Սուրճ խմելու սովորություններ, որոնք օգտակար են առողջության համար

Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ հակաօքսիդիչների մեծ քանակության շնորհիվ սուրճն ունի մի շարք օգուտներ, սակայն չափից շատ օգտագործելու դեպքում կարող է վերածվել կախվածության: Ուրեմն պետք է ճիշտ օգտագործեք սուրճը առավելագույնս իր բարիքներից օգտվելու համար:

Քչացրե՛ք շաքարի քանակը

Իրականում սուրճը պետք է ըմպել առանց շաքարի կամ որևէ տեսակի քաղցրացուցիչի, սակայն շատ մարդիկ չեն հետևում այս կանոնին: Շաքարը ժամանակակից սննդակարգի ամենավտանգավոր բաղադրիչներից մեկն է, ուստի անպայման պետք է չափավորել դրա ընդունումը: Քաղցրացնելու համար փորձե՛ք սուրճին ավելացնել ավելի բնական բաներ, ինչպիսին է վանիլինը:

Խուսափե՛ք կեսօրից հետո սուրճ խմելուց

Սուրճի ընդունումը կեսօրից հետո կարող է անքնության պատճառ դառնալ: Կարող եք առավոտյան խմել 2-3 բաժակ սուրճ, բայց խուսափե՛ք կեսօրից հետո այն ըմպելուց: Գիշերը լավ քնելու համար կարելի է սուրճը փոխարինել թեյով:

Սուրճին ավելացրե՛ք դարչին կամ կակաո

Կակաոն ոչ միայն կավելացնի հակաօքսիդիչների քանակը, այլ նաև հաճելի համ կհաղորդի սուրճին, ինչը կստիպի ավելի քիչ քանակությամբ շաքար ավելացնել ձեր գավաթին:

Նույնը վերաբերում է դարչինին, որը ոչ միայն շատ օգտակար է ձեր առողջության համար, այլև հիանալի բուրմունք է հաղորդում սուրճին:

Ձեր նախաճաշը չպետք է լինի միայն մի բաժակ սուրճը

Սոված ստամոքսին սուրճ խմելը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել: Նման սովորությունը կարող է նաև բացասաբար ազդել ձեր նյարդային համակարգի վրա:

Աղբյուր՝ BrightSide