
Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու 3 ուղիներ
Գաղտնիք չէ, որ 2020-ը լավագույն տարին չէ մարդկության ու, հատկապես, Հայաստանի համար։ Անկանխատեսելի, մահաբեր վիրուսին, լոքդաունին զուգահեռ վրա հասավ պատերազմը, որը ցավոք այնպիսի ելք ունեցավ, որն էլ ավելի ընկճեց հասարակությանը։
Սակայն, կյանքը շարունակվում է և մենք իրավունք չունենք թողնել, որ սթրեսները հաղթեն մեզ, վնասեն մեր նյարդերը, խառնեն հոգեկան աշխարհը և թողնեն մեզ ընկճախտի մեջ։ Հետպատերազմյան շրջանը ամենադժվար ու մեծ աշխատանքներ պահանջող փուլն է։ Դրա համար պետք է սթափվել և անցնել գործի, փորձել հաղթահարել բացասական էներգիան։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քիչ թե շատ դուրս գալ անելանելի թվացող սթրեսից։
1. Առողջ ապրելակերպ․ եղիր ավելի ակտիվ
- Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ վազքը վերացնում է քրոնիկ սթրեսի բացասական ազդեցությունը ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է սովորելու և հիշողության համար։
- Համաձայն ամերիկյան օստեոպատիկ ասոցիացիայի՝ The Journal- ում հրապարակված ուսումնասիրության ՝ խմբային վարժությունները, մարզումները նվազեցնում են սթրեսի տեսակները, ավելի շատ, քան անհատական մարզումները:
- Շատերն են դժգոհում, որ այս օրերին ունեն ախորժակի անկում։ Սնունդը մարդու կյանքի կարևոր բաղկացուցիչն է, ուստի առողջ և ժամանակին սնվելու կարևոր կետը պետք է վերականգնել ամենաառաջինը։ Առանց էներգիայի, որը հիմնականում կուտակվում է սննդի միջոցով, չենք կարող մտածել և գործել։
Չպետք է մոռանալ, որ հոգեկան առողջության գլխավոր բաղադրիչը առողջ ապրելակերպն է, դրա համար, մինչև հակադեպրեսանտներին անցնելը, փորձեք հոգ տանել ձեր օրգանիզմի մասին։
2. Պահպանիր օրվա ռեժիմը
Ըստ բժիշկ Ուինդգասենի՝ «Սթրեսի կառավարումը նաև կախված է քնի կայուն ռեժիմի պահպանման հետ, ինչպես նաև ամենօրյա ակտիվ առօրյան, որը պիտի ներառի սիրելի գործողություններն ու սովորությունները, որոնք հաճույք ու դրական էմոցիաներ են պարգևում»։ Փորձեք վերականգնել նախկին առօրյան՝ դարձնելով ավելի հետաքրքիր։
3. Անձնական աճ․ ունեցեք կարճաժամկետ նպատակներ
- «Երբեմն ձեր աշխատանքը կարող է անհաղթահարելի թվալ, դրա համար ավելի բարդ առաջադրանքները բաժանեք ավելի փոքր թիրախների կամ փուլերի: Սա կօգնի ձեզ փուլ առ փուլ կենտրոնանալ ձեր առջև դրված խնդրի վրա: Յուրաքանչյուր քայլ, որը կավարտեք, գրանցեք որպես փոքր հաղթանակ, և քայլ առ քայլ գնալով դեպի մեծ նպատակը՝ ավելի մեծ հաղթանակների կհասնեք, որոնք դուք ձեր առջև դրել եք։», – ասում է Մարկուս Հերբերտը՝ Nuffield Health- ի փորձագետների առողջության գնահատման կենտրոնից։
- «Իրատես լինելը այն հարցում, թե ինչ կարող ես անել, որոնք են քո հնարավորությունները՝ կարող է օգնել հեշտությամբ լուծել բարդ թվացող խնդիրները», – ասում է Հերբերտը, ամերիկացի փորձագետ։
Միշտ պլանավորու՞մ եք ավելի լավացնել լեզուների իմացությունը կամ սովորել նոր լեզու, ավարտե՞լ գրքի ընթերցանությունը, փոխե՞լ մասնագիտությունը, գնա՞լ հարցազրույցի, և այսպես շարունակ։
Հավատացեք, հիմա ճիշտ ժամանակն է սկսելու։ Հիմա, երբ մեզ պետք են լավագույն մասնագետներ բոլոր ոլորտներում և մեր երկրին անհրաժեշտ է ոտքի կանգնել, մտածիր, որ դու կարող ես քո անձնական գիտելիքների աճով ապահովել այդ վերելքը։