Լյուսի Քոչարյան․ «Կրծքով կերակրում vs ծծակ․ ուշադի՛ր եղեք»

Ցավալի փաստ 1

Ծծակն այնքան խորն է մտած ներկա ու ապագա մայրերի գիտակցության մեջ, որ երեխան դեռ չծնված՝ նրանք արդեն տրամադրվում են, որ ծծակ է պետք գալու, դա անխուսափելի է: Օրինակ, ես ինքս առաջին հղիության ընթացքում այս մայրերից եմ եղել ու արդեն իսկ ծծակով մտել եմ հիվանդանոց:

Ցավալի փաստ 2

Հիվանդանոցում կրծքով կերակրման (կկ) ու ծծակի հարցերով գրեթե չեն զբաղվում մամայով զբաղվողները՝ բժիշկները, բուժքույրերը: Կկ խորհրդատուների ու հոգեբանների մասին դե խոսք չկա:

Ցավալի փաստ 3

Կկ-ծծակ հարաբերություններին անպատրաստ, նախապես չտեղեկացված մայրերը «հարձակման» են ենթարկվում ավագ սերնդի կանանց կողմից. «Մենք մեր էրեխեքին, որ սոսկայով ենք մեծացրել, ի՞նչ ա եղել: Մեծացել են էլի: Համ էլ ներվեր ունե՞ս էդքան, կաթը կերավ-վերջացրեց՝ դի՛ր բերանը, թող քնի»:

Երկրորդ հղիության ընթացքում ես պարզեցի, որ աշխարհում հարյուր հազարավոր մայրեր իրենց երեխաներին երբևէ ծծակ չեն առաջարկում ու կատարելապես գործը գլուխ են բերում առանց ծծակի ու ծծակով շշերի: Այդ դեպքում ինչու՞ է այն պահպանում իր կիրառությունը:

Ծծակի ամենատարօրինակ «արդարացումները», որ լսել եմ.

 

*Մի՛ թող երեխան ծծակի պես օգտագործի կուրծքդ:

Սա զավեշտ է, եթե չասենք անհեթեթություն: Որովհետև ամեն ինչ ճիշտ հակառակն է. ծծակն է ստեղծվել կրծքին փոխարինելու համար ու այն երբևէ  չի կարող կրծքին գերազանցել ոչ մի ցուցանիշով: Այո, համակերպվենք նրա հետ, որ կնոջ կրծքագեղձերը բնության կողմից նախատեսված են հենց երեխայի կողմից գործածվելու համար, աշխարհի ամենաօգտակար, ամենադյուրամարս սնունդը, կարևոր հորմոններն ու բացառիկ իմունաստեղծ տարրերը փոխանցելու համար, հետո միայն՝ գեղեցկության, զուգընկերոջ ու հաճույքի:
Ես միշտ մտքումս բարեխնդում եմ, երբ լսում եմ․ «ինչքան երեխայիս փորձեցի ծծակ տալ, թքեց, չվերցրեց ու չվերցրեց» բողոքը: Ապրի ՛ երեխան, նույնիսկ նորածին տարիքում գիտակցել է իր շահն ու ասում է․ «ձեր ռետինե, սառը, չոր, անհամ, անհասկանալի առարկան ձեզ պահեք, ինձ տվեք իմ փափուկ, անուշաբույր, համեղիկ, սրտատրոփ կուրծքը»:

 

*Անընդհատ լացելու դեպքում ծծակը փրկություն է:
Բառ-բանալին այստեղ փրկությունն է. փրկություն ու՞մ համար: Կարծում եմ՝ միայն մայրիկի:

Մի փաստ արձանագրենք՝ մինչև 6 ամսական երեխան լացում է 3 հիմնական պատճառով՝ քաղց, ծարավ, ցավ կամ անհարմարության զգացում: 3-4 ամսականից սկսած՝ նաև ձանձրույթ: Սովն ու ծարավը հստակ հագենում են կկ-ով (մինչև 6 ամսականը ջուր չի կարելի): Ցավը կամ անհարմարությունը ևս կարիք ունեն լուծման: Ծծակ տալով չեն հագենում քաղցը, ծարավը, չի անցնում ցավը: Դրանք ուղղակի հետաձգվում, քողարկվում են: Ձանձրույթն էլ դե վերացնել է պետք կենդանի շփմամբ, զբաղեցնելով, ոչ թե ծծակով բերանը փակելով:

 

Ծծակի վնասներից երեքը

1.Ծծակը խաթարում է կկ գործընթացն ու նպաստում վերքերի առաջացմանը:

Հենց սրա պատճառով են բազմաթիվ մայրեր կկ-ն նախատեսվածից ավելի շուտ ավարտում: Ճիշտ ծծելու դեպքում երեխան կաթ է ստանում՝ վակուում ստեղծելով ու միաժամանակ ստորին ծնոտն ակտիվորեն աշխատեցնելով: Կուրծքը լավ բռնելու համար երեխան պետք է լայն բացի բերանիկը, պտուկը պետք է հայտնվի խորքում՝ բերանիկի շարժուն մասերից հեռու (ստորին ծնոտ և լեզվի ծայր): Իսկ ծծակի համար բերանը մեծ բացել պետք չի: Ցանկության դեպքում այն նույնիսկ փակ բերանի մեջ կարելի է խցկել: Ծծակի դեպքում բերանի այլ մկաններ են աշխատում: Առաջանում է ծծելու մեխանիզմի խառնաշփոթ: Արդյունքում, երեխան կուրծքը փորձում է ծծակի պես ծծել ու մկանների սխալ համադրման արդյունքում վերքեր առաջացնում:

2.Ծծակը քչացնում է կրծքով կերակրումը

Տեսականորեն սա շատ տրամաբանական է. կաթի արտադրվելը կախված է երեխայի կողմից կուրծքը ճիշտ ու հաճախակի ծծելուց: Հենց կուրծքը, ոչ այլ բան: Ու եթե երեխան կրծքի փոխարեն ծծակ է ծծում, դա անխուսափելիորեն կբերի կաթի քչացման: Իսկ հետո կուրծքն ու ծծակը կարող են կամաց-կամաց փոխվել դերերով. որոշ պահերի մորն ավելի հեշտ  կթվա ծծակ տալ, քան կուրծք, իսկ երեխան էլ կսկսի նախընտրել հենց ծծակը, որովհետև հեշտ է (տես՝ 1.): Վերջում մաման կապշի, թե  ինչու է կաթը քչացել: Չնայած, գուցե և չապշի, որովհետև կարելի է ասել. «կաթ չունեի, ցեղական ա»:

 3.Ծծակը հանգեցնում է կրծքից հրաժարվելուն:

Կրծքի հետ երեխայի փոխհարաբերություններն ավելի բարդ են, քան ծծակի: Ոչ թե դժվար, այլ բարդ ու բազմազան: Կրծքից կաթը տարբեր արագությամբ է հոսում՝ մեկ-մեկ շատ ինտենսիվ, մեկ-մեկ էլ երեխան ստիպված է  պեղել «հետին», դանդաղ եկող, յուղոտ ու սննդարար կաթիկը: Այսինքն երեխան կկ-ի դեպքում «աշխատասեր» է, մինչդեռ ծծակի դեպքում, որտեղից մշտապես  նույն արագությամբ կաթ է հոսում, նա ծուլանում է: Որոշ ժամանակ անց՝ հրաժարվում կրծքի աշխատատար ծծումից ու նույնիսկ նյարդայնանում կրծքից: Ու էլի, մամաները զարմանում են, թե ինչու է երեխան հրաժարվում կրծքի կաթից ու հանգստանում ծծակից:

Անխոս, կան բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները բարեհաջող համադրում են ծծակն ու կերակրվում են կրծքով՝ առանց վերոնշյալ խնդիրների: Ուղղակի կանխավ հնարավոր չէ գուշակել, թե կոնկրետ տվյալ երեխան ինչպիսին կլինի՝ կշարունակի կկ-ն, թե  չարաբաստիկ ծծակի պատճառով կհրաժարվի կրծքից կամ կվնասի այն: Ընդ որում, ըստ վիճակագրության՝ կկ-ն կորցնելու հավանականությունն անգամներով ավելի մեծ է այն պահպանելու հնարավորությունից: Չնայած՝ եթե նույնիսկ պահպանվի կկ-ն, ծծակը կարիեսի ու կծվածքի հետ է խնդիրներ առաջացնում: Այնպես որ, մի՛ ալարեք՝ ծծակի հարցերը լուծեք դեռ հղիության ընթացքում:

Ու վերջում, դրվագ աղջկանիցս: Տիկնիկ նվեր ստացավ՝ բերանում ծծակ: Բայց քանի որ երբեք իրական ծծակ չէր տեսել, չհասկացավ՝ ինչ է: Հանեց, զարմացած ասաց՝ մամա՜, տիկնիկի բերանում մեխ են մտցրել: Հանենք, որ կարողանա խոսել:

Հեղինակ՝ Լյուսի Քոչարյան