
Հարցազրույց լիբանանյան «Juliette Rose» ընկերության հիմնադիր Գարուն Ասիլիանի հետ
«Classy.am» ամսագիրը հետաքրքիր հարցազրույց է պատրաստել լիբանանահայ Գարուն Ասիլիանի հետ, ով հանդիսանում է «Juliette Rose»-ի հիմնադիրը։ Գարունը զբաղվում է միջոցառումների ձևավորմամբ, սրահների դիզայնով և սեղանների ձևավորման արվեստով՝ «Art de la table»-ով։
Խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր և Ձեր ծավալած գործունեության մասին:
Ես արդեն 20 տարի է, ինչ նորաձևության ոլորտում եմ: Ի սկզբանե, սա ընտանեկան գործ էր, այնուհետև ես ստեղծեցի բարձր նորաձևության հագուստի իմ բրենդը, իսկ արդեն 5 տարի հետո փոխեցի իմ աշխատանքային ոլորտն ու սկսեցի զբաղվել «Arte de la table»-ով կամ «սեղանի ձևավորման արվեստով»: Սա մի բան է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջը: Կանայք սիրում են ցուցադրել իրենց գեղեցիկ սեղանները հավաքույթների ժամանակ, և սեղանի շուրջ նստած առաջինն ակնահաճո իրերն ես նկատում, օրինակ, ծաղիկներ, լույսեր, մոմեր: Այս ամենում ջերմություն կա, որն անիմիջապես գրավում է ձեզ: Ես սիրում եմ ստեղծագործական լուծումներ տալ սեղանի ձևավորմանը: Չէ՞ ոչ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հագուստին, ապա ինչու՞ չպետք է ձևավորենք մեր սեղանը հյուրեր ընդունելիս: Սա է իմ նպատակը՝ հարգանք ցուցաբերել հաճախորդներիս նկատմամբ:
Ե՞րբ սկսեցիք ձեր բիզնեսը:
Ես ոգեշնչվեցի այն ժամանակ, երբ հավաքում էի աղջկաս զգեստապահարանը՝ նետելով զգեստներն աթոռին: Դա այն պահն էր, երբ հասկացա, որ կարող եմ որոշ պարագաներ ստեղծել աթոռների համար: Արդյունքում, ես հայտվեցի մի շարք հեռուստահաղորդումներում, և մարդիկ սկսեցին հիանալ իմ աշխատանքով: Եթե դուք լցված եք խանդավառությամբ կյանքի նկատմամբ, ապա ձեր երևակայությունը երբեք չի մարի: Ես ստեղծեցի բարձր նորաձևության աթոռների պատյաններ՝ փոխելով ամեն ինչ այս ոլորտում: Ես նաև մոմեր եմ ձևավորում և օգտագործում դրանք իմ աշխատանքներում:
Պատմեք, խնդրում եմ, Ձեր բրենդի մասին և ինչո՞ւ որոշեցիք այն անվանել «Juliette Rose»:
«Juliette» վարդը ամենաթանկ վարդն է աշխարհում: Երբ ես կարդացի այս վարդի մասին, որոշեցի, որ այն պետք է լինի իմ բրենդի անունը: Իմ անունը Գարուն է, որը տարվա ամենածաղկուն եղանակն է: Այսպիսով, ես համակցեցի «Juliette Rose»-ը և Գարունը:
Ի՞նչ կասեք հայկական հարսանիքների մասին: Ո՞րն է հայկական հարսանիքների հիմնական տարբերությունը:
Ես սիրում եմ հայկական ավանդույթները, սիրում են նայել, թե ինչպես է փեսան մոտենում և ծաղիկներ նվիրում հարսնացուին, ինչպես են նրանք պարում, ինչպես է մատուցվում խորովածը: Իմ նպատակն է պահպանել ավանդույթները՝ նորացնելով դրանք: Ես չեմ ցանկանում փոփոխել դրանք: Ես ուզում եմ իմ արվեստը բերել նաև Հայաստան: Հայերն իմ ժողովուրդն են, և ես միշտ հավատացել եմ, որ Հայաստանը ծաղկելու է:
Որքա՞ն բյուջե պետք է հաճախորդն ունենա, որ կարողանա օգտվել ձեր ծառայություններից:
Մեր ծառայությունները մատչելի չեն, բայց նաև թանկ չեն. մենք միշտ կարողանում ենք գտնել երկուստեք ընդունելի լուծումներ: Հարսանիքների ձևավորման գործում ամենաթանկը ծաղիկներն են: Ես աշխատում եմ միայն բնական ծաղիկներով: Ես միշտ ասում եմ իմ հաճախորդներին, որ եթե դուք ուզում եք օգտագործել արհեստական ծաղիկներ, ուրեմն մենք չենք կարող համագործակցել: Ավելի լավ է տեղադրել մեկ վարդ, բայց այն լինի բնական: Անգամ եթե 1000 ԱՄՆ դոլար ունես, կարող ես շատ բան անել: Սեղանի ձևավորումը կարող է սկսվել 2000 դոլարից և հասնել միլիոնների:

Համագործակցու՞մ եք, արդյոք, այլ մասնագետների հետ:
Իհարկե, ես համագործակցում եմ մի շարք մասնագետների հետ: Օրինակ, ես աշխատում եմ ֆլորիստ-դիզայներների հետ: Եթե դու հարսանեկան կազմակերպիչ ես, ապա դու պետք է իմանաս ամեն բան այս ոլորտի մասին: Եթե քո աշխատանքում վարդ ես օգտագործում, ապա պետք է իմանաս, թե որտեղից է այն: Այս գործի ետևում մի մեծ թիմ է կանգնած:
Կա՞, արդյոք, այնպիսի բան, որ երբեք չեք կրի:
Երբեք չէի կրի կիսատաբատ՝ զուգագուլպաներով և երկարաճիթ կոշիկներով: Կարծում եմ՝ այն նախատեսված է ամառվա շոգ եղանակի և ոչ թե երկարաճիթ կոշիկներով կրելու համար:
Որտե՞ղ մարդիկ կարող են հանդիպել Ձեզ:
Իմ աշխատավայրում և երբեմն նաև իրենց տանը: Աշխատանքն իրականացնելիս շատ կարևոր է ծանոթանալ հաճախորդների կենցաղին, որ հնարավոր լինի ընդհանուր պատկերացում կազմել նրանց ճաշակի և նախասիրությունների մասին:
Ո՞ր գույնն է ամենալավը նկարագրում Ձեզ:
Ես սիրում եմ սպիտակ գույնը, անթերի սպիտակը:
Որո՞նք են Ձեր ամենատարօրինակ սովորությունները:
Դա այնքան էլ տարօրինակ չէ, դա լավ է ուրիշների համար, բայց ոչ իմ: Ես մշտապես ձգտում եմ կատարելության:
Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ դադարել աշխատել:
Մահը:
Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց կրել այս ամռանը:
Այն ամենը, ինչը նրանց երջանիկ կդարձնի: Մենք հագնվում ենք մեզ համար, այլ ոչ թե ուրիշների:
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և, առհասարակ, կանանց:
Կանայք այս աշխարհ են եկել, նախևառաջ, մայրանալու համար: Սա նշանակում է, որ մենք մշտապես տալիս ենք, և պետք է շարունակել տալ ՝ չվախենալով ոչնչից: Միշտ պետք է լինել անկախ և շարունակ կրկնել՝ «ես կարող եմ»: