
Երիտասարդ դիզայներ Հակոբ Շահինեանի օրիգինալ աշխատանքները
Վերջին տասնամյակում հայկական նորաձևությունը նոր շունչ է առել և հայ դիզայներները մեծ հնարավորություն ունեն այսօր ներկայացնելու իրենց ստեղծագործական հմտությունները ոչ միայն Հայասանում, այլ երկրի սահմաններից դուրս։ «Classy.am» ամսագիրը թեմայի առնչությամբ զրուցել է երիտասարդ, տաղանդավոր դիզայներ Հակոբ Շահինեանի հետ, ում աշխատանքներն արդեն հասցրել են գրավել շատ շատերի համակրանքն ու ոճը։
- Ո՞ր ոճն է Ձեզ հոգեհարազատ, ի՞նչ եք կրում։
Ես անձնապես կրում եմ հանգիստ և հարմարավետ հագուստ, իհարկե, չեմ կարող ասել, որ նորաոճ լինելն այնքան էլ ինձ չի հետաքրքրում, սակայն, քանի որ շարժուն կյանք եմ վարում, շատ եմ քայլում, հանդիպումներ ունենում, առավել կարևոր եմ համարում հագուստի մեջ հանգստությունն ու հարմարավետությունը։
- Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր աշխատանքը և Ձեր ազդեցությունը հասարակության վրա։
Ես ստեղծագործում եմ հիմնականում այն կանանց համար, ովքեր աշխատում են և ցանկանում են կրել պրակտիկ, ինչպես նաև ոճային հագուստ: Փորձում եմ ստեղծել երկուսի համադրությունը:
- Ո՞րն է Ձեր ամենամեծ ծրագիրը, և ի՞նչ ծրագրեր են սպասվում ապագայում։
Ես չունեմ կոնկրետ ծրագիր, ես ունեմ մի նպատակ՝ հայկական նորաձևության մի մասը կազմել։ Վերջին շրջանում հայկական նորաձևությունը նոր շունչ և թափ է առել, և, հետևելով այս զարգացումներին, ինքս էլ եմ ցանկանում դրա մի մասը դառնալ և ներկայացնել իմ ոճը։
- Ե՞րբ և որտե՞ղ եք սկսել աշխատել։
Առաջին անգամ նորաձևության ոլորտում սկսել եմ աշխատել Սիրիայում` Հալեպ քաղաքում։ Սակայն այդ ժամանակ աշխատում էի այլ ապրանքանիշների համար՝ կատարելով դիզայներական տարբեր աշխատանքներ տղամարդկանց և կանանց համար։ Համալսարանի երկրորդ կուրսում արդեն իսկ սկսել էի աշխատել այս ոլորտում որպես ոճաբան։ Հետաքրքիրն այն է, որ այսքան տարիների ընթացքում երբեք չեմ դիմել աշխատանքի համար, միշտ կարծես «աշխատանքն է ինձ գտել»։
- Ի՞նչ փոփոխության է ենթարկվել հայաստանյան նորաձևությունը վերջին 20 տարիների ընթացքում։
Ես անձամբ 20 տարի չեմ ապրել Հայաստանում և ընդամենը 2 տարի է, ինչ այստեղ եմ ապրում։ Առաջին անգամ եղել եմ Հայաստանում 2010 թ․-ին։ Ես կարող եմ ասել՝ 2010 թ-ից մինչև 2018 թ․-ն ընկած հատվածում ինչ փոփոխություններ եմ նկատել այստեղ. նոր սերունդը շատ է հետևում նորաձևությանը, ինչպես նաև շատ է հետևում Հայաստանից դուրս միտումներին և փորձում այդպես հագնվել։ Հայաստանում մոլերի բացվելը, կարծում եմ, նույնպես շատ է նպաստում դրան, շատ են նաև հիմա անվանի և բրենդային խանութները, որոնք իրենց միտումներն են թելադրում երիտասարդներին։
- Ի՞նչ դեր ունեն սոցիալական լրատվամիջոցներն այսօրվա նորաձևության մեջ։
Այսօր սոցիալական լրատվամիջոցներն ամենամեծ դերն են խաղում նորաձևության ոլորտում։ Գրեթե բոլորը հետևում են թե՛ ֆեյսբուքում, թե՛ ինստագրամում և թե այլ հարթակներում նորաձևության բլոգերների ոճերին։ Երիտասարդները, միևնույն ժամանակ, հետևում են համաշխարհային դիզայներների միտումներին, ոճերին և սա նույնպես մեծ դեր է խաղում։ Այսօր գովազդ տարածելու ամենամեծ հարթակը, կարծում եմ, սոցիալական լրատվամիջոցներն են. սա շատ է օգնում։
- Ո՞րն է Ձեր ամենահաջողված հավաքածուն։
Իմ ամենահայտնի և հաջողված աշխատանքն առաջին հավաքածուս էր։ Ես ունեցել եմ մեկ մեծ և երեք փոքր հավաքածուներ։ Իմ առաջին հավաքածուն եղել է ամենաշատ գովազդվածն ու ամենամեծ տեսականի ունեցողը։ Ամբողջ հավաքածուն պատրաստված է եղել Սիրիայում։ Իմ հավաքածուի նպատակն էր ցույց տալ հանրությանը, որ բացի պատերազմող Սիրիայից, գոյություն ունի նաև մշակութային Սիրիա, որտեղ երիտասարդները ստեղծագործում են, նոր շունչ են տալիս մշակույթին ու արվեստին։
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սկսնակ դիզայներներին։
Ես ինքս երիտասարդ սկսնակ ոճաբան եմ և կարծում եմ ինձ համար մի քիչ շուտ է խորհուրդ տալը։