
Չափից շատ կերակրելը բացասաբար է ազդում նորածինների վրա
Նորածիններին չափից շատ կերակրելն, իրականում, համատարած խնդիր է, մասնավորապես շշով կերակրվող նորածինների շրջանում: Շատերը սխալմամբ կարծում են, որ միայն գեր երեխաներին են շատ կերակրում կամ երեխաներին, առհասարակ, հնարավոր չէ չափից շատ կերակրել: Արդյունքում, չափից շատ կերակրման պատճառով ի հայտ եկող աղեստամոքսային ախտանիշները հաճախ սխալմամբ վերագրվում են նորածինների շրջանում հանդիպող գազիկներին կամ կաթնային ալերգիաներին:
Չափից շատ կերակրելը սովորաբար արդյունք է հետևյալ հիմնական պատճառների համադրման.
- Քաղցի սխալ նշաններ
Պետք է հաշվի առնել, որ քաղցը երեխայի լացի գլխավոր, բայց ոչ միակ պատճառն է: Խանգարված քունը կամ պարզապես ծծելու ցանկությունը ևս կարող են նորածինների լացի պատճառ դառնալ։ Հետևաբար, երեխայի լացը պարտադիր սովի նշան չէ, և կարիք չկա երեխայի լացը լսելուն պես միանգամից նրան կերակրել:
- Ծծելու ռեֆլեքս
Մինչև 3 ամսական նորածինները ծծելու ռեֆլեքս ունեն: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս ռեֆլեքսը նրանց մոտ ավտոմատ գործողություն է, ուստի երբ երեխան սկսում է ծծել, նա շշից կաթի հոսքը վերահսկելու կամ հագենալուց հետո ժամանակին կանգ առնելու բավարար կարողություն չունի:
- Հաճախակի կերակրումներ
Ինչպես մեծահասակների, այնպես էլ նորածինների մոտ ուտելուց հետո ժամանակ է պահանջվում, որպեսզի մեր ուղեղը հագեցվածության զգացողություն ունենա։ Հետևաբար, որքան արագ է ուտում երեխան, այնքան ավելի մեծ է վտանգը, որ նա չափից շատ կուտի:
- Ծնողներն «առողջ» երեխայի իրենց կարծրատիպն ունեն
Բազմաթիվ ծնողներ կարծում են, որ երեխայի ավելորդ քաշն առողջության նշան է: Արդյունքում, նրանք ստիպում են իրենց երեխաներին ավելի շատ սնունդ ընդունել, քան նա ցանկանում է՝ ձգտելով խթանել նրա աճն ու զարգացումը: Ընդ որում, նիհար երեխաներն ու ցածր քաշով ծնված նորածիններն ավելի շատ են ենթարկվում չափից շատ կերակրվելու վտանգին:
Աղբյուր՝ babycareadvice.com