Հարցազրույց լիբանանցի հայտնի ֆուդ բլոգեր Էնթոնի Ռահայելի հետ

Ամիսներ առաջ լիբանանցի հայտնի ֆուդ բլոգեր Էնթոնի Ռահայելը, ով ավելի շատ հայտնի է իր «Ոչ սխտոր, ոչ սոխ» (No Garlic No Onion) անունը կրող բլոգի շնորհիվ, ժամանել էր Հայաստան: Իր ուղևորության ընթացքում նա եղել է Հայաստանի տարբեր մարզերում՝ փորձելով ծանոթանալ հայկական ավանդական խոհանոցին:

Classy.am օնլայն ամսագիրը բլոգերի հետ զրուցել է նրա հայաստանյան վերջին այցի մասին:

1) Ինչպե՞ս կգնահատեք Ձեր այցը: Ինչու՞ որոշեցիք այցելել հենց Հայաստան: Ի՞նչն եք ամենաշատը հավանել:

Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Դեռ առաջին այցիս ընթացքում ես հասցրի հավանել այն՝ որոշում կայացնելով այցելել ևս մեկ անգամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ բացահայտեցի, որ մարդիկ այստեղ շատ բարեհամբույր են և ամենևին չեն խուսափում ֆոտոխցիկներից:

Հայաստանը չափազանց գրավիչ է իր կանաչ տարածքներով և հաճելի եղանակով. այստեղ կարելի է վայելել չորս եղանակների հիանալի համադրությունը: Թեև ևս Լիբանանից եմ, որն աշխարհի հնագույն երկրներից մեկն է, ես հասկացա, որ Հայաստանն ավելի հին է: Վերադառնալով հայրենիք՝ ես իմ բոլոր ընկերներին խորհուրդ եմ տալիս անպայման այցելել Հայաստան, քանի որ այն այնքան էլ թանկ երկիր չէ, և այստեղ բացահայտելու շատ բան կա:

2) Ի՞նչ կարծիք ունեք հայկական խոհանոցի մասին: Հավանու՞մ եք այն: Ո՞րն է ձեր ամենասիրած ուտեստը:

Ես սիրում եմ հայկական խոհանոցը. այն շատ հարուստ է և իր մեջ ամփոփում է Հայաստանի պատմությունը: Ինձ դուր է գալիս «Դոլմա» ռեստորանի տոլման, քանի որ այս ռեստորանում հայկական ազգային տոլմային միջազգային համեմունքներ են ավելացնումլ: Ես սիրում եմ «Մայրիգ» ռեստորանը, որտեղ ներկայացված են հայկական և լիբանանյան ճաշատեսակներ: Ինձ դուր են գալիս հայկական հացը, ժինգյալով հացը և խոզի մսով ուտեստները:

3) Ո՞րտեղ խորհուրդ կտաք այցելել համեղ և հետաքրքիր ուտեստներ փորձելու համար:

Ես Հայաստանում շատ ռեստորաններում եմ եղել, կոնկրետ անուններ չեմ կարող հիշել, բայց իմ ընկերներին խորհուրդ կտամ այցելել գյուղեր, քանի որ գյուղերի բնակիչները հետաքրքիր մոտեցում ունեն սննդի նկատմամբ: Նրանք օգտագործում են իսկական և ավանդական համեմունքներ:

4) Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մատուցվող ծառայությունների ոլորտը: Ի՞նչ խորհուրդ կտաք այս ոլորտը բարելավելու համար:

Ես Հայաստանում եղել եմ 2018 և 2019 թվականներին, և այս մեկ տարվա ընթացքում ծառայությունների ոլորտն էապես բարելավվել է: Իհարկե, կան որոշ նորարարություններ, որոնց այստեղ ծանոթ չեն, բայց ամեն ինչ այնքան արագ է զարգանում, որ ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ սպասել 2020 թվականին, երբ նորից կայցելեմ Հայաստան:

5) Դուք տարբեր վայրեր եք այցելել Հայաստանում: Ո՞ր շրջանն եք ամենից շատ հավանել: Արդյոք հնարավորություն ունեցա՞ք ներկա գտնվել հայկական ավանդական լավաշի պատրատմանը:

Ես եղել եմ տարբեր մարզերում, և ինձ համար դժվար է առանձնացնել դրանցից որևէ մեկը, քանի որ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Ես սիրեցի լեռների գագաթների ձյունը, լճերը և այլն: Ամեն օր մի նոր բան էի բացահայտում ինձ համար: Մենք հետաքրքիր մի բան արեցինք. հայկական ժինգյալով հացին լիբանանյան մի շարք համեմունքներ ավելացրինք, և շատ համեղ ուտեստ ստացանք:

6) Ո՞րն է եղել ամենատարօրինակ ուտեստը, որ երբևէ փորձել եք ձեր ճամփորդությունների ընթացքում:

Ես կերել եմ կենդանի ութոտնուկ, որը շարժվում էր իմ լեզվի վրա: Ես նաև որդեր եմ կերել:

 7) Դուք կայցելե՞ք Հայաստան ևս մեկ անգամ:

Իհարկե, ես արդեն պլանավորում եմ երրորդ անգամ այցելել Հայաստան 2020 թվականին: