Երգչուհի Լայանան Ամանորի, ընտանիքի և կյանքի մասին

Classy.am-ը ամանորին ընդառաջ զրուցել է սիրված երգչուհի Լայանայի հետ։ Հարցազրույցից պարզ դարձավ, որ երգչուհին այժմ խիստ աշխատանքային գրաֆիկին զուգահեռ զբաղվում է իր երեխայի խնամքով։ Զրույցի ընթացքում նա պատասխանել է մեր լրագրողի՝ տարբեր բնագավառներին առնչվող հարցերին։

Հարցին, թե՝ արդյոք եղել են կյանքում քայլեր կամ արարքներ, որոնք անելուց կամ չանելուց փոշմանել եք, Լայանան պատասխանել է, որ կցանկանար արդեն իսկ 3 երեխաների մայր լինել։ Երգչուհին խոստովանել է, որ եթե մեկ անգամ ևս իրեն ապրելու հնարավորություն տրվեր, ապա էլի կերգեր, և կընտրեր արվեստը։

Լրագրողի հարցին, թե՝  որոնք են ամուսնուն զարմացնելու իր գաղտնիքները, նա նշել է, որ յուրաքանչյուր կին գիտի իր տղամարդու ուժեղ և թույլ կողմերը և հենց այդ իսկ պատճառով է, որ կարողանում է զարմացնել նրան։

Հարցին, թե՝ կինը, որ դեպքում կարող է թուլանալ և մոռանալ իր խնամքի մասին, Լայանան պատասխանել է.  «Դա ինձ համար անընդունելի է. կինը պետք է միշտ լինի ցանկալի և հաճելի՝ և՛ տանը, և՛ դրսում»։

Պարզ դարձավ նաև, որ Լայանան չի կիսում այն կարծիքը, որ գեղեցիկ են բացառապես նիհար և սլացիկ աղջիկները։ Երգչուհու կարծիքով  ցանկացած կին գեղեցիկ է յուրովի։ Երգչուհին նշեց, որ կնոջ գեղեցկությունը միայն ոտքերի մեջ չէ․ կինը պետք է լինի խելացի, կանացի, քնքուշ, ուշադիր և վերջ՝ մնացածն արդեն երկրորդական է դառնում։

Լայանան պատրաստվում է դիմավորել ամանորը Հայաստանում՝ աշխատանքի մեջ, իսկ հունվարի երկուսին նա կմեկնի Լիբանան համերգ ունենալու և Սուրբ Ծնունդը նշելու համար։ Ամանորյա օրերը կվայելի ընտանիքի հետ։ Երգչուհին ինքն է պատրաստում ամանորյա ուտեստները և շատ սիրում է այդ զբաղմունքը, ինչպես նաև շատ բծախնդիր է կերակուրների պատրաստման հարցում։

Լայանան՝ չնայած իր աշխատանքային լարված գրաֆիկին, հասցնում է զբաղվել նաև տնային գործերով։ Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ ունեն մեծ առանձնատուն, որտեղ ուղղակի հնարավոր չէ տնային գործեր չանել։

Լրագրողի այն հարցին, թե՝ ի՞նչ ոճային խորհուրդ կարող է տալ հայ կանանց և աղջիկներին, Լայանան պատասխանել է, որ իր կարծիքով հայ կանայք և աղջիկներն այնքան խնամված են, գեղեցիկ և ժամանակակից հագնված, որ ոչինչ չի ուզում ավելացնել։ Միայն ցանկանում է, որպեսզի հայ կնոջ կերպարը չկորի։

Երգչուհին 2019 թվականին պատրաստվում է ավարտել կիսատ թողած գործերը՝ կան երգեր, որոնք դեռ նոր են գրվել և նոր են գործիքավորվում։ Աշխատանքները պատրաստ լինելու դեպքում դրանք կհանձնի հանդիսատեսի դատին։