղծելը։ Եթե հարմար գրասեղան չունեք, օգտագործեք ձեր ճաշասենյակի սեղանը: Բացի այն, որ ձեզ կզգաք ինչպես գրասենյակում, դա նաև կօգնի ձեզ խուսափել շեղումներից և ժամանակին ավարտել ձեր աշխատանքը:
Մի անցկացրեք ամբողջ օրը նստած
Բոլորս գիտենք, որ աբողջ օրը նստած աշխատելը առողջարար չէ։ Ուստի համոզվեք, որ աշխատանքի ընթացքում պարբերաբար ոտքի եք կանգնում կամ քայլում:
Եթե աշխատանքի ընթացքում ունեք ազատ ժամանակ, ապա դա լավ հնարավորություն է տանը վարժություններ կատարելու կամ դրսում զբոսնելու համար: Ընդմիջման ժամին զբոսանքը օգնում է ցրվել տան պայմաններում աշխատանքային առօրյայից:
Մի փոքր մաքուր օդ շնչեք
Քանի որ այժմ հետևելով մասնագետների հորդորներին շատերս ստիպված ենք օրվա հիմնական ժամանակն անցկացնել տանը՝ զուրկ մնալով դրսի մաքուր օդից, այդ նպատակով կարևոր է, որ տնից աշխատելիս պարբերաբար բացեք պատուհանները՝ ձեր սենյակ հնարավորինս շատ բնական լույս և օդ ներթափանցելու համար։ Կարող եք նաև կարճատև զբոսանքներ անցկացնել՝ հնարավորինս քիչ մարդաշատ տարածքներում և իհարկե տուն վերադառնալուն պես անպայման լվանալ ձեռքերը:

Մշտապես կապ հաստատեք ձեր թիմակիցների հետ
Եթե ձեր աշխատանքը թիմի հետ է, ապա համոզվեք, որ պարբերաբար կապնվում եք նրանց հետ՝ ինչպես կանեիք գրասենյակում: Ստեղծեք ձեր անելիքների ցանկը` ձեզ կազմակերպված և կենտրոնացած պահելու համար։ Բացի Slack-ի տիպի հեռահար աշխատանքային ծրագրերից, նաև կարող եք հեռախոսի կամ Skype, FaceTime, Zoom հավելվածների միջոցով կապ հաստատել ձեր թիմակիցների հետ:
Դիմեք ընտանիքի այլ անդամների օգնությանը, եթե տանն ունեք երեխաներ
Իհարկե բավականին դժվար է տնից աշխատելը, եթե տանը երեխաներ ունեք՝ հատկապես նորածին: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում դիմել ձեր ընտանիքի այլ անդամներին օգնության համար: Հնարավոր է, որ սա լավագույն ընտրությունը չէ սոցիալական հեռավորության հորդորը պահպանելու համար, բայց, եթե ունեք մեկը, ով կարող է օգնել, դա կօգնի ձեզ հնարավորինս ավելի պրոդուկտիվ ձեր աշխատանքը կատարել:
Եթե դուք ունեք ճկուն աշխատանքային գրաֆիկ, ապա կարող եք փորձել համադրել այն երեխայի հետ՝ օրինակ աշխատել շատ վաղ առավոտյան կամ ուշ գիշերը՝ երբ ձեր երեխան քնած կլինի։
Աղբյուր՝ Goodhousekeeping