
Տեղի ունեցավ «Նաիրուհի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը
Նոյեմբերի 19-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում տեղի ունեցավ «Նաիրուհի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը՝ «Հայախմբում» խորագրով։
Զբոսավար, արշավական Նաիրուհի (Հայա) Սիմոնյանն այս տարի հունվարի 28-ին Արա լեռան ողբերգական դեպքերի արդյունքում զոհվեց ձնահոսքի պատճառով։
Հիմնադրամի գաղափարը Արա լեռան արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանի, Նաիրուհու ընտանիքի և գործընկերների նախաձեռնությամբ է իրականացվել։
«Նաիրուհի» բարեգործական հիմնադրամն իր առաջ խնդիր է դրել՝ աջակցել դժբախտ պատահարներից և տարերային աղետներից տուժած արշավականներին և նրանց ընտանիքներին, օժանդակել արշավների ժամանակ անվտանգության բարձրացմանը խթանող սեմինարների և դասընթացների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև կազմակերպել սահմանամերձ բնակավայրերում և զորամասերում տարատեսակ բարեգործական ծրագրեր։ Վերջինիս մասով կենդանության օրոք շատ ակտիվ էր հենց Նաիրուհի Սիմոնյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Նաիրուհու ընկերները, հարազատները, մարդիկ, ովքեր աշխատել էին նրա հետ, արշավական ընկերները։
Ֆոտոները տրամադրեց Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան