Սովորություններ, որոնք թուլացնում են մտավոր կարողությունները

Մեզնից շատերը մանրակրկիտ պլանավորում են իրենց աշխատանքային օրը, բայց հաճախ ազատ ժամանակն անարդյունավետ են ծախսում, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում վնասակար սովորություններ են ձեռք բերում։

Ստորև ներկայացնում ենք մի քանի սովորություն, որոնցից պետք է խուսափել:

Նորություններին հետևելը

Մարդկանց մեծամասնությունը փորձում է անընդհատ հետևել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հեռախոսների շնորհիվ այժմ մենք մշտապես հնարավորություն ունենք հետևել աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններին: Արդյունքում, նորություններին անընդհատ հետևելը կախվածության է վերածվում:

Պատահական չէ, որ բազմաթիվ նյարդաբաններ փորձում են զերծ մնալ նորություններին հետևելուց, քանի որ կարծում են, որ նորություններից փոխանցվող բացասական էներգիան և այն փաստը, որ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, հիասթափություն են առաջացնում և մարդկանց ավելի նյարդային են դարձնում։ ԱՄՆ հոգեբանական ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ բացասական նորությունները մարդկանց 56 տոկոսի մոտ սթրես են առաջացնում։

Իհարկե, դժվար է 21-րդ դարում ամբողջովին հրաժարվել նորություններին հետևելուց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է որոշակի սահմանափակումներ մտցնել:

Ուրիշների հետ անդադար համեմատվելը

Սոցիալական ցանցերի հանրայնացման արդյունքում մարդիկ սկսել են ավելի շատ համեմատել իրենց ուրիշների հետ: Անկախ նրանից, թե ում հետ եք համեմատում ինքներդ ձեզ, ապացուցված է, որ դա բացասական ազդեցություն է ունենում մտավոր կարողությունների վրա:

Ուրիշների հետ համեմատվելու անառողջ սովորությունից ազատվելու համար անհրաժեշտ է սոցցանցերում ընկերների շարքից հեռացնել այն մարդկանց, ովքեր նախանձ են առաջացնում ձեզ մոտ։

Տարատեսակ պարտականություններ

Անցկացված հետազոտությունները փաստում են, որ միաժամանակ տարատեսակ հանձնարարություններ կատարելը կարող է վատ ազդեցություն ունենալ մտավոր ունակությունների վրա։ Երբ մենք միաժամանակ մեկը մյուսի հետ կապ չունեցող մի քանի առաջադրանք ենք կատարում, դա հսկայական էներգիա է խլում՝ հոգնեցնելով ուղեղը։ Այս խնդրից խուսափելու համար պետք է հստակ ծրագրել, թե որ ժամին ինչով եք պատրաստվում զբաղվել։ Այդ դեպքում հնարավոր կլինի կենտրոնանալ միայն մեկ առաջադրանքի վրա։

Աղբյուր՝ rb.ru