
Պատերազմը և երեխաները
27.09.2020-ին մենք արթնացանք պատերազմում:
Դաժան, անողոք պատերազմ, որ հօդս ցնդեցրեց միլլիոնավոր մարդկանց երազանքներ և հույսեր:
Պատերազմն անկասկած տարբեր կերպ է ազդում մարդկանց հոգեբանության վրա: Ամենախոցելին թերևս կանայք և երեխաներն են:
Առերեսվելով պատերազմին` երեխաները խորը հուզական և հոգեբանական տրավմայի են ենթարկվում, և այս ամենն անկասկած ուղեկցելու է նրանց ամբողջ կյանքի ընթացքում:
Երեխաները, դեռ մանկուց հանդիպելով և տեսնելով նմանատիպ վայրագություններ, ուժեղ ռմբակոծություններ, քարուքանդ շենքեր, հարազատի կորուստ, ոչ մարդկային պայմաններ, սով, կորցնումեն իրենց վստահությունը մեծերի և աշխարհի հանդեպ և հաճախ համոզվում են, որ բռնությունը վեճերն ու խնդիրները լուծելու տարբերակ է` այդպես էլ չհասկանալով ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը:
Թերևս ամենավատ հետքը, որ կարող է թողնել պատերազմը բռնության նոռմալացումն է:
Բռնություն տեսած երեխան ընդունում է բռնության գործողությունները որպես կյանքի նոռմալ, բնական մաս և շարունակում այն սեփական երեխաների, ամուսնու/կնոջ հետ վարվելիս:
Շրջակա միջավայրի սոցիալական գործոնները, ինչպիսիք են նորմալ բնակարանային պայմանները, հագուստը, ուտելիքը, կրթությունը, երեխաների առողջության և բարեկեցության համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչներ են, որոնց խաթարման դեպքում խաթարվում է նաև երեխայի հոգեկան և մտավոր առողջությունը:
Յուրաքանչյուր պատերազմում երեխաները հարկադրված մասնակիցներ են, որոնք ենթարկվում են բռնության բառի բուն և փոխաբերական իմաստով:
Պատերազմը ոչնչացնում է կյանքի բնական անհրաժեշտություններն ու կարիքները, որի պատճառով երեխաները չեն ունենում այնպիսի միջավայր, որը խթանում է առողջ ճանաչողական և սոցիալական զարգացումը:
Շատ դեպքերում երեխաները կորցնում են իրենց հայրերին մարտի դաշտում, իսկ կանայք` ամուսիններին, այսպիսով երեխաները կրկնակի սթրես են տանում խախտված ընտանեկան հարաբերությունների ֆոնին:
Ամուսնուն կորցրած կինը ստիպված է ստանձնել նոր դերեր և պարտականություններ և սեփական երեխայի բարեկեցությունն ապահովելով ու առողջության մասին հոգ տանելով, բախվում է բազմաթիվ խնդիրների և առողջական ռիսկերի, որոնք բացասաբար են անդրադառնում վերջինիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:
Մեր խնդիրն է բարելավել երեխաների հոգեբանությունը պատերազմի ընթացքում, ուստի, առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդ`
- Երեխաները կարիք ունեն խոսելու, ավելի քան երբևէ:
Խոսեք նրանց հետ անկեղծ և իրենց հասկանալի լեզվով: Լսեք նրանց, նրանց կարծիքը կատարվածի վերաբերյալ: Անշուշտ փոքրիկները վախեցած և հուզված կլինեն: Նրբորեն բացատրեք, որ վախը նորմալ զգացողություն է, հաղթահարելի է, մշտական չէ, իսկ այ դուք մշտապես իրենց կողքին եք լինելու` պատրաստ հոգ տանելու և պաշտպանելու:
- Նախապատրաստեք երեխաներին տագնապի ազդանշաններին
Խաղի տեսքով միասին սովորեք արտակարգ իրավիճակի կաննոնները և կիրառելիությունը:
- Հնարավորինս զերծ պահեք ձեր երեխային պատերազմական լրահոսից (հեռախոս, ինտերնետ,հեռուստացույց, թերթեր):
- Հոգ տարեք ինքներդ ձեր մասին:
Հիշե~ք, ձեր երեխային ուժեղ ծնող է հարկավոր, ում վրա նա կարող է հույս դնել: Եթե դուք չկարողանաք կառավարել ձեր հույզերն ու էմոցիաները, չեք կարողանա օգնել և պաշտպանել ձեր երեխային:
- Եվ, ամենակարևորը`շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխայի հետ, շատ սիրեք, շատ գուրգուրեք և շատ խաղացեք:
Սակայն, մենք` ծնողներս, ևս մարդ ենք, և միգուցե ինքներս ունենանք օգնության կարիք: Այդժամ կարող ենք դիմել հատուկ մասնագետների, հոգեբանների:
Պատերազմից տուժած երեխաների փշրված կյանքերի վերակառուցումը և հետագա կյանքում պայծառ ապագա կերտելու համար աջակցություն ցուցաբերելը պետության, հասարակական կազմակերպությունների և ուղղակի բոլորիս ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա:
Հեղինակ՝ Դիանա Սամվելյան