
Քովիդ-19. Խորհուրդներ հղիներին և կերակրող մայրերին
Հաշվի առնելով դեռևս շարունակվող համաճարակային իրավիճակն ու կորոնավիրուսի տարածումը՝ ներկայացնում ենք մի քանի խորհուրդ հղիներին և կերակրող մայրերին, սակայն նշենք, որ ցանկացած իրավիճակում Ձեր բժշկի հետ անհատական քննարկումն ու բժշկական ցուցումներին հետևելը խստիվ կարևոր է։
Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:
Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ, երբ պլանավորված է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հերթական այցը, ապա հարկ է ընդունելության չգնալ, այլ կապվել բժշկի հետ: Հավանաբար, կամ այցի ժամանակը կտեղափոխվի, կամ կընտրվի անվտանգ մի վայր, որտեղ հնարավոր կլինի հանդիպել բժշկին:
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդ հղի կինը պետք է ծննդաբերի կեսարյան հատումով:
Ծննդալուծման ձևը որոշվում է՝ ելնելով հղիի և պտղի առողջական վիճակից: Մինչև այժմ եղած սահմանափակ տվյալներից ելնելով, հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք ծննդաբերությունից առաջ և հետո վիրուսը կարող է անցնել պտղին:
Արդյո՞ք երեխան առանձնացվում է մորից, եթե նրա մոտ ախտորոշվել է COVID-19:
COVID-19-ի կասկածով բոլոր հղիներին ծննդաբերելու համար ծննդատուն ընդունվելիս կատարվում է COVID-19-ի թեստ:
Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե մոր մոտ COVID-19-ով վարակված լինելու կասկած կա:
Մինչ այժմ ապացուցված չէ, որ COVID-19 վիրուսն անցնում է կրծքի կաթով և վարակում երեխային: Կերակրելիս, վարակման տեսակետից, ավելի վտանգավոր է մոր շատ մոտիկ շփումը երեխայի հետ: Երբեմն կրծքով կերակրել թույլատրվում է COVID-19-ով հիվանդ այն մայրերին, որոնց մոտ բացակայում են ցայտուն ախտանշանները, կամ դրանք թեթև են արտահայտված: Եթե կերակրող մայրը կրծքով կերակրելու ժամանակ հիվանդանում է COVID-19-ով, ապա խորհուրդ է տրվում շարունակել կերակրումը` պահպանելով հիգիենայի կանոնները:
Աղբյուրը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն /