
Լուսինե Թովմասյանը՝ հղիության, երեխաների և ընտանիքի մասին
Classy.am-ը հետաքրքիր հարցազրույց է ունեցել «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» տիտղոսակիր գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի հետ։ Նա պատմել է իր ընտանիքի, երեխաների դաստիարակության և ամուսնու հետ առողջ հարաբերությունների իր գաղտնիքների մասին:
Կպատմե՞ք մի փոքր, թե ինչ զգացողություններ եք ունեցել Ձեր երկրորդ երեխային լույս աշխարհ բերելիս:
Այս անգամ զգացողութունները փոքր ինչ տարբերվում էին, որովհետև արդեն գիտեի՝ ինչ հրաշք է տեղի ունենալու։ Ավելի գիտակցված և պատրաստված էի։ Այս անգամ մեզ հետ հավասար, ես կասեի նույնիսկ ավելի անհամբեր էր Արիանան։
Երեխայի ծննդից հետո երկար ժամանակ ե՞ք բացակայելու էկրաններից:
Շատ շուտով կվերադառնամ իմ սիրելի աշխատանքին։
Ինչպե՞ս եք որոշել Ձեր երեխաների անունները։
Ես և ամուսինս միասին ենք որոշել։ Հիշում եմ, որ Արիանա անունն Արթուրը առաջարկեց, ու ես միանգանից համաձայնեցի։ Իսկ տղայիս անունը ես եմ առաջարկել։
Ո՞րն է առողջ և ամուր ընտանեկան հարաբերությունների ձեր գրավականը։
Ամենակարևորը զիջել սովորելն է. 6 տարիների ընթացքում ես դա եմ հասկացել։ Եվ երբ սովորում ես փոխզիջումների գնալ, ամեն ինչ կատարյալ է դառնում:
Ամենագլխավոր խորհուրդը, որ տալիս եք Ձեր երեխաներին։
Շատ կարևոր է, թե ինչ են տեսնում երեխաներն ամեն օր իրենց ընտանիքում։ Խոսքերով չես կարող դաստիարակել, պետք է օրինակ լինես նրանց համար։ Իսկ դա ավելի բարդ է։ Դա մեծ աշխատանք է ենթադրում ինքդ քեզ վրա։ Նրանք ամեն ինչ նկատում են, նույնիսկ փոքրիկ մանրուքները։ Գլխավոր խորհուրդներից մեկը բարությունն է։
Ինչպե՞ս եք կարողանում ապահովել աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը։
Համոզված եմ, որ դա ինձ մոտ չէր ստացվի, եթե կողքիս չլիներ Արթուրը։ Յուրաքանչյուր հարցում նա ինձ փորձում է օգնել, և ամեն անգամ դա նրա մոտ ստացվում է։ Չէի կարողանա այդ ամենն անել առանց նրա։
Ինչպե՞ս կարելի է կատարյալ տեսք ունենալ, երբ երկու երեխաների մայր ես։
Չեմ կարող ասել, որ ես երկու երեխաների խնամքով միայնակ եմ զբաղվում։ Ինձ այդ հարցում օգնում են։ Բայց նաև շատ կարևոր է կնոջ ցանկությունը։ Եթե ունես ցանկություն, ապա անպայման ինքդ քեզ համար ժամանակ կգտնես։
Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ընտանիքը։
Մեր ընտանիքում կա բարձր ծիծաղ, երաժշտություն և հումոր։
Որո՞նք են երեխաների դաստիարակության Ձեր երեք գլխավոր կանոնները։
Բարություն, կարգապահություն և ճշտախոսություն:
Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։
Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:
Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա մայրերին։
Այս պահին շատ կցանկանայի խորհուրդ տալ նրանց ամուսիններին։ Հղիության ընթացքը շատ դժվար է կանանց համար թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացմունքային առումով: Հավատացեք՝ շատ կարևոր է, որ նրանց կողքին հոգատար ամուսին լինի: