Տնայնագործ դիմակներ․ արդյոք բուժաշխատողներն ունեն դրա կարիքը

Նախևառաջ պետք է նշել, որ COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ զբաղվող բուժաշխատողների համար դիմակների լավագույն և ապահով տարբերակը N95 ռեսպիրատորային դիմակներն են, քանի որ համարվում է, որ դրանք խոչընդոտում են վիրուսային մասնիկների ավելի քան 95 տոկոսի փոխանցումը վարակակրից։ Ընդ որում, հասարակ վիրաբուժական դիմակներն ընդամենը օգնում են վարակակրին, որ վերջինս օդակաթիլային ճանապարհով չփոխանցի վարակն այլ մարդկանց, և դրանք N95 ռեսպիրատորային դիմակների նման արդյունավետ չեն վիրուսների դեմ։ Ինչ վերաբերվում է ձեռքով կարված տնայնագործ դիմակներին, ապա դրանք ավելի պակաս արդյունավետ են համարվում, քան հասարակ վիրաբուժական դիմակները:  Իհարկե, ծայրահեղ պայմաններում, երբ հնարավոր չէ դիմակներ ձեռք բերել դեղատներից, ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել տնային պայմաններում պատրաստված դիմակներ՝ զուգակցելով դրանք այլ պաշտպանիչ արտահագուստի հետ։

Բժիշկները նշում են, որ տնայնագործ դիմակներն անձնական պաշտպանիչ արտահագուստ չեն համարվում, և դրանք նախընտրելի է օգտագործել միայն այն դեպքերում, երբ բժշկական դիմակներ չկան։

Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, որոշ հիվանդանոցներ ընդունում տնայնագործ դիմակներ,  եթե դրանք չեն պաշտպանում COVID-19-ից։

Որոշ հիվանդանոցներ ընդունում են տնայնագործ դիմակները՝ չցանկանալով մերժել կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ցանկություն ունեցող մարդկանց։ Հիվանդանոցներն այդ դիմակները հիմնականում օգտագործել այն հիվանդների և բուժաշխատողների համար, ովքեր չեն մտնում կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի մեջ։

Այսպիսով, արժե՞ արդյոք տնայնագործ դիմակներ պատրաստել բուժաշխատողների համար։

Իհարկե, դա պետք է լինի ձեր որոշումը։ Ոչ ոք չգիտի՝ արդյոք կգա այն պահը, երբ հիվանդանոցներն ուղղակի այլընտրանք չեն ունենա և կդիմեն տնային պայմաններում պատրաստված դիմակների օգնությանը։ Փոխարենը պարզ է, որ այս պահին հիվանդանոցներն ունեն գործարանային N95 և վիրաբուժական դիմակների, դեմքի պաշտպանիչ վահանների, արտահագուստի և այլ պարագաների կարիք, ուստի եթե այդպիսիք առկա են ձեզ մոտ, և դուք կարող եք դրանք նվիրաբերել, ապա կարևոր գործ արած կլինեք։ Դուք կարող եք նաև դրամական միջոցներ նվիրաբերել հիվանդանոցներին անհրաժեշտ  սարքավորումների և պարագաների ձեռքբերման համար։ Չափազանց  կարևոր է ձեր ժամանակն ու ռեսուրսները ներդնել այնտեղ, որտեղ, իսկապես, անհապաղ օգնության կարիք կա։

 

Աղբյուրը՝  Wirecutter