Խաղեր՝ 8 ամսական երեխայի զարգացումը խթանելու համար

Ձեր երեխան օրեցօր մեծանում է: 8 ամսականում նա արդեն փորձում է շփվել ձեզ հետ և ինքնուրույն շարժվել սովորել: Սա հենց այն ժամանակն է, երբ նա պատրաստ է տարբեր խաղերի միջոցով ներգրավվել շրջապատի հետ շփման մեջ:

Եվ թեև ձեզ կարող է թվալ, թե 8 ամսական երեխան դեռ շատ փոքր է խաղերի համար, սակայն դուք կարող եք շատ ուրախ ժամանակ անցկացնել ձեր փոքրիկի հետ հետևյալ մանկական խաղերի միջոցով:

Աղմկոտ խաղեր նախաձեռնեք

Ինչպես արդեն հավանաբար նկատել եք, սա մի փուլ է, երբ երեխայի համար աղմկելը զվարճալի է: Նրանք արդեն կարողանում են մի քանի բառ ասել և աղմկել՝ ամեն կերպ հայտնելով իրենց ներկայության մասին: Ձեր փոխադարձ արձագանքը կարող է աղմկոտ խաղի վերածվել՝ զվարճացնելով փոքրիկին:

Պարեք և երգեք միասին

Նույնիսկ եթե ձեր երեխան չի քայլում, դա դեռ չի նշանակում, թե դուք չեք կարող նրա հետ պարային խաղերով զբաղվել: Այս տարիքում երեխաները սիրում են երաժշտություն լսել, և նույնիսկ եթե նրանք դեռ չեն կարողանում ինքնուրույն պարային շարժումներ կատարել երաժշտության ներքո, այնուամենայնիվ, ծնողների օգնությամբ տարբեր շարժումներ կատարելը շատ լավ է ազդում նրանց շարժողական համակարգի զարգացման վրա:

Օգնեք երեխաներին կանգնել

8 ամսականում երեխաներն արդեն փորձում են կանգնել՝ նախապատրաստվելով քայլելու «դժվարին» փուլին, և սա նույնպես խաղի հիանալի գաղափար է։ Հաջորդականությամբ կանգնելու և նստելու միջոցով կարելի է զարգացնել երեխայի ոտքի մկանները:

Կարդացեք միասին

Կարդալը հիանալի միջոց է երեխայի բառապաշարը հարստացնելու և շրջապատող աշխարհին ծանոթացնելու համար: Կարող եք սկսել կարճ նկարազարդ գրքերից. ներգրավեք երեխային պատմության մեջ և ցույց տվեք նրան այն առարկաներն ու կենդանիները, որոնց նա արդեն ծանոթ է:

Աղբյուր՝ flo.health