
Հայ դիզայներին ոգեշնչել է Ֆրիդայի բիսեքսուալ կերպարը…
Classy.am-ն այսօր բացահայտում է ևս մեկ տաղանդավոր երիտասարդի, ով հասցրել է իր տաղանդը ներկայացրել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ ձեռք բերելով մեծ ճանաչում։
Երիտասարդ դիզայներ Սվետլանա Մկրտչյանն արդեն 8 տարի զբաղվում է նորաձևությամբ։ Մասնագիտությամբ տնտեսագետ Սվետլանան երբևէ չի մտածել զբաղվել պրոֆեսիոնալ նորաձևությամբ, չնայած որ տարիներ շարունակ սիրել և գնահատել է այս ոլորտը։ Տարիներ առաջ նա աշխատել է բանկում, սակայն չգտնելով այնտեղ ստեղծագործական միտք և ազատություն, զուգահեռ սկսել է զբաղվել նորաձևությամբ։
«Atex fashion center»-ում նորաձևության կուրսեր անցնելուց հետո վերապատրաստվել է Իտալիայում, որից հետո շարունակել է աշխատել Ատեքս նորաձևության կենտրոնում։
Սվետլանան այժմ դասավանդում է Հայաստանում գործող իտալական «Atex Burgo Fashion» դպրոցում, ինչպես նաև հանդիսանում է մոսկովյան դիզայնեների ասոցիացիայի անդամ է։
Անցած տարի Սվետլանան հաղթել է միջազգային «Русский Силуэт» ամենամյա մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլը, որին նա ներկայացրել է Ֆրիդա Կալոյին նվիրված իր հավաքածուն։
Classy.am-ի հետ զրույցում Սվետլանան նշեց, որ նրան շատ է ոգեշնչում Ֆրիդայի կերպարը.
«Ինձ նրա մեջ գրավեց այն, որ երբ նայում ես իր կերպարը, ինքը միշտ վառ է, ծաղիկներով և այլն, երբեք չես ասի, որ շատ ծանր և տխուր կյանք է ունեցել։ Հավաքածուիս հագուստները սկսվում են սև գույնով և գնալով դառնում ավելի վառ»։
«Ֆրիդա»ի հավաքածուի գրեթե բոլոր հագուստներում առկա է կորսետը։ Սվետլանան հատուկ ցանկացել է ընդգծել այդ դետալը քանի, որ Ֆրիդա Կալոն իր ողջ կյանքի ընթացքում կրել է կորսետներ։ Այս հավաքածուում տղամարդու կերպար էլ կա. «Ցանկանում էի, որ դրանով սկսվեր, քանի որ Ֆրիդան բիսեքսուալ է եղել, իսկ դա կարտացոլեր հենց այդ փաստը»,- նշեց դիզայները։
Մեզ հետ զրույցում Սվետլանան նշեց, որ հավաքածուներ շատ ունի, բայց բովանդակային առումով, առանձնահատուկ ոճով և մտքով «Ֆրիդան» առաջինն է։ «Ֆրիդա» հավաքածուն դեռևս չի վաճառվում, քանի որ Սվետլանան մտադրություն ունի մեծացնել այն, ուստի աշխատում է այդ ուղությամբ։
Սվետլանա Մկրտչյանի հեղինակային աշխատանքները վաճառվում են Workshop-ում. Երիտասարդ դիզայները մտադրություն ունի ընդլայնել նաև այս ցանցը։
Հարցին, թե՝ ինչով են տարբերվում իր աշխատանքները Հայաստանում գործունեություն ծավալող մյուս դիզայներների աշխատանքներից, Սվետլանան պատասխանեց. «Եթե «Ֆրիդայի» օրինակով ասեմ՝ ձևացքը շատ բարդ է, առաջին հայացքից դա կարող է չերևալ, եթե մասնագետը տեսնի կհասկանա՝ ինչքան բարդ աշխատանք է։ Կոնկրետ այս հավաքածուն բարդ է (թող գովեստ չթվա,- ծիծաղում է-հեղ.), բայց շատ աշխատաքների, որ հիմա հանդիպում ենք՝ ոչ մի յուրահատուկ բան։ Շատ դիզայներներ կան, որ շատ լավն են իրենց աշխտանքները, ճաշակով են, բայց միշտ չէ, որ բարդ են լինում»,- հավելեց նա։ Դիզայները դժվարացավ պատասխանել ՝ ինչու հենց իր աշխատանքները պետք է ընտրեն՝ պազաբանելով, որ դա ուղղակի ճաշակի հարց է։
Սվետլանայի խոսքով՝ ընդհանուր առմամբ հագուստները հասանելի են. «Չեմ ասի, որ չափից դուրս հասանելի են, բայց որպես դիզայներական աշխատանք՝ այո»,-ասաց նա։