Նորածնային կոլիկներ. ինչպես պայքարել դրա դեմ

Գրեթե բոլորիս ծանոթ է կոլիկներ կամ աղեխիթեր տերմինը, որը օգտագործվում է նորածինների հաճախակի լացը նկարագրելու համար։ Իհարկե, ոչ բոլոր լաց լինող երեխաներն են կոլիկներ ունենում, սակայն բոլոր այն երեխաները, ովքեր ունեն այս խնդիրը, կյանքի առաջին ամիսներին հաճախ են լաց լինում։

Քանի որ կոլիկները հիմնականում հանդիպում են նորածինների շրջանում, շատ հաճախ  ծնողներն իրենց հուզականության ու անփորձության արդյունքում սկսում են կասկածի տակ դնել երեխային խնամելու իրենց ունակությունը: Մինչդեռ արժե հիշել, որ դուք որևէ կերպ չեք կարող ամբողջությամբ լուծել կոլիկների խնդիրը, քանի դեռ ձեր երեխայի մարսողական համակարգը լիարժեք չի ձևավորվել։

Ներկայացնում ենք փորձառու ծնողների ու մասնագետների խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել այս իրավիճակում։

Գործողություններ, որոնք կարող են կիրառելի լինել կոլիկների դեպքում

  • Կերակրման ընթացքում և դրանից անմիջապես հետո պահեք երեխային ուղղահայաց դիրքով:
  • Փորձեք հասկանալ՝ որքան հաճախ է գխտում ձեր փոքրիկը ուտելուց հետո:
  • Եթե երեխան վերցնում է ծծակ, փորձեք ուտելուց հետո նրան ծծակ առաջարկել. դա կհանգստացնի նրան:
  • Փորձեք երեխային լողացնել տաք ջրով:
  • Տաք սրբիչ դրեք երեխայի փորիկին (պետք է զգույշ լինել, որ այն չափազանց տաք չլինի):
  • Փորձեք ծալել երեխայի ոտքերը դեպի որովայնը:
  • Մերսեք երեխայի որովայնը ժամացույցի սլաքի ուղղությամբ:
  • Քայլեք նրա հետ հանգիստ, մութ սենյակում՝ փորձելով երգել կամ մերսել նրան:
  • Փորձեք հեռու պահել նորածին երեխային աղմկոտ հավաքույթներից և ավելորդ մի ծանրաբեռնեք նրա առօրյան։ Առանձնապես ծանրաբեռնված օրը կարող է ավելի վատ գիշերվա պատճառ հանդիսանալ:

Ե՞րբ է ցանկալի դիմել բժշկին

Ցանկացած ժամանակ, երբ ձեզ անհանգստացնում է երեխայի առողջական վիճակը, կարող եք զանգահարել ձեր մանկաբույժին։ Ի վերջո, ձեր փոքրիկի առողջությունն ամենակարևորն է։ Կոլիկների շրջանում անպայման կապ հաստատեք բժշկի հետ, եթե երեխայի մոտ նկատում եք հետևյալ երևույթներից որևէ մեկը:

  • Ձեր երեխայի լացը ուղեկցվում է փսխումներով:
  • Ձեր երեխան քաշ չի հավաքում:
  • Երեխայի մոտ կոլիկները տևում են ավելի քան չորս ամիս:
  • Եթե երեխան ցավ է զգում։
  • Երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն։
  • Երեխայի լացն անդադար է, և նրան չի հաջողվում հանգստացնել։
  • Եթե երեխայի աղիները կանոնավոր չեն գործում:

Աղբյուրը՝ mother.ly