Էլեոնոր Ռուզվելտ. Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը:

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը: Այս  խոսքերը ոգեշնչել են շատերին, և այսօր էլ շարունակում են մնալ չափազանց արդիական:

Էլեոնոր Ռուզվելտը աշխարհին հայտնի է ոչ միայն որպես ԱՄՆ-ի նախագահ Ֆրենկլին Ռուզվելտի կին (Էլեոնորը ամերիկացիների բոլոր ժամանակների ամենից սիրված առաջին տիկինն է), այլ նաև որպես՝ դիվանագետ, գրող, մարդու իրավունքների պաշտպան, հասարակական-քաղաքական գործիչ, պացիֆիստ:

Դեռ մանկության տարիներից Էլեոնորը աչքի էր ընկնում լրջությամբ և խորաթափանցությամբ, այդ պատճառով էլ հասակակիցները նրան հաճախ ծաղրում էին: Ծնված լինելով բարձրաշխարհիկ ընտանիքում և լինելով նախագահ Թեոդոր Ռուզվելտի ազգականուհին` Էլեոնոր Ռուզվելտը ստանում է փայլուն կրթություն, վաղ տարիքից սիրում է ընթերցանությունը, ապա նաև սկսում է գրի առնել սեփական հուշերը:

Պատանեկության տարիներին կորցնելով ընտանիքը, Էլեոնորը մնում է տատիկի հետ: Նա դեռևս դեռահասության տարիներից համոզված էր, որ իր կյանքի նպատակը մարդկանց օգնելն է: Ի  տարբերություն մոր, Էլեոնորը գեղեցկուհի չէր, բայց  վստահ էր, որ «կինը որքան էլ հասարակ լինի, եթե նրա դեմքին անկեղծությունն ու հավատարմությունն են դրոշմված, ապա նա կգրավի բոլորին»:

Ուսումն ավարտելուց հետո Էլեոնոր Ռուզվելտը  ամուսնության առաջարկություն է ստանում իր հեռավոր ազգական Ֆրենկլին Ռուզվելտից: Երիտասարդ քաղաքական գործչի կայացման գործում, ինչպես վերջինս է բազմիցս նշել, չափազանց մեծ է եղել Էլեոնորի դերը: Էլեոնորը ամեն կերպ աջակցում էր ամուսնուն, օգնում էր նրան ելույթները պատրաստելիս, մասնակցություն էր ունենում քաղաքական քննարկումներին: Ես միշտ ասում էի Ֆրենկլինին, որ եթե ես հասկանամ իր ելույթը, ապա ցանկացած ոք կհասկանա:

Մի անգամ Էլեոնորը Ֆրենկլինի փաստաթղթերը ուսումնասիրելիս, պատահաբար հայտնաբերում է ամուսնու և նրա քարտուղարուհու սիրային նամակները, ինչից հետո ցուցաբերում է բացառիկ վեհություն՝ որոշում է Ֆրենկլինի քաղաքական կարիերան սկանդալից պաշտպանելու համար խուսափել հրապարակային սկանդալից՝ ամուսնալուծությունից: Այդ օրվանից Էլեոնորի և Ֆրենկլինի կապը դառնում է քաղաքական դաշինքի և մարդկային ընկերության յուրահատուկ դրսևորում: Էլեոնորը էլ ավելի մեծ թափով է սկսում զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, պայքարում է հանուն  կանանց և երեխաների իրավունքների,  կրոնական և ռասսայական խտրականության դեմ:

Անգամ այն դժվարին շրջանում, երբ պոլիոմելիտով վարակվելուց հետո Ֆրենկլին Ռուզվելտը դառնում է հաշմանդամ՝ գամվելով անվասայլակին, Էլեոնորը շարունակում է քաջալերել նրան, նրա անունից հասարակության առջև ելույթներ է ունենում:

Ռուզվելտի նախագահության տարիներին, առաջին տիկինը շարունակում է օգնել մարդկանց, հրապարակային ելույթներից, հեռուստատեսային և ռադիո-հարցազրույցներից գոյացած հասույթը տրամադրելով բարեգործական ֆոնդերին: Նա պայքարում է 48-ժամյա աշխատանքային շաբաթվա հաստատման,  նվազագույն աշխատավարձի սահմանման  և անչափահասների աշխատանքի սահմանափակման համար: Ամուսնու մահվանից հետո Էլեոնորը չի դադարում զբաղվել քաղաքականությամբ: 1945 թվականի դեկտեմբերին նախագահ Հարի Թրումանը Էլեոնոր Ռուզվելտին նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պատվիրակ: Էլեոնորը բացի տաղանդավոր քաղաքական և հասարակական գործիչ լինելուց, նաև օժտված էր բացառիկ մարդկայի արժանիքններով, այդ է պատճառը, որ նա սիրված էր բոլորի՝ անգամ իր քաղաքական հակառակորդների կողմից:

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան