Մայր Թերեզա. Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք

Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավը ու ավելի երջանիկ դարձած:

Մայր Թերեզայի անունը հայտնի է աշխարհում բոլորին՝ անգամ երեխաներին, նրա անունը հոմանիշ է դարձել գթասրտության ու բարության։ Մայր Թերեզայի կյանքն ու գործունեությունը ապացուցում են, որ պատմության էջերում մնալ կարելի է ոչ միայն հաղթանակների ու պայքարի գնով, այլև անշահախնդիր սիրո ու բարեսրտության շնորհիվ։

Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն և սիրեք ձեր սեփական ընտանիքը:

Ծնված լինելով բավականին հարուստ կաթոլիկ ընտանիքում, Ագնես Գոնջե Բոյաջիուն (այդպես էր աղջնակի անունը, որը հետագայում աշխարհին հայտնի կդառնա Մայր Թերեզա անունով) մանկուց իր աչքերի առջև ուներ մոր ու հոր օրինակը, որոնք մշտապես իրենց ունեցվածքից բաժին էին հանում աղքատներին։ Ագնեսը վաղ տարիքից սովորեց, թե ինչ են կարեկցանքն ու սերը կարիքավորի հանդեպ։ Նա երազում էր օգնել մարդկանց և իր կյանքը նվիրաբերել հիվանդներին։

Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:

Դպրոցն ավարտելուց հետո Ագնեսը մեկնում է Իռլանդիա, միանալով «Իռլանդացի Լորետա քույրեր» միաբանությանը։ Ընդունելով կուսակրոնություն, Ագնեսը ստանում է Թերեզա անունը և երդվում կարեցածի չափ օգնել աղքատներին ու հիվանդներին։

Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։

Մեկնելով Հնդկաստան Թերեզան տեսնում է մինչ այդ իրեն անհայտ ու ծայրահեղ աղքատություն։ Այստեղ նա որոշում է հիմնել գթասրտության խումբ, որը կզբաղվեր հիվանդների, սովյալների ու աղքատների համար հիվանդանոցների, մանկատների, կեցավայրերի ստեղծմամբ։ Նրա օգնությունից կարող էին օգտվել բոլոր կարիքավորները՝ անկախ ազգային, սեռական, ռասսայական և կրոնական պատկանելիությունից։

Եթե հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է՝ ձգտեք հաջողության:

Մայր Թերեզայի գործունեությունը մեծ արձագանք է ստանում՝ նրանով հիանում են աշխարհի բազմաթիվ ազդեցիկ քաղաքական և կրոնական գործիչներ, գործարարներ և գրողներ՝ Հռոմի Պապից մինչև լեդի Դիանա։ Թերեզան ստանում է խոշոր դրամական նպաստներ, դրանք ուղղելով աշխարհի տարբեր ծայրում Գթության տների ստեղծմանը, այպիսով նրա գործունեությունը չի սահմանափակվում Հնդկաստանով։

Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։

Այդպես էլ՝ իր սպիտակ լաթե սարիով, փայտե սանդալներով ու իրեն հատուկ պարզ, միամիտ ժպիտով Մայր Թերեզան 1979 թվականին ներկայանում է՝  ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակը, շեշտելով, որ իր ստացած պարգևները պատկանում են աղքատներին։

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան