Հատուկ դասընթաց դեպրեսիվ ուսանողների համար

Պրոֆեսոր Լաուրի Սանտոսը «Յեյլի» համալսարանի ամենասիրված դասընթացներից մեկի հեղինակն է, որի նպատակն է բացահայտել մարդկանց երջանիկ լինելու գաղտնիքը: Այս մասին է հաղորդում «The Cut» պարբերականը:

 

Սանտոսը շատ է կարևորում իր ուսանողների երջանկությունը, նշելով, որ համալսարանի ուսանողներն իրենց կյանքի այս շրջանում շատ են ծանրաբեռնված, մտահոգված և ճնշված:

 

Ամերիկյան քոլեջի առողջապահական ասոցիացիայի վերջերս անցկացրած հարցման համաձայն՝ ուսանողների 52%-ը ուսումնական տարիների ընթացքում հուսահատություն է ապրում, իսկ 39%-ը՝ տառապում է խորը ընկճախտից:

 

Դասընթացը օգնում է նման իրավիճակներում հայտնված ուսանողներին, ինչպես նաև գործնական խորհրդատվություն է անցկացնում երջանկության բանաձևի, կարիերայի, ապագա պլանների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Յեյլը այժմ անվճար դասընթաց է տրամադրում, սակայն այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ վկայական, պետք է վճարեն որոշակի գումար:

 

Նշենք, որ դասընթացը կոչվում է «Բարեկեցության գիտություն»։ Այն դասավանդում է պրոֆեսոր Լաուրի Սանտոսը, ով վերլուծում է հոգեբանական գիտությունը և երջանկությունը: Դասընթացի նպատակն է ոչ միայն սովորել, թե ինչ է ասում հոգեբանական գիտությունը երջանկության մասին, այլ նաև գործնականում կիրառել երջանիկ լինելու հոգեբանական հնարքները: