Ինչպես տարբերել ալերգիան կորոնավիրուսից

Բոլոր ալերգիկները զգուշանալու առիթ ունեն, քանի որ մոտենում է ծառերի փոշոտման շրջանը, իսկ կորոնավիրուսը դեռևս նահանջելու միտում չունի։

Փոշոտման շրջանում, հատկապես ապրիլ և մայիս ամիսների ընթացքում, փռշտոցը, քորը կամ արցունքահոսությունն ավելի հաճախակի են դառնում, և չի բացառվում, որ դուք կամ ձեզ շրջապատող մարդիկ այդ ախտանիշները սխալմամբ դիտարկեք որպես COVID 19-ի նշաններ։

Նյու Ջերսի նահանգի Ռիվերսեյդ բժշկական կենտրոնի ալերգիայի և իմունոլոգիայի բաժնի ղեկավար Մարկ Ուայնշտեյնը նշում է, որ ծառերի փոշոտման շրջանը դեռ նոր է սկսվում, և ապրիլ-մայիս ամիսներին այն հասնելու է իր գագաթնակետին։ Եվ այսպես,  ինչպես հասկանալ և տարբերակել ալերգիան կորոնավիրուսից։

Մարկ Ուայնշտեյնը պարզաբանում է, որ ալերգիային բնորոշ է սուր քորը քթում, աչքերում, ականջներում և կոկորդում։ Այս ամենը «նախնական» նշաններ են, որոնք կարող են լավ ցուցիչ հանդիսանալ։

Ալերգոլոգի կարծիքով կորոնավիրուսի և ալերգիայի միջև գլխավոր տարբերությունը ջերմությունն է, որն առկա է կորոնավիրուսով հիվանդների մեծամասնության մոտ։ Մինչդեռ ալերգիկները գրեթե երբեք չեն ջերմում։

Կուպերի համալսարանի ալերգիայի և իմունոլոգիայի բաժնի ղեկավար Մարիա Լանիա-Հովարթը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշում է, որ երկու դեպքում էլ կարող է քթի առատ հոսք դիտարկվել, սակայն ի տարբերություն ալերգիկների՝ կորոնավիրուսով վարակված անձինք իրենց չափազանց հոգնած և վատառողջ են զգում։

Վայնշտեյնը նաև հավելում է, որ կորոնավիրուսով հիվանդները կարող են աղեստամոքսային համակարգի խանգարումներ ունենալ,  ինչպիսիք են փսխումները, սրտխառնոցը, լուծը, որոնք հազվադեպ են հանդիպում սեզոնային ալերգիաների դեպքում։

Եզրափակելով՝ ալերգոլոգները նշում են, որ անկախ ամեն ինչից՝ ալերգիկները պետք է շարունակեն ընդունել իրենց դեղորայքը, որ կարողանան պահպանել իրենց իմունային համակարգը և պայքարեն կորոնավիրուսի դեմ։

Եվ վերջում, ալերգոլոգների ուղերձը նույնն է, ինչ բոլոր բժիշկներինը. հաճախ լվացեք ձեր ձեռքերը, մնացեք տանը և պահպանեք սոցիալական հեռավորությունը։

 

Աղբյուրը՝ NJ.com