Սերենա Ուիլյամսը ներկայացրել է իր աշնանային հավաքածուն

Սերենա Ուիլյամսը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր աշնանային հավաքածուն: Հատկանշական է, որ բեմահարթակում միաժամանակ երկու մոդելներ էին, ովքեր տարբեր չափսերի հագուստ էին ցուցադրում:

Հավաքածուն հիմնականում ոգեշնչված է 1990-ականների ոճով և աչքի է ընկնում տարատեսակ նախշերի և նեոնային գույների համադրությամբ: «Համարձակ և դինամիկ», – հենց այսպես է Սերենա Ուիլյամսը բնութագրել իր հավաքածուն:
Ըստ Vogue ամսագրի՝ Ուիլյամսի աշնանային հավաքածուի գները տատանվում են 59-ից 229 դոլարի սահմաններում: Այն իր մեջ ներառում է մինչև 3X չափսերի մոդելներ:

Ավելի վաղ Ուիլյամսը համագործակցել է HSN-ի և Nike-ի հետ, իսկ 2018 թվականի մայիսին ստեղծել իր սեփական հավաքածուն, որը ստացել է Serena անվանումը: