Թեհմինա Վարդանյան. առաջնային ոճն ինձ համար կլասիկան է…

Ավագանու անդամ, քաղաքական գործիչ Թեհմինա Վարդանյանը զրուցել է Classy.am ամսագրի հետ՝ պատասխանելով փոքր բլից հարցմանը։

Քանի՞ տարեկան եք դուք, եթե ենթադրենք չգիտեք ձեր տարիքը…

Երբ ինձանից տարիք են հարցնում, առաջինն ուզում եմ ասել 22, հետո հիշում եմ, որ այլևս մեծ եմ:

Կցանկանայի/չեի ցանկանա ինձ նման ընկեր ունենալ, քանի որ…

Անխոս կցանկանայի, որովհետև ես ունեմ թերություն՝ «նվիրվում եմ», և եթե նույնիսկ ընկերս սխալ է, ես պատրաստ եմ բոլոր հնարավոր միջոցներով արդարեցնել և պինդ կողքին կանգնել, անկախ նրանից՝ ինչին դա կարող է հանգեցնել։

Եթե ստանայիք 10 միլիոն դոլար, արդյոք կշարունակե՞իք աշխատել…

Այո, միանշանակ կաշխատեի։ Երբեմն մարդիկ աշխատում են ոչ միայն գումար վաստակելու համար։  Աշխատանքը նաև երջանկացնում է։ Ես աշխատում եմ շուրջ 10 տարի և հակառակը չեմ էլ պատկերացնում։ Կյանքումս եղել են դեպքեր, երբ  շուրջ մեկ ամիս կամ երկու շաբաթ աշխատանք չեմ ունեցել։ Հավատացնում եմ՝ դա ինձ համար դժոխային էր։  Չեմ կարող արթնանալ և որևէ տեղ չշտապել, որևէ աշխատանքով չզբաղվել։ Ես, ուղղակիորեն, ինձ չեմ հարգի։ Ասեմ ավելի, երբ  հազվադեպ, բայց մի փոքր ավել եմ քնում, ինձ թվում է՝ կյանքը գնաց, ես մնացի, ոչինչ չհասցրեցի։ Եվ, որ ամենակարևորն է, չկա ավելի լավ զգացում, քան որևէ աշխատանքում պիտանի լինելը։ Վերջապես, ես մաքսիմալիստ եմ, 10 մլն. դոլարը այդքան էլ մեծ գումար չէ, եթե աշխատանքի շնորհիվ կարող ես ունենալ կրկնապատիկը կամ եռապատիկը։

Դուք երբեք չեք կրի…

Առհասարակ ժխտական բառերն իմ սրտով չեն, այդ թվում նաև երբեք-ը։

Ինձ կարելի է սովորաբար հանդիպել…

Քաղաքի բոլոր հավանական և անհավանական կետերում՝ նկուղներից սկսած, տանիքներով ավարտած՝ աշխատանքի բերումով։ Ժամանակ լինելու դեպքում էլ, իհարկե հազվադեպ, ընկերներիս հետ սրճարաններում կամ գինետներում։

Իմ տարօրինակ սովորություն/ներ են…

Մարդկանց շարժուձևն ուսումնասիրելը, կեցվածքից ու պահվածքից հոգեբանական պորտրետ կազմելը։ Հազվադեպ, բայց իրերին կապնվելը։ Ունեմ 15-17 տարվա շապիկ, որն արդեն շատ վաղուց շարքից դուրս է եկել, քրքրվել։ Մայրս տարիներ շարունակ ուզում է նետի այն և մենք հաճախ վիճում ենք այդ թեմայով։ Ստիպված կարկատում է։ Չկա մարդ, որ մեր տուն հյուր է եկել և այդ շապիկը մայրս ցույց չի տվել՝ ի ամոթանք, բայց երբեք չեմ հրաժարվել ու չեմ հրաժարվի նրանից…

Ո՞ր գույնն եք դուք…

Բնույթով միատոն չեմ։ Չեմ կարող ինձ ասոցացնել մեկ գույնի հետ։ Գունավոր եմ՝ երբեմն մռայլ գույների մեջ, երբեմն պայծառ։

Ի՞նչ միտք է պտտվում ձեր գլխում այս պահին…

Վայրկյան առ վայրկյան տարբեր բաներ են պտտվում՝ մորս  մասին մտածելուց սկսած, մինչև քաղաքային խնդիրներ, աշխատանք… բայց, ամենին զուգահեռ, միշտ երաժշտություն է պտտվում։

Ես հիանում եմ…

Պայքարող տեսակով։ Կյանքի բոլոր փուլերում շատ կարևոր է չկորցնել հավատը սեփական անձի նկատմամբ և միշտ ձգտել ավելիին։

Եթե հնարավորություն ունեք ընտրելու մեկ կնոջ զգեստապահարան, ու՞մը կընտրեք…

Անխոս, Կոկո Շանելի։ Առաջնային ոճն ինձ համար կլասսիկան է։

 

Հեղինակ՝ Աննա Խուրշուդյան