Հոկտեմբերը՝ կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1985 թվականին հոկտեմբերը հայտարարել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։

Կրծքի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Այս հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղցկեղի այս տեսակը տարածված է նաև առաջադեմ ու զարգացած պետություններում, և տարեց տարի աշխատանքներ են տարվում հիվանդության դեմ պայքարելու համար:

Հոկտեմբեր ամսին բազմաթիվ երկրներում տարբեր սեմինարներ, տեղեկատվական և բարեգործական արշավներ են անցկացվում, որոնց գլխավոր և առաջնային նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել խնդրին, ինչպես նաև նվազեցնել հիվանդության ռիսկերը։

Պայքարի ամենահայտնի ծրագրերից է «Վարդագույն ժապավենը», որին ֆինանսապես աջակցում են դեղագործական և կոսմետիկ ընկերություններ, նորաձևության տներ, հեղինակավոր դերասաններ, քաղաքական գործիչներ և նույնիսկ ավտոարտադրող խոշոր ընկերություններ։

Առաջին անգամ վարդագույն ժապավենի գաղափարը առաջ է քաշել Սյուզան Կոմեն անունով մի կազմակերպություն, որը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

1990թ. այս կազմակերպության անդամները Նյու Յորքում բաժանում էին վարդագույն գլխարկներ բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ հիվանդության դեմ պայքարին նվիրված խորհրդանշական վազքին: Մեկ տարի անց նման խորհրդանշական վազք-մարաթոնի ժամանակ արդեն բաժանվում էին վարդագույն ժապավեններ:

Բժիշկները խորհուրդ են տալիս տարվա մեջ գոնե մեկ անգամ հետազոտվել, քանզի վաղ շրջանում հիվանդության ախտորոշումը եւ բուժումը լիարժեք ապաքինում են խոստանում։