7 ճշմարիտ փաստեր մայրության առաջին տարվա մասին

Ծնող դառնալը բավականին մեծ պատասխանատվություն է, և շատ հաճախ մենք խուճապի ենք մատնվում՝ փորձելով գտնել ամենաճիշտ և ամենակատարյալ լուծումները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ճշմարտություն մայրության առաջին տարվա մասին, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար այդ դժվարին, բայցև այնքան հաճելի փուլում։

Փաստ 1. Ծնողավարությունը հեշտ գործ չէ, բայց պետք է կարողանալ վայելել այն:

Դուք ամեն բացվող օրվա հետ հասկանալու եք, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր երեխան այլևս նույնը չեք։ Շատ հաճախ այդ փոփոխությունները տեղի են ունենալու հենց ձեր աչքի առաջ ժամերի, րոպեների ընթացքում։ Դուք կարող եք ունենալ և՛ լավ, և՛ վատ օրեր, լավ ու վատ որոշումներ։  Հավանաբար, դուք նաև շատ սխալներ թույլ կտաք։ Այնուամենայնիվ, փորձեք ավելի ներողամիտ լինել ինքներդ ձեր նկատմամբ՝ մշտապես հիշելով, որ դուք շատ սիրված եք և աներևակայելի կարևոր ձեր փոքրիկի համար:

Փաստ 2. Ծննդաբերությունից հետո ձեր մարմինը չի կարող կատարյալ լինել։

Ձեր մարմինը կարող է ձեզ օտար և տգեղ թվալ, և այդ ամենը կարող է դեռ երկար տևել։ Պարզապես հիշեք, որ դուք նոր էակի եք կյանք տվել, և հիմա պետք է հանգստանալ, լավ սնվել, քայլել մաքուր օդում։ Լսեք միայն այն մարդկանց, ովքեր ասում են, որ դուք գեղեցիկ եք։  Երբեք մի թերագնահատեք ձեզ։

Փաստ 3․Ձեր երեխան նման չէ այլ երեխաներին։

Ձեզ երեխան եզակի է, և դուք ամենալավն եք նրան հասկանում։ Ձեր երեխան չի լինելու այնպիսին, ինչպիսին գրքերն են ասում, չի սիրելու այն, ինչ ցանկալի է, որ սիրի, չի անելու այն, ինչ ենթադրվում է, որ պետք է անի, և դա իսկապես հրաշալի է։ Լավագույն բանը, որ կարող եք անել, ձեր գրքերը մի կողմ դնելն ու ձեր երեխային ավելի լավ ճանաչելն է։

Փաստ 4. Մենք պետք է դադարենք ասել ապագա մայրիկներին, որ ամեն բան ընթանալու է հեշտ և անցավ։  

Այն փաստը, որ ձեր երեխան գիշերային ժամերին չի քնում, անդադար լալիս է, կամ կրծքով կերակրելը ձեզ համար մղձավանջ է դարձել, դեռևս չի նշանակում, որ դուք սխալ ճանապարհով եք ընթանում։ Պետք է հասկանալ, որ շատ հաճախ դժվարություններն օրինաչափ են, իսկ երբեմն անգամ՝ լավ։ Պետք է ընդունել, որ ծնողավարությունը հեշտ գործ չէ։

Փաստ 5. Որքան շուտ սովորեք համեստորեն մերժել անցանկալի խորհուրդները, այնքան հեշտ կլինի ձեզ համար:

Եթե  ես լինեի քո փոխարեն, ապա այսպես կվարվեի…

Իհարկե, բոլորն էլ անկեղծորեն ցանկանում են օգնել ձեզ։ Բայց երբեմն պետք  է խուսափել ավելորդ խորհուրդներից․ դուք շատ դժվար գործ եք անում, և դա, ինքնին, արդեն հիանալի է։  Տարատեսակ մեկնաբանություններից ընդունեք միայն նրանք, որոնք ձեզ դրական լիցքեր են փոխանցում։

Փաստ 6. Ավելի ճկուն լինելու ժամանակն է։

Մի պահ կարող է թվալ, որ ձեր կյանքում իրական խառնաշփոթ է․ ձեր ժամանակացույցը, ձեր հարաբերությունները, ձեր զգեստապահարանը և մնացած ամեն ինչ կարգավորելը կարող է չափազանց բարդ թվալ։ Բայց պետք է կարողանալ ավելի ճկուն լինել։ Հակառակ դեպքում դուք մշտապես ընկճված կլինեք։ Օգնություն խնդրեք մտերիմներից, ընդունեք ձեր սխալները, երբեմն ուշացեք հանդիպումներից, մի հանեք ձեր գիշերազգեստը ողջ օրվա ընթացքում, եթե այդպես ձեզ ավելի հարմար է։

Փաստ 7. Մենք պետք է աջակցենք միմյանց։

Երեխա մեծացնելը շատերիս կյանքում ամենաբարդ գործն է։ Մենք կարող ենք շարունակ քննադատել և դատապարտել մեկս մյուսին կամ կարող ենք աջակցել միմյանց, օգնության ձեռք մեկնել, խրախուսել և սփոփել՝ միասին տոնելով հաղթանակները։ Դա ամենևին էլ դժվար չէ։ Բոլորս էլ կարող ենք շատ հաճախ մեզ թույլ տալ մեկ բաժակ սուրճով լցնել մեր օրը՝ զրուցելով մեր օրվա անելիքների, մեր արտաքին տեսքի կամ երեխաների նոր ձեռքբերումների մասին․ դա, իսկապես, լավ էներգիա է հաղորդում։

 

Աղբյուրը. mother.ly