Մանկական ագրեսիա. պատճառներ, հետևանքներ և խորհուրդներ

Մայրանալուց առաջ, դեռևս ընտանիք կազմելու ճանապարհին, մեր երազանքներում ծնողի և բալիկի միջև հարաբերություններն իդեալական են, երեխաները՝ խելոք, հանգիստ, լավ քնող, լավ ախորժակով, ու երբ իրական կյանքում իրականությունն ամենևին նման չէ մեր երազանքներին, մենք կանգնում ենք խնդրի առջև:

Ցավոք, դաստիարակության ընթացքում տասնյակ  հարցերի ենք բախվում, որոնցից ամենահաճախ հանդիպողը ագրեսիան է:

Ի՞նչ է ագրեսիան, ինչո՞ւ է վտանգավոր, որո՞նք են դրդապատճառներն ու պատճառները և ամենակարևորը՝ ինչպե՞ս օգնել ագրեսիվ վարք ունեցող երեխային: Այս հարցերին կփորձենք անդրադառնալ այս հոդվածում:

Վստահ եմ գիտեք, որ երեխաները արտացոլում են այն, ինչ տեսնում և ստանում են: Սա անքննելի է: Բռնություն, անհարգալից վերաբերմունք, անուշադրություն և վիրավորա՞նք են ստանում, պատասխանը չի ուշանա, նա կպատասխանի աշխարհին նույն կերպ՝ վիրավորանքով, անուշադրությամբ, անհարգալից վերաբերմունքով, բռնությամբ:

Տվեք երեխաներին սեր և քնքշանք, և նրանք աշխարհին սիրով և քնքշանքով կպատասխանեն:

 Կյանքի բոլոր փուլերում մենք՝ մեծահասակներս, ագրեսիայի և բռնության դիմում ենք, երբ  անօգնական և թույլ ենք: Սա արվում է ինքներզ մեզ ու մեր սահմանները պաշտպանելու համար: Իսկ ինչո՞ւ են փոքրիկները դիմում ագրեսիայի և բռնության, իրավացի եք, նույն պատճառով՝ իրենց և իրենց սահմանները պաշտպանելու համար:

Կան արձագանքի տարբեր տեսակներ, երեխան կրկնօրինակում է մեր արձագանքը, և, եթե, մեր արձագանքը բացասական է, այն դրոշմվում է երեխայի հիշողության մեջ և ամրագրվում վարքում: Երբ մենք գոռում ենք երեխայի վրա, նա դա ընկալում է որպես հիմք և հետագայում օգտագործում մեր և ամբողջ աշխարհի դեմ:

Հիշե՜ք, ցավեցնում է նա, ում ցավեցրել են: Եվ ցավեցնում է այն մեթոդներով, որով իրեն են ցավեցրել: Փակ շղթա է ստացվում:

 Առաջին անգամ, երբ ուժեղ բարկացա աղջկաս վրա, նա սկսեց լացել, ես՝ ավելի ուժեղ, նա իրեն անօգնական էր զգում, ես ավելի անօգնական էի: Ես պարզապես իրավունք չունեի, չէ որ նա մեղավոր չէ իմ չստացված օրվա, սպասելիքների, և խնդիրների համար: Կարծում եմ ձեզ մոտ ևս հուզական պոռթկումներ եղել են, և վստահ եմ զգացել եք նույնը, ինչ ես:

Հիմա փորձենք տարբերակել ագրեսիայի տեսակներն ու հասկանալ դրանց դրսևորումները:

Ագրեսիան ֆիզիկական (երբ հարվածում են, ծեծում, ջարդում, փչացնում) կամ բանավոր (երբ վիրավորում են, ահաբեկում, գոռում) վարքն է՝ ուղղված անձին կամ առարկային վնաս պատճառելուն:

Այն դրսևորվում է լացի, վիրավորանքի, ծաղրի, ուժեղ մրցակցության, զայրույթի, ֆիզիկական հարձակումների, կռիվների, խաղալիքները ջարդելու, ավելի փոքր տարիքի երեխաների մոտ կծելու, ոտքերով հարվածելու, ճչալու միջոցով:

 

Սա օգնության կանչ է, ուշադրություն գրավելու միջոց, ազդակ ծնողների և շրջակա միջավայրի համար, որ երեխան կարիք ունի սիրո և ջերմության, հասկացված լինելու կամ միգուցե փոքրիկ ջերմ գրկախառնության: Ագրեսիան հուզական հավասարակշռության հասնելու համար սեփական ցանկություններն ու կարիքները բավարարելու փորձ է: Սա արվում է նաև սեփական անձին վնասելու գնով. կրծում են  եղունգները, պոկում թարթիչները, կտրում մազերը, ցավեցնում իրենց:

Այս խնդիրներից խուսափելու կամ գոնե ժամանակին հասկանալու և ճիշտ գործելու նպատակով առանձնացրել ենք մի քանի քայլ

  1. Հիշե՜ք, երեխայի համար միշտ ավելի դժվար է, ավելի ցավոտ, ավելի բարդ: Ցանկացած հարցին մոտենում ենք հանգստությամբ, ըմբռնումով և կարեկցանքով:

 

  1. Խնդիրը լուծելու համար պետք է պարզել դրդապատճառը. ի՞նչն է դրդում երեխային նման վարք դրսևորել, ինչի՞ կարիք ունի երեխան, ի՞նչ է ակնկալում ստանալ նման վարքի միջոցով:

 

  1. Հարգե՛ք ձեր երեխաներին, նրանք անհատներ են, ովքեր ունեն սեփական կարծիքն այս կամ այն հարցի շուրջ, սեփական ցանկությունները և ինքնուրույն դատելու կարողություն: Մի՛ զրկեք նրանց դրանցից, հետագայում մեծերի աշխարհում նա կունենա մի շարք բարդույթներ:

 

  1. Սովորեք ներողություն խնդրել ձեր երեխայից, երբ սխալ եք, հավատացեք, երեխաներն ամենաբարի ու ներողամիտ էակներն են, նրանք անմիջապես կվազեն ձեր գիրկը ու կասեն, թե ինչքան են սիրում ձեզ:

 

  1. Գովաբանեք ձեր երեխաներին ուղղակի և անուղղակի. ցածր ինքնագնահատականով երեխաները ենթագիտակցորեն սկսում են պաշտպանվել արտաքին աշխարհից ագրեսիվ վարքի միջոցով:

 

  1. Պետք է ընդունենք, որ բացասական էմոցիա ունենալը ևս նոռմալ է, երեխան չպետք է վախենա արտահայտելու դրանք:

 

Ամփոփելով այս կարևոր թեման՝

Վաղ թե ուշ բոլոր ծնողներն էլ բախվում են երեխայի ագրեսիվ վարքի հետ: Այդ դժվար պահերին կարևոր է սթափ դատել իրավիճակը, և լուծել խնդիրը միայն ու միայն սիրո, քնքշանքի, կարեկցանքի, ջերմության, գնահատանքի և սեփական երեխայի հանդեպ հարգանքի միջոցով:

Հեղինակ՝ Դինա Սամվելյան