
«Հայ հաջողակ կանանց պատմությունները». վիրաբույժ Թալար Թեջիրյան
«Հայ հաջողակ կանանց պատմությունները» խորագրի շրջանակներում Classy.am օնլայն ամսագիրը զրուցել է ընդհանուր վիրաբույժ, IHC Armenia 2019 կոնֆերանսի ղեկավար Թալար Թեջիրյանի հետ, ով սիրով պատմեց իր կյանքի, անցած ուղղու և IHC կրթական կոնֆերանսի մասին։
Խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր և Ձեր ծավալած գործունեության մասին:
Ծնվել եմ Լիբանանում, երբ փոքր էի տեղափոխվեցինք Լոս Անջելես՝ Գլենդել քաղաք։ Այնտեղ հաճախել եմ Շամլյան ազգային վարժարան և մինչև 9-րդ դասարան այնտեղ եմ սովորել։ Հենց 9-րդ դասարան էի, որ առաջին անգամ Հայաստան եկա։ Ապա սովորել եմ UCLA քոլեջում, որից հետո սովորեցի այդ քոլեջի Սան Ֆրանցիսկոյի բժշկական համալսարանում, ապա սովորեցի վիրաբուժություն և մինչ օրս վիրաբուժությամբ եմ զբաղվում։
Ձեր կարիերայի ընթացքում ի՞նչ դժվարությունների եք առընչվել, ինչպե՞ս եք
հաղթահարել դրանք։
Ամեն մարդ, ով սովորում է բժշկություն միանշանակ մեծ դժվարությունների է հանդիպում։ Դժվարությունների հանդիպում ես նաև սովորելու ընթացքում։ Ամերիկայում շատ բարդ է այդ մասնագիտությունը, ստիպված ես լինում բազմաթիվ քննություններ անցնել, ապա բժշկական համալսարան ես ընդունվում, որտեղ սովորելը էլ ավելի բարդ է լինում։ Առավել դժվար է ընդունվել բարձր որակ և ճանաչում ունեցող համալսարաններ։
Ի՞նչ կտա IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսը հայ վիրաբույժներին։
Հայ վիրաբույժներին կտա հնարավորություն ավելին իմանալ ճողվածքների վիրաբուժության մասին։ Կներկայացվեն Ժամանակակից մեթոդների, ավելի նոր մոտեցումների մասին տեղեկատվություն, նաև խոսելու ենք կանանց աճուկային ճողվածքների մասին, որը տարբերվում է տղամարդկանց ճողվածքներից։ Այս ամենը ներկայացնելու են աշխարհահռչակ բժիշկները, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր երկրներից։ Կոնֆերանսի մասնակիցները կստանան կրեդիտավորման վկայական։ Այս կոնֆերանսը հնարավորություն կտա վիրաբույժներին կապեր հաստատել աշխարհում գտնվոր տարբեր վիրաբույժների հետ և ներգրավված լինել IHC ֆեյսբուքյան փակ խմբում, որն ունի 8000 անդամ: Խմբում, վիրաբույժները մշտապես իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կկարողանան քննարկել, կապ ունենալ և խորհրդակցել աշխարհի տարբեր երկրներում գտնվող վիրաբույժների հետ։ Միջազգային կապերը կօգնեն մշտապես սովորել իրարից և ձեռք բերել նոր գիտելիքներ, ինչն էլ կնպաստի աշխատանքի բարելավվմանն ու զարգացմանը։
Հուլիսի 5-ին տեղի է ունենալու հայ բժշկուհիների հանդիպում Ձեր իսկ նախաձեռնությամբ, ո՞րն է այդ հանդիպման գլխավոր նպատակը։
Գլխավոր նպատակը այն է, որ կին վիրաբույժները կարողանան միմյանց ոչ միայն ճանաչել, այլև կապերն ամրապնդել, բժշկության ոլորտում նոր ծանոթություններ ձեռք բերել և բազմատեսակ քննարկումներ իրականացնել։ Այն հնարավորություն կտա մասնագիտական խորհուրդներ և օգնություն ստանալ միմյանցից։
Ինչպե՞ս եք պատկերացնում հայ և միջազգային այլ վիրաբույժների համագործակցությունը 5 տարի հետո։
Հուսով եմ, որ հարաբերություններն ավելի կամրանան։ Մինչ այս տարի IHC-ի վիրաբույժների շարքում կար ընդամենը մեկ հայ վիրաբույժ, և հուսով ենք, որ կոնֆերանսը կնպաստի նաև , որ հայ վիրաբույժները կարողանան կապեր ունենալ նաև այլ երկրների իրենց կոլեգաների հետ։ Հուսով եմ ամեն տարի շարքը կհամալրվի էլ ավելի հայ վիրաբույժներով։ Համագործակցությունը կբարելավվի նաև աշխատանքի որակը։
Կին վիրաբույժի բարդություններն աշխարհում։
Յուրաքանչյուր կին վիրաբույժ, ով ցանկանում է ընտանիք ունենալ, բազմաթիվ դժվարություններ կան։ Այս ոլորտում աշխատելիս՝ ստիպված ես լինում ժամերով աշխատել։ Երբեմն պետք է լինում 40 ժամ առանց դադարի աշխատել, և դժվար է ընտանիք պահել այդ պայմաններում։ Եթե վիրահատությունը բարդ է լինում, ապա ժամերով ոտքի վրա ես լինում, ինչը նույնպես խլում է մեծ էներգիա։ Ես ինքս բազաթիվ դժվարությունների եմ հանդիպել իմ կարիերային ընթացքում։
Դժվարություններից կարող եմ նշել այն, որ կին վիրաբույժները երբեմն ներգրավված չեն լինում տարբեր նախագծերում։ Պատճառն այն է, որ տղամարդ վիրաբույժները շատ են և իրար հետ համագործակցում են, նրանք երբեմն չեն ներգրավում կին վիրաբույժների։ Դա է պատճառը, որ անհրաժեշտություն կա կին վիրաբույժներին համագործակցելու, միասին աշխատելու և միմյանց օգնելու։ Պետք է կապեր հաստատենք միմյանց հետ, որպեսզի կարողանանք ավելի մեծ ճանաչում ձեռք բերենք բժշկության ոլորտում։
Խորհուրդ ապագա վիրաբույժներին։
Գլխավորը մեր մասնագիտության մեջ դա փորձն է։ Պետք է հաճախ գնալ հիվանդանոցներ, հետևել վիրատություններին, տարբեր հիվանդների հանդիպել՝ այս ամենը կօգնի գործի մեջ հմտանալ և պրոֆեսիոնալ դառնալ։
Ինչպե՞ս եք ապահովում աշխատանք–ընտանիք հավասարակշռությունը։
Շատ դժվար է։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դրա գաղտնիքը գտել է։ Կարծում եմ ամենակարևորը միմյանց աջակցությունն է և՛ ընտանիքում, և՛ թե աշխատանքի վայրում։ Գործընկերներդ պետք է հասկանան և օգնեն քեզ, որպեսզի աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը մյուսից չտուժի։ Պետք է աջակցենք միմյանց և լավ աշխատանք կատարենք։ Ինձ օգնում են և՛ ամուսինս, և՛ ծնողներս, և գործընկերներս։
Հայաստանում վերջին անգամ եղել եք շատ տարիներ առաջ, ի՞նչը Ձեզ այստեղ հաճելիորեն զարմացրեց։
Տարբերությունը շատ մեծ է։ Անցյալ այցելությունս 30 տարի առաջ էր՝ սովետական միության ժամանակներն էր։ Հիշում եմ, որ մարդկանց կյանքը ավելի դժվար էր, ջուրն ու էլեկտրականությունը սահմանափակված էր։ Ես երիտասարդ տարիքում կարծում էի, որ դժվարություններն ավելի շատ էին և կյանքը ավելի դժվար։ Հիմա կարծես եվրոպական երկիր լինի՝ բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ կան, ճոխություն կա, գիտես, որ էլեկտրականություն ունես և ոչ ոք այն չի անջատի։ Շատ ավելի ուրախ և հանգիստ է դարձել կյանքը։