
Ֆրիդա Կալո. Ես նկարում եմ իմ սեփական իրականությունը
Սա տղամարդկանց աշխարհն է, բայց այն ոչինչ է՝ առանց կանանց: Սրանք Ջեյմս Բրաունի հայտնի երգի խոսքերն են: Պատմությունը ցույց է տվել, որ ուժեղ կինը ինքն է ստեղծում իր սեփական աշխարհը: Հաջողակ և կայացած կինը հիացրել և ոգեշնչել է միլիոնավոր տղամարդկանց և օրինակ դարձել միլիոնավոր կանանց համար: Այսուհետ, յուրաքանչյուր շաբաթ, Ձեզ ենք ներկայացնելու պատմություններ՝ քսաներորդ դարասկզբից մինչև մեր օրերում ապրող բացառիկ կանանց մասին:
Նրանք ամենատարբեր մասնագիտությունների կրողն են, ունեն տարբեր ազգային պատկանելիություն, լեզու և կրոն, սակայն նրանց միավորում է հավատը սեփական ուժերի նկատմամբ և աշխարհն ավելի գունեղ ու լուսավոր դարձնելու երազանքը:
Ֆրիդա Կալո (1907 -1954)
Ես երբեք չեմ նկարում երազներ կամ մղձավանջներ: Ես նկարում եմ իմ սեփական իրականությունը:
Մեքսիկացի նկարչուհու ինքնանկարները հայտնի են բոլորին, բավական է միայն մեկ անգամ տեսնել նրա տարբերվող արտաքինն ու խիտ հոնքերը, կտավների՝ հաճախ ֆանտաստիկ, միֆոլոգիական ենթատեքստ ունեցող սյուժեները և անհնար կլինի մոռանալ Ֆրիդայի կերպարը: «Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ես շատ հաճախ եմ միայնակ լինում և քանի որ ես միակ բանն եմ, որն ամենից լավ եմ ճանաչում»:
Ֆրիդայի արտաքինն առաջացրել և առաջացնում է հակասական կարծիքներ․ ոմանք նրան համարում են չափազանց հմայիչ և կանացի, ոմանք էլ՝ անսահման տգեղ: Անկախ այս հանգամանքից, անժխտելի է Ֆրիդայի, որպես նկարչի, մեծությունը: Նրա նկարները պարունակում են խորհրդանիշներ, արտասովոր երանգներ և թեմաներ: Պատահական չէ, որ նրա ոճը հաճախ համեմատում են մեկ այլ աշխարհահռչակ սյուրռեալիստ-նկարչի՝ Սալվադոր Դալիի ոճի հետ:

Պատանեկության տարիներին տեղի ունեցած դժբախտ պատահարի (ավտովթարի) հետևանքով Ֆրիդան ստացել է բազմաթիվ ծանր վնասվածքներ և իր կարճատև կյանքի ողջ ընթացքում գամված է եղել անկողնուն: Սակայն սա բնավ չի խանգարել աղջկան՝ հետևել նկարիչ դառնալու երազանքին, գտնել իր «ես»-ը, ուսումնասիրել աշխարհը, ունենալ բուռն սիրավեպ, և անգամ դառնալ մի քանի հայտնի տղամարդկանց մուսան:
Ոտքերն ինչի՞ս են պետք, եթե ես թևեր ունեմ թռչելու համար: Տաքարյուն, զգացմունքային, կենսասեր, հակասական բնավորության գծերով օժտված այս կինը նկարում էր պառկած՝ նրա մահճակալի վերևում հայելի էր կախված, իսկ կտավները հատուկ հարմարանքով ամրացվում էին անկողնուն: Հաշմված ոտքերը թաքցնելու նպատակով՝ Ֆրիդան մշտապես կրում էր երկար շրջազգեստ։ Նրա զգեստների գունապնակը նույնքան վառ էր, որքան իր կտավներինը: Ֆրիդայի անձնական կյանքը մշտապես պարուրված է եղել մշուշով․ նրա կենսագրության տարբեր աղբյուրներում նրան են վերագրում մի քանի սիրավեպեր, սակայն նրա կյանքի մեծագույն սերը համարվում է նկարիչ Դիեգո Ռիվերան, ում հետ Ֆրիդայի ամուսնությունը տևել է ընդամենը մեկ տարի: Դիեգոն ես եմ, Դիեգոն իմ տիեզերքն է: Ամենն, ինչ իմ աչքերը տեսնում են, ինչին ես դիպչում եմ ցանկացած հեռավորությունից՝ Դիեգոն է:
2002 թ.-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Ֆրիդա կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է դերասանուհի Սալմա Հայեկը:
Ֆրիդա Կալոն բոլոր ժամանակների ամենահայտնի նկարչուհին է, ով կարողացել է ստեղծել ի՛ր աշխարհը: Նրա կյանքն ապացույցն է այն բանի, որ երազանքները կատարվում են, պարզապես անհրաժեշտ է համառորեն հետևել դրանց և երբեք չհանձնվել:
Հեղինակ՝ Էլեն Դանիելյան