Միխայել Շումախերը 6 տարի անց գիտակցության է եկել

«Ֆորմուլա 1-ի» աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 6 տարի կոմայում լինելուց հետո վերջապես գիտակցության է եկել։ Այս մասին հայտնել է «Le Parisien» պարբերականը։

«Այո, նա մեզ մոտ է: Կարող եմ հավաստիացնել, որ նա գիտակցության է եկել», – նշել է Փարիզի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի բուժաշխատողներից մեկը։ Միխայելը վերջերս է տեղափոխվել այնտեղ:

Մարզիկի վիճակի մասին պաշտոնական հայտարարություններ և այլ մանրամասներ առայժմ չկան: Սակայն հայտնի է դարձել, որ Շումախերին այցելության է գնացել Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Թոդթը: Հենց նա էր ղեկավարում իտալական «Ferrari» ընկերությունն այն ժամանակ, երբ Շումախերը մասնակցում էր այդ ապրանքանիշի մեքենաների մրցարշավին:

Դեռևս այս տարվա հուլիսին Ժան Թոդթը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ Շումախերն ապաքինվում է. «Նա չի հանձնվում և շարունակում է պայքարել: Ես միշտ զգուշությամբ եմ մոտենում նման հայտարարություններին, բայց դա է իրականությունը»:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ավտոարշավորդը լեռնադահուկային հանգստավայրում ընկելուց և գլխի ծանրագույն վնասվածք ստանալուց հետո գրեթե 6 տարի կոմայի մեջ է եղել:

Աղբյուր՝ glamour.ru