Կորոնավիրուս. ինչպե՞ս հետաձգել հարսանեկան արարողությունը

Ողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս  խուսափել տաս և ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հավաքույթներից։ Այս համատեքստում տարատեսակ միջոցառումների կազմակերպչական հարցերով զբաղվող մասնագետներն առաջարկում են տեղափոխել բոլոր այն միջոցառումնրը, որոնք նախատեսված են ապրիլ  և մայիս ամիսներին։ Խոսքը գնում է, մասնավորապես, հարսանիքների մասին։ Bazaar Bride-ի լավագույն հարսանյաց դիզայներներից Դեյվիդ Բեհմի կանխատեսումների համաձայն՝ միջոցառումների կազմակերպման տեսանկյունից այս տարվա վերջին ամիսները բավական ծանրաբեռնված են լինելու։

Բեհմը, ինչպես և իր գործընկերների մեծամասնությունը, կարծում է, որ զույգերի մեծ մասը մտադիր է առաջիկա ամիսներին նախատեսված հարսանյաց արարողությունները տեղափոխել սեպտեմբերից նոյեմբեր ընկած շրջանը։

Հարսանյաց արարողությունների մեկ այլ դիզայներ՝ Էնի Լին, հարսանեկան միջոցառումները չեղարկող զույգերին խորհուրդ է տալիս նախապես համոզվել, որ անհրաժեշտ ծառայությունները, օրինակ, նվագախումբը, լուսանկարիչը և այլն,  նախատեսվող օրը հասանելի կլինեն։

Որքա՞ն ժամանակով է պետք հետաձգել հարսանեկան արարողությունը:

2018-2019 թվականներին բազում նշանադրություններ են եղել, և շատերն իրենց հարսանիքը ծրագրում էին անցկացնել խորհրդանշական 2020 թվականին։ Հենց այդ պատճառով ամռան և աշնան գրեթե բոլոր օրերն ամրագրված են։ Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս հարսանիքն անցկացնել այս տարի, այլ ոչ թե հետաձգել այն մինչև 2021 թվականը։

Ինչպե՞ս կարող եմ հետաձգել հարսանիքը:

Եթե դուք արդեն հասցրել եք ուղարկել հրավիրատոմսերը, ապա լավագույն տարբերակը հեռախոսով հյուրերի հետ կապվելն է։ Իհարկե, խորհուրդ է տրվում նաև պաշտոնապես տեղեկացնել հյուրերին ծրագրվող փոփոխությունների մասին։ Այս տեսանկյունից լավ տարբերակ է էլեկտրոնային նամակը, բայցևայնպես, հեռախոսազանգն առաջնային կարևորություն ունի։

Կարո՞ղ եմ արդյոք ետ ստանալ իմ կանխավճարները:

Պետք է հասկանալ, որ կանխավճարները չեն ծախսվում միայն ամսաթիվն ամրագրելու համար։ Հասկանալի է, որ այն անձը կամ կազմակերպությունը, որը ստանձնել է հարսանիքի անցկացման պարտավորությունը, արդեն որոշակի աշխատանքներ է կատարել։ Եվ այս պարագայում կանխավճարը ծառայում է մնացած աշխատանքը կատարելու և բուն արարողությունը կազմակերպելու համար։

Աղբյուրը. harpersbazaar.com