
Հետաքրքիր զրույց «Գլոբբինգ» ընկերության համահիմնադիր Անահիտ Իսրայելյանի հետ
Classy.am-ի «Հաջողակ գործարար կանայք» խորագրի շրջանականերում, այսօր խոսել ենք «Գլոբբինգ» ընկերության համահիմնադիր Անահիտ Իսրայելյանի հետ, ով սիրով պատասխանել է մեր խմբագրության հարցերին։
Ի՞նչ միտք էր պտտվում ձեր գլխում, երբ առաջացավ Գլոբբինգի ստեղծման գաղափարը։
Գաղափարն առաջացավ պահանջից։ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո հաճախ դժվարանում էինք որևէ բան գնել։ Ընտրություն չկար, գները հաճախ շատ թանկ էին համեմատած ԱՄՆ-ի շուկայի գներից։ Ստիպված էինք լինում խնդրել ԱՄՆ- ում բնակվող մեր ընկերներին անհրաժեշտ իրեր ուղարկել։ Այսպես ամուսնուս մոտ առաջացավ գաղափար ստեղծել մի համակարգ, որը կօգնի գնումներ կատարել տարբեր երկրներից և գումար խնայել։
Ստեղծագործական փուլում ի՞նչ դժվարությունների եք առընչվել, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։
Երբ ստեղծում ես մի բան, որը նոր է առաջին խոչընդոտը, երևի թե, մարդկանց թերահավատությունն է։ Հաճախ ես լսում` տարբերակ չկա, չի ստացվի, լուծում չունի արտահայտությունները։ Կարևորը շարունակես հավատալ գաղափարիդ, վստահես քեզ և ուժերիդ։
Կարելի՞ է Գլոբբինգն արդեն համարել հաջողված նախագիծ։
Միանշանակ ԱՅՈ։ Միայն անցած տարի մեզ հաջողվել է մարդկանց համար խնայել մոտավոր 25-30 միլիոն դոլար։ Սա բացառիկ արդյունք է և հպարտանալու առիթ։
Կարո՞ղ եք նշել Գլոբբինգի հաջողության երեք գլխավոր գրավականները
Պահանջ՝ եթե անում ես մի բան, որը մարդկանց օգուտ է տալիս, այն չհաջողվել չի կարող։ Իսկ Գլոբբինգն օգնում է խնայել։
Նվիրում՝ հաջողության հասնելու համար շատ բաներից ստիպված ես լինում հրաժարվել՝ ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ հետ ժամանակ անցկացնել, հանգստանալ, զբաղվել սիրած զբաղմունքով և այլն։
Չհանձնվել՝ դժվարություններ միշտ կան ու միշտ էլ կլինեն։ Կարևոր է չհուսահատվել անհաջողություններից և շարունակել բռնած ուղին։
Ինչպե՞ս եք տեսնում Ձեզ և ձեր կազմակերպությունը 5 տարի հետո։
Այս տարի սկիզբ ենք դրել կազմակերպության միջազգային զարգացմանը՝ ֆրանչայզինգ մոդելով։ Արդեն իսկ ունենք հարյուրավոր դիմորդներ, ովքեր ցանկանում են ունենալ Գլոբբինգ իրենց երկրում։ Հինգ տարի հետո հուսով ենք, որ Գլոբբինգը կլինի նաև տասնյակ այլ երկրներում։ Սա կբերի նրան, որ Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Որո՞նք են ձեր գործի ռիսկերը։
Երևի թե ինչպես ցանկացած գործի դեպքում առաջնային խաղաղությունն է երկրում, մնացածը հաղթահարելի է։
Ինչպե՞ս եք ապահովում աշխատանք–ընտանիք հավասարակշռությունը։
Իրականում շատ բարդ է պահպանել հավասարակշռությունը, երևի թե դժվարագույն խնդիրներից է։ Փորձում եմ խնդիրները թողնել աշխատատեղում և տանը բացառապես զբաղվել ընտանեկան հարցերով։
Կին–գործարարի բարդությունները Հայաստանում։
Անկեղծ ասած չեմ հանդիպել որևէ դժվարության, որի պատճառը կին լինելը լինի։ Կարծում եմ շատ բան է փոխվել այդ առումով Հայաստանում։
Խորհուրդ սկսնակ կին–գործարարներին։
Լինել համարձակ, հավատալ գաղափարին և սեփական ուժերին, չհանձնվել։
Հեղինակ՝ Աննա Խուրշուդյան