
6 մթերքներ, որոնք անհրաժեշտ են առողջ մազեր ունենալու համար
Հարթ, փայլուն և փափուկ մազերը յուրաքանչյուր աղջկա երազանքն են։ Հաճախ մեր մազերի գեղեցկության բանալին փնտրում ենք զանազան ապրանքների մեջ՝ չմտածելով, որ դրանք մեր իսկ խոհանոցում են։
Այն, ինչ ուտում ենք, կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մազերի վրա։ «Purewow» կայքը ներկայացնում է այն մթերքները, որոնք պետք է մտցնել սննդակարգ առողջ մազեր ունենալու համար։
Միս
Քանի որ մազերը կազմված են սպիտակուցային մանրաթելից, առողջ մազերի համար սպիտակուցը պետք է կազմի Ձեր սննդակարգի մի մասը։ Այն պարունակվում է տարբեր կենդանիների, թռչունների և ձկների մսի մեջ։ Բուսակերներին խորհուրդ է տրվում լոբի:
Ոստրեներ
Ոստրեները ցինկի մեծ աղբյուր են։ Ցինկը կանխում է մազերի չորությունն ու փխրունությունը։ Ոստրեները նաև սպիտակուց են պարունակում, որն, ինչպես գիտեք, նպաստում է առողջ մազեր ունենալուն։
Նուշ
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են շքեղ շամպուններն ու կոնդիցիոներները հիմնականում պարունակում նուշի յուղ իրենց բաղադրության մեջ։ Մեր սիրելի այս ուտելիքը վիտամինների և սնուցիչների մեծ աղբյուր է։ Մեկ քառորդ բաժակ նուշը կտա Ձեզ անհրաժեշտ Վիտամին E-ի քանակության կեսը, ինչն էլ կխթանի մազերի աճը։
Մանդարին
Այս հյութալի պտուղը ոչ միայն լավ է իմունային համակարգի համար, այլև օգտակար է մազերին և մաշկին: Վիտամին C-ն մարմնին օգնում է ավելի շատ կոլագեն արտադրել, իսկ վիտամին A-ն ապահովում է մազերի սնուցումը։
Սպանախ
Այստեղ անակնկալներ չկան․ այս կանաչեղենը պարունակում է երկաթ (որն անհրաժեշտ է մազի ամրության համար) և ցինկ (որն ամրացնում է մազերի ֆոլիկուլները): Այն նաև կալիումի և կալցիումի աղբյուր է․ այս սննդանյութերը ևս պահպանում են մազերի առողջությունը։
Ձու
Ձուն պարունակում է բիոտին, որը ոչ միայն առողջարար է մազերի համար, այլև պաշտպանում է եղունգները կոտրվելուց։
Խուսափեք խիստ սննդակարգերից
Երբ օրգանիզմը մշտապես աշխատում է կալորիաների պակասով՝ չունենալով հիմնական վիտամիններ և հանքանյութեր, դա իսկապես վնաս է հասցնում մազերի ընդհանուր առողջությանը, որը պահպանվում է նույնիսկ դիետան ավարտելուց ամիսներ հետո։