Լիզա. «կա ավանդապաշտություն. եթե աղջիկ եմ, ուրեմն գիշերը երգել չի կարելի»

Classy.am ամսագիրն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս բացահայտել արդեն ճանաչված մարդկանց, նորովի ծանոթանալ նրանց էությանն ու քչերին հայտնի կյանքի դրվագներին:

Այս անգամ մեր զրուցակիցը հայկական էստրդայի նորահայտ ներկայացուցիչներից մեկն է` երգչուհի Լիզան, ով վերջերս է տեղափոխվել Լիբանանից և ցանկանում է իր գրծունեությունը շարունակել այստեղ՝ Հայաստանում։

     

-Պատմե՛ք Ձեր մասին։ Ինչպե՞ս եք սկսել Ձեր գործունեությունը։

-Դեռ մանկուց շատ եմ սիրել երգել։ Սովորել եմ արևելյան երաժշտություն։ Սկսել եմ երգել արաբերեն և հունարեն։ Հետո որոշել եմ երգել հայերեն, որքան հնարավորությունս թույլ է տվել։ Սկսել եմ երգեր վերամշակել և տեղադրել Youtube-ում։ Այնուհետև, ոգեշնչվել եմ հայկական երգերով, ձայնագրել իմ սեփականն ու նկարահանել տեսահոլովակ։

-Ինչու՞ առաջին երգը հայերեն։

-Քանի որ ես հայ եմ։ Ինչ լեզվով էլ երգեմ, պետք է միշտ ձգտեմ հայերենի։

Երաժշտական կրթություն ունե՞ք։

-Ես արաբական երաժշտություն եմ սովորել Լիբանանի կոնսերվատորիայում։ Լիբանանում մասնակցել եմ զանազան մրցույթների։ Գիտե՞ք, սփյուռքահայը միշտ դժվարություններ ունի։ Լիբանանի հայերի համար հեշտ չէ այդ տեսակ մրցույթներին մասնակցելը, բայց ես կարողացա մասնակցել և հաջողություններ գրանցել։

-Հայ ընտանիքները մեծամասամբ ավանդապաշտ են։ Շատերն իրենց դուստրերին չեն տեսնում շոու-բիզնեսում։ Որքա՞ն է Ձեզ ձեր ընտանիքն օգնել կամ խոչընդոտել։

-Երբ երգում էի եկեղեցիներում և դպրոցում, ընտանիքս սատարում էր ինձ։ Սակայն, երբ ցանկացա երազանքիս հասնելու համար էլ ավելի առաջ գնալ, այստեղ ընտանիքս սկսեց վախենալ․արգելում էին երգել։ Նրանց միակ մտոհոգությունն այն էր, որ ապրում էինք արաբական երկրում։ Կա ավանդապաշտություն, եթե աղջիկ եմ, ուրեմն գիշերը երգել չի կարելի։ Բայց ես հաղթահարեցի բոլոր խոչընդոտները։

-Կա՞ն սահմաններ, որոնք երբեք չեք անցնի։

-Կարծում եմ՝ այո, քանի որ արդեն ամուսնացել եմ։ Ունեմ 2 երեխա։ Ես ինքս ինձ արդեն սահմաններ եմ դրել։ Շատ եմ սիրում երգել, բայց չեմ ցանկանա, որ սերս արգելք դառնա երեխաներիս համար։ Չնայած ամուսինս ինձ շատ քաջալերում է, բայց նրա մեծահոգությունը չարաշահել չեմ ուզում։

-Երբևէ հայ պրոդյուսերի հետ գործակցե՞լ եք։

-Սփյուռքում մենք դժվարություն ունենք պրոդյուսերների հետ գործակցելիս։ Մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերի սահմանում։ Ինչ վերաբերում է Երևանին, ես նոր եմ եկել այստեղ և որոշել եմ մնալ, քանի որ ամբողջ ընտանիքս է վերադարձել։ Հնարավոր է՝ առիթի ու հնարավորության դեպքում աշխատեմ հայ պրոդյուսերի հետ։

-Քաղաքական իրադարձություններից տեղյակ կլինեք… Ի՞նչ եք կարծում այն կանդրադառնա նաև շոու բիզնեսի զարգացման վրա։

-Շատ մեծ է հույսն ու հավատքը, հատկապես գործող կառավարությանը։ Ես ոչինչ չեմ ակնկալում հայրենիքից: Ցանկանում եմ ինքս ինչ-որ բան տալ երկրիս։ Շոու-բիզնեսը չեմ համարում ապրուստ ունենալու աղբյուր․այն ավելի շատ հաճույք է ինձ համար, միջոց, որ ձայնս լսելի դարձնեմ։ Շատերն ինձ մեղադրում էին, որ երգում էի, երբ հայրենիքս ծանր դրության մեջ էր, բայց եթե ազգային երգեր չէի երգում, չի նշանակում, թե հայրենիքիս հետ չեմ։ Անշուշտ, ազգային երգեր ևս կձայնագրեմ։

-Համաշխարհային աստղերից ու՞մ եք երկրպագում։ Անուններ տվե՛ք նաև Հայաստանի շոու-բիզնեսի կատարողներից։

-Ես Սելեն Դիոնի երկրպագուն եմ։ Գնահատում եմ նրա պարզությունը։ Միշտ փորձում եմ հետևել նրան։ Արաբական երգարվեստում ևս ունեմ սիրված կատարողներ։

Ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսին, իրավունք չունեմ որևէ մեկին վատաբանելու։ Գրեթե բոլորը մասնագիտացված են ասպարեզում։ Շատ սիրում եմ Ռազմիկ Ամյան։ Աղջիկներից համակրում եմ Սիլվա Հակոբյանին։

-Ասե՛ք, ինչ հատկանիշներն պետք է ունենա արտիստը։ Որպես կին ի՞նչ խորհուրդ կտաք կանանց և աղջիկներին։

-Պետք է արտաքին գեղեցկությունից ավելի ուշադրություն դարձնել ներքին գեղեցկությանը։ Պետք է լինել շատ արդար և բարի։ Սակայն, արտաքինի մասին հոգ տանելն էլ վատ չէ։

Իսկ որպես երգչուհի՝ կասեմ, որ երգիչները պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց ձայնին և բարելավեն երգեցողության ոճը։

-Առհասարակ, ի՞նչն եք քննադատում Հայաստանում։

-Չեմ ընդունում այն փաստը, որ հայրենի արվեստագետն իր գործի հանդեպ հավատ չունի։ Շատ է պատահել, երբ զարմացել են, որ ես կարող եմ հայերեն երգել, գրել կամ կարդալ։ Շատերը կարծում են, որ եթե այստեղ չեմ ծնվել, հայերեն չեմ երգում և զգում այնպես ինչպես տեղացիները։