Քիչ խաղալիքներ ունենալու զարմանալի առավելությունները

Ընդունված է կարծել, որ եթե երեխաները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը, ապա նրանց ավելի շատ խաղալիքներ են անհրաժեշտ զվարճալի ժամանակ անցկացնելու համար։ Իրականում, սակայն, քիչ խաղալիքներ ունենալը զարմանալի առավելություններ ունի, որոնց մասին դուք չեք էլ լսել։

Ստորև ներկայացնում ենք մի քանի դրական փոփոխություններ, որոնք կնկատեք, երբ նվազագույնի հասցնեք ձեր երեխաների խաղալիքների քանակը։

Երեխաները սովորում են ստեղծարար լինել

Իհարկե, դուք ցանկանում եք ձեր երեխաների զարգացմանը նպաստող միջավայր ստեղծել, բայց հավատացեք՝ փոքր-ինչ ձանձրույթը կարող է լավ ազդեցություն ունենալ երեխաների վրա: Մշտական զվարճանքների և նորությունների պակասը ոգեշնչում է երեխաներին լինել առավել ստեղծագործ:

Երեխաները սովորում են շնորհակալ լինել

Երբ երեխաները անընդհատ նոր խաղալիքներ են ստանում, նրանք մեծանում են հենց այդ ակնկալիքով, և նրանց համար իսկապես դժվար է գնահատել նոր խաղալիքները, որքան էլ որ դրանք լավը լինեն: Մինչդեռ քիչ, բայց որակյալ խաղալիքները, որոնք շարժում են ձեր երեխայի հետաքրքրությունը, շատ ավելի գնահատված կլինեն։

Երեխաները սովորում են կիսվել

Ճիշտ այնպես, ինչպես երեխան ստիպված է լինում համբերատար սպասել իր հերթին խաղահրապարակում ճոճանակ նստելու համար, նույն կերպ քիչ թվով խաղալիքները ստիպում են երեխային շարժվել նույն մեխանիզմով։ Այս կերպ նրանք սկսում են տիրապետել շատ կարևոր սոցիալական հմտությունների։

Երեխաները հոգ են տանում խաղալիքների մասին

Երբ ամենուր խաղալիքներ են, երեխաները գրեթե չեն նկատում, երբ որևէ բան կոտրվում կամ վնասվում է: Նույնիսկ, եթե նրանք սիրում են այդ խաղալիքը, նրանք ենթադրում են, որ նորը շատ արագ կգնվի՝ կոտրվածին փոխարինելու համար:

Հաջորդ անգամ, երբ խաղալիքը կոտրվի, որոշ ժամանակ մի փոխարինեք այն նորով : Թող ձեր երեխան կարոտի այդ խաղալիքը, ինչի արդյունքում հետագայում ավելի հոգատար կլինի իր իրերի հանդեպ։  

Երեխաները սովորում են սիրել ընթերցանությունը

Քիչ խաղալիքներ ունենալու դեպքում ձեր երեխան կփորձի  կարդալ՝ իրեն զբաղմունք գտնելու համար: Երբ ամենուրեք խաղալիքներ են, երեխաները կարող են անգամ չնկատել գրքերը, բայց եթե երեխայի սենյակում կա մի քանի հետաքրքիր խաղալիք և անկյունում խնամքով պահվող գրքերի զամբյուղ, ապա շատ ավելի հավանական է, որ նրանք կդառնան փոքրիկ գրքամոլներ:

Աղբյուր: mother.ly