
Օծանելիքի օգտագործման 10 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանան բոլորը
Նա, ով տիրապետում է օծանելիքի գաղտնիքներին, տիրապետում է նաև մարդկանց սրտերին։ Օծանելիքը կարող է դառնալ ինքնաարտահայտման, հաճույքի կամ գայթակղության միջոց։ Պարզապես հարկավոր է գտնել Ձեր բուրմունքը։
Օծանելիքն ընտրե՛ք միայն լավ ինքնազգացողության դեպքում
Նախքան օծանելիքի խանութ գնալը, ստուգե՛ք առողջությունը։ Եթե զգում եք, որ մրսածություն կամ գլխացավ ունեք, ապա հետաձգե՛ք օծանելիքի գնումները։
Թողե՛ք բուրմունքը բացվի
Օծանելիքը ցողելուց հետո տարածե՛ք այն մաշկի վրա և սպասե՛ք մի որոշ ժամանակ։ Խնդիրն այն է, որ սկզբում բուրմունքի խտությունը բարձր է, և դուք չեք կարողանում բուրմունքն ընկալել այնպես, ինչպես որ կա։ 5 րոպեն ամենաօպտիմալ ժամանակահատվածն է, որի ընթացքում բուրմունքը բացվում է։ Այդ ժամանակ Դուք լիովին կկարողանաք գնահատել այն։
Մի՛ վախեցեք բուրմունքը Ձեզ վրա զգալուց
Շատ աղջիկներ համոզված են, որ եթե նրանք զգում են իրենց օծանելիքի բույրը, ապա այն նրանց չի համապատասխանում: Սակայն սա միայն առասպել է։ Իրականում, եթե Դուք կարողանում եք «լսել» Ձեր բուրմունքն ու հաճույք ստանալ դրանից, դա հրաշալի է:
Կիրառե՛ք օծանելիքը միայն մաշկի վրա
Օրվա ընթացքում մեր հագուստները կլանում են մեծ քանակությամբ արտաքին հոտեր, որոնք օծանելիքի հետ շփումից կարող են փոխել բույրը։ Որպեսզի առավել ճշգրիտ գնահատեք բուրմունքը, պետք է մի քանի կաթիլ ցողեք Ձեր դաստակին և սպասեք մի քանի րոպե: Ավելին, յուրաքանչյուր անձ ունի իր սեփական հոտը, որը օծանելիքի հետ միասին ստեղծում է յուրահատուկ բուրմունք:
Գիտակցե՛ք օծանելիքի օգտագործման չափը
Օծանելիքը պետք է օգտագործել օրական 1-2 անգամից ոչ ավելի։ Ոմանք օգտագործում են օծանելիքն աշխատանքից դուրս գալուց կամ կարևոր հանդիպումից առաջ: Նման իրավիճակներում կարևոր է մտածել շրջապատող մարդկանց մասին։ Նախասիրությունները յուրաքանչյուր անհատի համար տարբեր են, իսկ շատ սուր բույրը կարող է Ձեր զրուցակցին անհարմար իրավիճակում դնել:
Օգտագործե՛ք տարբեր կիրառման մեթոդներ
Եթե ցանկանում եք, որ բույրը «մետաքսյա» լինի, կիրառե՛ք պարանոցի և մազերի վրա: Նաև կարող եք օծանելիքը ցողել օդում և անցնել դրա տակով։
Հետևե՛ք պահպանման կանոններին
Օծանելիքի պահպանման վայրը պետք է լինի հով և մութ, բայց բացօթյա։ Եթե Ձեզ թվում է, որ օծանելիքը սկսել է այլ կերպ բուրել, շիշը սառնարանում դրե՛ք:
Օծանելիքը կիրառելուց հետո մի՛ տրորեք
Շատ աղջիկներ օծանելիքը ցողելուց հետո շփում են ձեռքերը, հավատալով, որ բուրմունքն այդպես ավելի լավ է ներթափանցում մաշկ: Սա սխալ կարծիք է, քանի որ շփման պատճառով հոտը «կոտրվում» և կտրուկ փոխվում է:
Խառնե՛ք և փորձարկե՛ք
Եթե խոսքը վերաբերում է մի քանի բուրմունքների նպատակային խառնուրդին, ապա պետք է հետևել այս կանոնին. թեթև բուրմունքը պետք է խառնել թեթևի հետ, իսկ ծանրը` ծանրի:
Ուշադրություն մի՛ դարձրեք տարիքին, եղանակին և այլ մարդկանց խորհուրդներին
Օծանելիքը Ձեր երկրորդ մաշկն է․Դուք պետք է մաքսիմալ հարմարավետ զգաք դրա հարցում։ Մասնագետը կարող է Ձեզ ասել, թե որքան նուրբ է բուրմունքը, ինչպիսիք են դրա երանգները, բայց օծանելիքի կրողը Դուք եք: Այնպես որ ընտրությունը հենց Դուք պետք է կատարեք։
Աղբյուր՝ Grazia