Նորաձևություն և կորոնավիրուս․ի՞նչ սպասել ապագայում

Կորոնավիրուսի շարունակական տարածումը լրջագույն մարտահրավեր է դարձել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք դիզայներների և նորաձևության տների համար։ Իհարկե, դեռևս վաղ է ենթադրություններ անել նորաձևության ապագայի վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ այն չի կարող անմասն մնալ ընդհանուր ճգնաժամից։

Հանրահայտ «Harpers Bazaar» պարբերականը, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրում է, որ չնայած նորաձևությունը բոլոր ժամանակներում անփոխարինելի է եղել, այնուամենայնիվ, դրա ազդեցությունն այժմ կարող է լրջորեն նվազել։

Կորոնավիրուսային քաոսի պայմաններում արդյունաբերությունը դադար է ապրում։ Մի շարք հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Christian Siriano-ն, Cynthia Rowley-ն, GAP-ը, LVMH-ը և այլն, լծվել են հանրօգուտ աշխատանքի՝ արտադրելով պաշտպանիչ դիմակներ, հիվանդանոցային հագուստներ և մաքրող միջոցներ, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն։

Միևնույն ժամանակ, մանրածախ առևտրի խանութները փակվում են, մինչդեռ էլեկտրոնային առևտրի կայքերը գերծանրաբեռնված են աշխատում։ Տեքստիլ գործարաններում և մանրածախ առևտրի ոլորտում ներգրավված աշխատակիցները կորցնում են իրենց աշխատանքը: Ոճաբանները, լուսանկարիչները, դիմահարդարներն ու վարսավիրները ներկայումս որևէ եկամուտ չունեն։

Թեմայի վերաբերյալ ամսագիրը խոսել է մի շարք հանրահայտ նորաձևության տների ներկայացուցիչների հետ՝ փորձելով պարզել վերջիններիս ակնկալիքները, վախերն ու ապագա ծրագրերը։

Estée Lauder-ի գործադիր տնօրեն Միշել Դունկանը նշում է. «Եթե ետ նայեք սյուրռեալիստներին, կուբիստներին, նույնիսկ փոփ արտիստներին, ապա կտեսնեք, որ նրանք բոլորը պատերազմ տեսած մարդիկ են եղել։ Նրանց ստեղծարարությունը քաոսի արդյունք էր։ Ես չեմ պնդում,  որ սա նույն փորձն է, և մենք, բարեբախտաբար, Առաջին աշխարհամարտի խրամատներում չենք: Սակայն անժխտելի է, որ այս ժամանակահատվածը ևս բավական ճգնաժամային է, նույնիսկ եթե դուք առողջ եք։ Իսկ ինչպես ենք մե՞նք դրսևորելու մեր ստեղծարարությունը։ Կամ ի՞նչ բացառություններ են արվելու յուրաքանչյուր ստեղծագործական կանոնի համար»։

Իր հերթին, հայտնի դիզայներ Քիմ Շուն նշում է. «Հավանաբար, ապագայում մենք ավելի շատ աջակցության կարիք կունենանք: Սակայն եթե աշխարհը ցանկանում է իմանալ, թե ես՝ որպես երիտասարդ կին գործարար, ինչ եմ ուզում այս պահին, ապա ես չեմ խոսի վաճառքի ծավալների կամ նման այլ բաների մասին։ Միայն կասեմ, որ ուզում եմ՝ առողջ լինեք և պահպանեք մյուսների առողջությունը»։

Աղբյուր՝ Harper’s Bazaar