
6 փոքր փոփոխություններ ձեր սովորություններում՝ ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով
Եթե որոշել եք առողջ սնվել, հոգ տանել ինքներդ ձեր մասին կամ պարզապես լինել ավելի ինքնավստահ, ապա դուք մենակ չեք։
Միլիոնավոր մարդիկ ամեն օր պայքարում են ինքնագնահատականի բարձրացման համար։ Կարևորը՝ սկսել փոքր քայլերով ու փոփոխություններով։ Ոչ իրատեսական սպասելիքներն ու անկայուն նպատակները կարող են անհաջող փոփոխությունների պատճառ դառնալ։ Եվ այսպես, եթե դուք կարողանաք փոքր փոփոխություններ կատարել ձեր ամենօրյա սովորություններում, ապա ավելի մեծ շանսեր կունենաք ձեր որոշումների հաջող ընթացքի և ինքնավստահության բարձրացման գործում։
Ահա մի քանի խորհուրդ՝ հասնելու ոչ մեծ, սակայն նշանակալի փոփոխությունների՝ ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով։
- Խոսեք նուրբ ինքներդ ձեզ հետ
Դուք երևի ձեր լավագույն ընկերոջը չէիք անվանի անհաջողակ կամ մայրիկին՝ գեր, այդպես չէ՞։ Ինչու՞ են շատ կանայք համարում իրենք իրենց հետ այս խոսելաձևը սովորական: Բառերը, որոնցով դուք եք ինքներդ ձեզ բնութագրում, ունեն շատ մեծ ազդեցություն ձեր կյանքի որակի վրա։ Եթե նույնիսկ սխալներ եք անում, բաց եք թողնում վերջնաժամկետը, մոռանում եք հաճախել մարզադահլիճ, այնուամենայնիվ դուք պետք է ջանք գործադրեք ինքներդ ձեզ ոգևորելու։ Ամեն օր արթնանալիս ինքներդ ձեզ ասեք, որ գեղեցիկ եք և խելացի, ընդունակ, ուժեղ ու արժանի, քանի որ դա այդպես է, նույնիսկ, եթե սկզբում թերահավատորեն եք մոտենում այդ փաստին։
- Գտեք ժպտալու պատճառ
Եթե բնութագրում եք ինքներդ ձեզ կամ լավ խոսքեր ասում, ապա դա արեք ժպտալով։ Ժպտալու գործողությունն ազդում է ձեր ուղեղի վրա դրական կերպով և առաջացնում ուրախության զգացում։ Այն նպաստում է տրամադրության բարձրացմանը, կարող է նվազեցնել սթրեսն ու բարելավել իմունային համակարգը՝ այդպիսով խթանելով ինքնագնահատականի բարձրացմանը։
- Արեք ինչ-որ բան մեկ ուրիշի համար
Պատահական, առանց որևէ ակնկալիքի և շահի արված արարքները կարող են պատճառել դրական էմոցիաներ և բարձրացնել ինքնագնահատականը։ Ինչ-որ մեկին օգնելով և բարի գործ անելով՝ լավ կզգաք նաև դուք։ Կվճարեք հերթում կանգնած մեկի փոխարեն կամ պարզապես մեկ ուրիշի համար դուռը կբացեք․ ուրիշներին օգնելը միայն ժպիտ ու դրական զգացումներ կբերի ձեզ։ Նույնիսկ ձեր կողմից արված կոմպլիմենտն ու ջերմ խոսքն կանդրադառնա ինքնագնահատականի վրա։
- Շրջապատեք ձեզ դրական ու պոզիտիվ մարդկանցով
Ձեզ համար կարևոր են հարազատ ու սիրելի մարդիկ, հատկապես նշանակություն ունի, թե ինչպե՞ս եք ձեզ զգում նրանց հետ։ Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր դրական էներգիա ունեն, քաջալերում ու մոտիվացնում են ձեզ, ստիպում են գնահատել ու սիրել ինքներդ ձեզ։ Շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր գնահատում են ձեզ և աշխատեք խուսափել երկար շփումներից այն մարդկանց հետ, ովքեր բացասական են անդրադառնում ձեր վրա, ամեն անգամ շեշտում են ձեր թերություններն ու ազդում ինքնագնահատականի վրա։
- Համեմատվեք միայն ինքներդ ձեզ հետ
Չկա ավելի «լավ» տարբերակ ինքնագնահատականն իջեցնելու, քան ուրիշների հետ համեմատվելը։ Անկախ նրանից, թե ու՞ր եք գնում կամ ինչո՞վ եք զբաղվում, միշտ կգտնեք մեկին, ում հետ համեմատում եք ինքներդ ձեզ ու մտածում, որ նա «ավելի լավն է», քան դուք։ Երևի մտածում եք՝ նրա ժպիտն ավելի գեղեցիկ է, մազերն ավելի գանգուր են կամ հագուստն ավելի լավն է․ իսկ ի՞նչ տարբերություն։ Միակ մարդը, ում հետ պետք է երբևէ համեմատվեք՝ դուք եք։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա, դարձեք ավելի լավը, քան ներկա պահին եք, համեմատեք ձեզ նախկինում ու հիմա։ Ոչ ոք չի կարող ավելի լավը լինել, քան դուք։
- Երբեմն շեղվեք ձեր նախնական ճանապարհից
Երբեմն ամենամեծ խոչընդոտը ձեր ինքնավստահության բարձրացման համար հանդիսանում եք հենց դուք։ Երբ բախվում եք անհաջողությունների՝ չհավատալով սեփական ուժերին, ապա միակ մարդը դուք եք, ով «վճարում է» ցածր ինքնագնահատականով ու հաջողության հասնելու անհաջող փորձերով։ Եթե նույնիսկ 9 անգամ ձախողել եք, գործեք 10-րդ անգամ։ Հիշեք, որ դուք ավելի ուժեղ եք, ավելի գեղեցիկ, քան կարծում եք։ Եվ իհարկե, ամեն ինչ հնարավոր է, եթե թեկուզ փոքր քայլերով աշխատեք ամրացնել ու բարձրացնել ձեր ինքնագնահատականն ու ինքնավստահությունը։
Իսկ դուք կարևորում ե՞ք ձեր ինքնագնահատականի բարձրացումը, արդյո՞ք ունեք դրա կարիքը։ Ի՞նչ սովորություններ եք պատրաստ ձեռք բերել՝ աշխատելով այդ ուղղությամբ։