Մառլեն Դիտրիխ. Իսկական կինը չի անհանգստանում, այլ անհանգստացնում է

Երբ մարդիկ ասում են՝ «Ես արեցի՝ ինչ կարող էի», դա նշանակում է, որ նրանք թերագնահատում են իրենց:

Եթե անգամ չեք տեսել նրա դերակատարմամբ ֆիլմեր, սակայն Մառլեն Դիտրիխին չճանաչել ուղակի անհնար է։ Արիստոկրատ արտաքինով՝ բարձր այտոսկրերով, նրբագեղ մարմնով գերմանացի այս դերասանուհին հայտնի է որպես ճակատագրական կին։ Մառլեն Դիտրիխի սիրավեպերի մասին շշուկները չեն դադարել անգամ մեր օրերում, իսկ նրա սիրելիների շարքում են եղել այնպիսի աշխարհահռչակ գրողներ ու դերասաններ, ինչպիսիք են Էրիխ Մարիա Ռեմարկը, Էռնեստ Հեմինգուեյը, Ջեյմս Ստյուարտը, Ժան Գաբենը, Գերի Քուփերը։  Այդուհանդերձ քչերին է հայտնի հռչակավոր դերասանուհու մարդասիրական գործունեությունը երկրորդ համաշխարհայինի ժամանակ։

Երջանկությունը միշտ գալիս է աշխատասերների մոտ։

Մարիա Մագդալենա Դիտրիխը ծնվել է բավականին հարուստ ընտանիքում։ Ընտանիքի ֆինանսական կարգավիճակը Դիտրիխին հնարավորություն է տվել ստանալ փայլուն կրթություն, ինչպես նաև օտար լեզուների տիրապետելու հմտություն։ Աղջկա մանկության տարիների երազանքը ջութակահար դառնալն էր, սակայն նա ստիպված է լինում հրաժարվել երազանքից՝ դաստակի վնասվածքի պատճառով։ Տասը տարեկանում Դիտրիխը համադրելով իր երկու անունները՝ իր համար ստեղծում է Մառլեն անունը։ Մառլեն Դիտրիխը մանկուց հետաքրքրված էր թատրոնով ու պոեզիայով, իսկ կարերայում առաջին քայլերը նա  արել է որպես երգչուհի։

Անխուսափելին անհրաժեշտ է ընդունել արժանապատվությամբ։

20-ական թվականների սկզբին Մառլենը փորձում է ընդունվել աշխարհահռչակ վարպետ Մաքս Ռեյնհարդտի թատրոնը։ Բազմաթիվ փորձերից հետո Դիտրիխին հաջողվում է ընդունվել թատերական դպրոց, որտեղ էլ բացի դերասանի վարպետություն ուսումնասիրելուց, Մառլենը մշակում է ձայնը։ Սկզբնական շրջանում կինոյում խաղալով էպիզոդիկ դերեր Մառլենը վստահությամբ առաջ է շաժվում։ Նրա գլխապտույտ կինոկարիերան սկսվում է «Կապույտ հրեշտակ» ֆիլմով, որից հետո դերասանուհու համբավը տարածվում է նաև Գերմանիայի սահմաններից դուրս, համաշխարհային կինոաստղի փառք ստեղծելով։ Հատկանշական է որ, Դիտրիխին անվանել են «գերմանական Գրետա Գարբո» նրա ողջ  կարերայի ընթացքում պարբերաբար համեմատելով և հակադրելով շվեդուհի կինոդիվայի հետ։

Իսկական կինը չի անհանգստանում, այլ անհանգստացնում է։

Դիտրիխը մշտապես շրջապատված է եղել նշանավոր տղամարդկանցով, բնականաբար չունենալով երկրպագուների պակաս։ Նա ճակատագրական կնոջ դեր  է խաղացել  ոչ միայն կինոյում՝ այլև հարյուրավոր տղամարդկանց կյանքերում։ Բավական է նշել, որ նա Է.Մ.Ռեմարկի գրած ամենահայտնի  «Հաղթական կամար» վեպի հերոսուհու՝ Ժոան Մադուի կերպարի նախատիպն է։ Հանուն նրա հետ հանդիպման գնացքի անիվների տակ է մահացել լեհական կինոյի աստղ Զբիգնև Ցիբուլսկին։

Ընկերությունն ավելի ուժեղ է միավորում մարդկանց, քան սերը։

Է․Հեմինգուեյի հետ ունեցած իր հարաբերությունների մասին Դիտրիխն իր հուշերում գրել է՝«Իմ սերը Հեմինգուեյի հանդեպ անցողիկ հրապուրանք չէր: Մենք երբեք միաժամանակ չենք եղել նույն քաղաքում երկար ժամանակ: Կա՛մ նա էր ինչ-որ աղջկանով տարված, կա՛մ ես էի զբաղված, երբ զբաղված չէր նա… այսքանը»։

1982 թվականին երկարատև բանակցություններից հետո Դիտրիխը թույլ է տալիս, որ իր մասին դոկումենտալ ֆիլմ նկարահանեն, պայմանով՝ որ ֆիլմում կսլվի իր ձայնը, իսկ ինքը կադրից դուրս կմնա։ Այսպիսով՝ 1984 թվականին էկրաններ է բարձրանում «Մառլեն» ֆիլմը, որում բացի անկեղծ հարցազրույցից ներառված են նաև հատվածներ նրա կատարած դերերից։

Մառլեն Դիտրիխը պատմության մեջ մնաց ոչ միայն որպես տաղանդավոր և գեղեցիկ աստղ, այլ նաև՝ ուժեղ ու ինքնավստահ կին, ով չվախեցավ անգամ ֆաշիստական Գեմանիայի  իշխանություններից։

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան