Carolina Herrera x Cabana տնային պարագաների առաջին հավաքածուն արդեն իրականություն է

Carolina Herrera ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Վես Գորդոնը երկար ժամանակ հիացել է Cabana-ի գլխավոր խմբագիր Մարտինա Մոնդադորի Սարտոգոյի աշխատանքներով: Սակայն նրանք երբեք հանդիպելու հնարավորություն չեն ունեցել: Հենց այդ պատճառով Գորդոնն ընտրեց թվային դարաշրջանում ամենատարածված մարտավարությունը և անձնական նամակ ուղարկեց Սարտոգոյի ինստագրամյան էջին՝ պատմելով, որ նրա մեծ երկրպագուն է և առաջարկելով հանդիպել Նյու Յորքում առաջին իսկ հնարավորության դեպքում:

Մի քանի ամիս անց Cabana-ի գլխավոր խմբագիրն ընդունեց նրա առաջարկը: Սկզբում նրանք պարզապես ընկերներ էին: Բայց շուտով պարզ դարձավ, որ նրանց վիճակված է դառնալ գործընկերներ: Ինչպես պատմում է Գորդոնը, նրանք երկուսն էլ նույն ոգեշնչման աղբյուրն ունեն, երկուսն էլ մեծ սեր են տածում գեղեցկության և փոքր մանրուքների հանդեպ:

Արդյունքում՝ նրանց համատեղ մտքերը կյանքի կոչվեցին Carolina Herrera x Cabana հավաքածուի տեսքով: Սա Նյու Յորքի դիզայներական տան կողմից ներկայացվող տնային պարագաների առաջին հավաքածուն է:

Այն ներառում է ապակե իրեր, սպասք, սեղանի սպիտակեղեն և թեյի հավաքածու: Նրանց ոգեշնչման աղբյուրները բազմաթիվ են. Լատինական Ամերիկայում կատարած ճանապարհորդություններից մինչև Կահիրեի շուկայից ձեռքբերված տեքստիլ: Արդյունքում համարձակ, բայցև դասական հավաքածու է ստացվել՝ զարդարված ձեռագործ նախշերով և ոսկեզօծ դետալներով:

«Համապատասխանություն, ռիթմ կամ պատճառ փնտրել պետք չէ: Եթե դուք պարզապես համադրեք այն ամենը, ինչ սիրում եք, ապա արդյունքը հիանալի կլինի»:

Ստորև ներկայացնում ենք հավաքածուի նմուշներից մի քանիսը:

Աղբյուր՝ Vogue