Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Հոկտեմբերին աշխարհի տարբեր երկրներում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միջոցառումներ են անցկացվում, որոնք նպատակ են հետապնդում հանրային ուշադրությունը հրավիրել կրծքագեղձի վաղ հայտնաբերման և բուժման, ինչպես նաև դրա առաջացման պատճառների հետ կապված հարցերի վրա:

Ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1,38 միլիոն նոր դեպք է գրանցվում, իսկ մահացության ցուցանիշը հասնում է 458 հազարի: Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված քաղցկեղի տեսակն է համարվում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերը կայուն աճ են արձանագրում, ինչը կապված է կյանքի տևողության աճի, ուրբանիզացիայի բարձր մակարդակի և արևմտյան ապրելակերպի տարածման հետ:

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառների մասին բավարար տեղեկություններ դեռևս չկան, ուստի հիվանդության վաղ հայտաբերումը անկյունաքարային նշանակություն ունի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:  Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, պատշաճ ախտորոշման և բուժման դեպքում հիվանդության հաղթահարման հավանականությունը բավական մեծ է: Սակայն ուշ հայտնաբերման պարագայում բուժումը շատ հաճախ ապարդյուն է լինում: Նման դեպքերում անհրաժեշտ է պալիատիվ խնամք՝ հիվանդների և նրանց ընտանիքների անդամների տառապանքները թեթևացնելու համար:

Աղբյուր՝ WHO