Սիմոնա դը Բովուար. Մարդկային կյանքն իմաստ ունի քանի դեռ այն սիրո դեմ պայքարի օգնությամբ իմաստ է հաղորդում մյուսների կյանքին

Մարդկային կյանքն իմաստ ունի քանի դեռ այն սիրո, ընկերության, կարեկցանքի և անարդարության դեմ պայքարի օգնությամբ իմաստ է հաղորդում մյուսների կյանքին: Այսպիսին էր ֆրանսուհի Սիմոնա դը Բովուարի կյանքի կարգախոսը:

Սիմոնա դը Բովուարը 20-րդ դարի ամենավառ կերպարներից է՝ գրող, փիլիսոփա, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկ: Սիմոնա դը Բովուարը երբեք էլ իրեն ֆեմինիստ չի համարել, չնայած նրա գրական երկերից թերևս ամենահայտնին՝ «Երկրորդ սեռը»,  դարձել է ֆեմինիզմի մանիֆեստը: Գաղտնիք չէ, որ քսաներորդ դարասկզբին կանայք գրականության մեջ չունեին ուղղակի ազդեցություն: Իհարկե անժխտելի է, որ պատմության մեջ մինչև քսաներորդ դարը եղել են տաղանդավոր կին գրողներ, բայց կանանց գրականությունը մշտապես  ստվերում է մնացել:

Սիմոնա դը Բովուարը աշխարհում թվով իններորդ՝ Սորբոնի համալսարանն ավարտած կինն է: Նա կարողացավ գրական ասպարեզ մտնել այնպիսի բարդ և իրադարձություններով լի ժամանակահատվածում, երբ ֆրանսիական գրական շրջանակներում մտավորականությունը տարված էր  էքզիստենցիալիզմի գաղափարներով: Սիմոնան կարողացավ ոչ միայն հավասարը հավասարի պես մասնակից դառնալ հայտնի գրողների գրական քննարկումներին և բանավեճերին, այլ նաև հստակորեն ունենալ սեփական կարծիքն ու համոզմունքները ցանկացած երևույթի և հարցի վերաբեյալ: Սիմոնան ֆրանսիական էքզիստենցիալիզմի գաղափարախոս, աշխարհահռչակ գրող և փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի ուղեկից-մուսան էր: Հենց Սարտրն էր նրա կյանքի մեծագույն սերը: Նա իմ կրկնօրինակն էր, նրա մեջ ես հայտնաբերեցի իմ բոլոր ճաշակներն ու նախասիրությունները:

Սիմոնան ու Ժան-Պոլը ամուսնությունը կեղծ ձևականություն էին համարում և դեմ էին հարաբերությունները «օրինականացնելուն», չնայած որ  ուսանողական տարիների հանդիպումից ի վեր միասին էին՝ աջակցելով ու ոգեշնչելով մեկմեկու: ՊԵտք է շեշտել, որ Սիմոնա դը Բովուարը ամենևին էլ Ժան-Պոլ Սարտրի գրական ազդեցության ներքո չի եղել. բազմաթիվ հարցերում զույգը տարակարծիք էր: Սարտրի համաշխարհային գրական փառքի կողքին դը Բովուարը չի կորցնում գրողի իր դիմագիծն ու ինքնությունը և հստակ, սթափեցնելու աստիճան անկեղծ ու համարձակ գրական ոճի համար արժանանում է Գոնկուրյան մրցանակի:

Սիմոնան լիովին ինքնուրույն էր, խիզախ, ինքնավստահ: Արիստոկրատների ընտանիքից սերող, բավականին բարդ մանկություն ունեցած այս կինը դեռևս երիտասարդ տարիքից աչքի էր ընկնում իր կամային հատկանիշներով, բարձր ինտելեկտով ու չէր վախենում բարձրաձայնել կանանց խնդիրների և իրավունքների մասին այն ժամանակներում, երբ դա նույնիսկ վտանգավոր էր:

Այն օրը, երբ կինը կկարողանա սիրել իր ուժի, այլ ոչ թե թուլության հաշվին,  երբ  կկարողանա սիրել ոչ թե ինքն իրենից փախչելու, այլ իրեն գտնելու կամ վերագտնելու համար, այն օրը, երբ կինը կկարողանա սիրել ոչ թե իրենից երես թեքելու, այլ իրեն հաստատելու համար, այդ օրը սերը նրա և տղամարդու համար կդառնա ոչ թե մահացու վտանգ, այլ կյանքի աղբյուր:

Անհրաժեշտ է հասկանալ, որ Սիմոնա դը Բովուարը սեռերի միջև հավասարության կողմնակից էր: Նա այն համոզմունքն ուներ, որ կանայք և տղամարդիկ տարբերվում են հոգեբանությամբ, պատմական և կենսաբանական նշանակությամբ, սակայն սեռերից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, ուստի պետք է պայքարել ոչ թե իրար դեմ, այլև՝ պարքարել միասին հանուն միասնականության գաղափարի: Այս գաղափարի ոգեկոչումն ու փայլուն օրինակն էլ հենց Սիմոնա դը Բովուարի և Ժան-Պոլ Սարտրի մի ողջ կյանք տևած միությունն է:

Աղբյուր՝ Էլեն Դանիելյան