Կոկո Շանել. Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:

Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել: Այս համոզմունքն ուներ հավերժ մադմուազել Կոկոն: Գաբրիել «Կոկո» Շանելը հեղաշրջել է 20-րդ դարի պատմությունը՝ փոխելով հասարակության  կնոջ հանդեպ վերաբերմունքը:

Քսաներորդ դարասկզբին կանայք դեռևս կրում էին երկարաշունչ, բազմաշերտ շրջազգեստներ, անհարմար կորսետներ, ծավալուն գլխարկներ: Եվ ահա նորաձևության աշխարհ է ներխուժում փխրուն ու համարձակ այս կինը, հիմնովին փոխելով կանացի զգեստապահարանի պարունակությունը: Շանելը իր ստեղծած հագուստի էլեգանտ, մինիմալիստական, բայց կանացի ոճին ավելացնում է տղամարդկանց զգեստապահարանի որոշ տարրեր՝ գլխիվայր շրջելով փարիզյան նորաձևությունը:

Այսպիսով,  կանայք առաջին անգամ հնարավորություն են ստանում կրելու տաբատ և կոստյում, առանց քննադատության և խիստ հայացքների արժանանալու: Սա հեղափոխություն էր ոչ միայն հարմարավետության տեսանկյունից, (չէ՞ որ պատերազմից հետո բազմաթիվ կանայք ստիպված էին կատարել տղամարդու աշխատանք), այլև սիմվոլիկ քայլ էր դեպի իրավահավասարությունը:

Եթե ծնվել եք առանց թևերի, ապա մի խանգարեք, որ դրանք աճեն: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ Գաբրիելը վաղ տարիքում կորցնում է մորը, իսկ հայրը վերջինիս մահից հետո լքում է աղջկան: Երիտասարդ աղջիկը որոշ ժամանակով հայտնվում է կաթոլիկ որբանոցում, և հենց այստեղ է բացահայտում կարուձևի հանդեպ իր սերն ու տաղանդը:

Տասնութ տարեկանում Գաբրիելը հագուստի բուտիկում վաճառողուհու աշխատանք է գտնում, միաժամանակ երգում է կաբարեներում: Չնայած որ նրան վիճակված չէր հայտնի դառնալ՝ որպես երգչուհի, սակայն կաբարեում նա ձեռք է բերում իր այցեքարտը դարձած «Կոկո» կեղծանունը: Քսաներկու տարեկանում Շանելը հանդիպում է երիտասարդ գործարար Արթուր Կեյպելին, ում օգնությամբ էլ տեղափոխվում է Փարիզ, որտեղ բացում է գլխարկների իր առաջին խանութը: Շուտով Շանելի ջանքերը հաջողությամբ են պսակվում և նա որոշում է նորաձևության տուն բացել: Աստիճանաբար Շանելի հաճախորդների թվին են ավելանում հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, բարձրաստիճան պաշտոնյաների տիկնայք և Մադմուազելը մուտք է գործում արիստոկրատական միջավայր՝ ընկերական կապեր հաստատելով անվանի ռեժիսորների, գրողների, արվեստագետների հետ:

Խնամքը պետք է սկսել ներսից՝ գեղեցկացնելով հոգին, այլապես ոչ մի շպար չի օգնի: Շանելի զինանոցում են հայտնվում հեղափոխական Chanel №5 օծանելիքը, կանացի կոստյումը, «փոքրիկ սև զգեստը», գրպանով պայուսակը. նա դառնում է Փարիզի նորաձևության թելադրողը:

Կա աշխատելու և սիրելու ժամանակ: Ուրիշ ժամանակ գոյություն չունի: Ապրելով ու ստեղծագործելով սիրո քաղաքում՝ Փարիզում, Շանելը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, սակայն երբեք չի ցանկացել ամուսնանալ, պատմության մեջ մնալով որպես հավերժական մադմուազել: Այնուամենայնիվ, նրա և Արթուր Կեյպելի սիրավեպը թերևս ամենից բուռնն է եղել նրա կյանքում: Կեյպելը առաջինն էր, որ նրա մեջ տեսավ ապագա մեծ կուտյուրիեին: Խոսակցությունների համաձայն Կոկոն հենց նրա մահից հետո է ստեղծել իր «փոքրիկ սև զգեստը», քանի որ չունենալով օրինական այրու կարգավիճակ, չէր կարող սուգ խորհրդանշող սև հանդերձանք կրել:

Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է: Կոկո Շանելը կանանց ազատեց ոչ միայն անհարմար, ճնշող հագուստից, այլ նաև նախապաշարմունքներից և կարծրատիպերից՝ փոխելով մտածողությունը: Նա  ոչ միայն պատմության մեծագույն կին մոդելյերն է, այլ նաև հայտնի է իր դիպուկ ու սրամիտ դատաղություններով ու մտքերով, որոնք օգնել են միլիոնավոր կանանց դառնալ ինքնավստահ և գնահատված:

Հեղինակ՝ Էլեն Դանիելյան