Ինչպես հիմնել սեփական բիզնեսը և խուսափել ձախողումից

Եթե ​​որոշել եք հիմնել ձեր սեփական բիզնեսը, ապա հավանաբար խորհրդատվության կարիք ունեք։  Եվ շուրջը հնչող խորհուրդների բազմազանության մեջ  կարելի է հեշտությամբ մոլորվել։

 Ներկայացնում ենք մի քանի կարևոր խորհուրդ սկսնակ գործարարների համար, որոնց մասին նախկինում երբեք չեք լսել։

  1. Վախեր

Այն միտքը, որ դուք լինելու եք ձեր սեփական ղեկավարը, կարող է սարսափեցնող թվալ։  Շատ հաճախ սկսնակ գործարարները կորցնելու շատ բան ունեն, իսկ հաջողելու հնարավորությունները երբեմն մշուշոտ են թվում։ Ռիսկերի մասին անհանգստանալը նորմալ է: Բայց արդարացումները միայն դանդաղեցնում են ձեր ընթացքը։ Եթե ​​իսկապես ցանկանում եք բիզնես սկսել, ապա պետք է փորձեք ազատվել բոլոր վախերից։

2․ Կլանեք ամեն բան

Լսեք, թե ուրիշներն ինչ են ասում ձեր նոր գաղափարի վերաբերյալ՝ ընկերներ, ընտանիք, փորձագետներ, նույնիսկ լսեք ձեզ: Երբ խոսքը վերաբերում է ձեր ձեռնարկատիրական նպատակներին, եղեք սպունգի պես։ Երբ լսում եք, սկսեք այդ գաղափարները մշակել ձեր գլխում։  Գրի առեք ձեր մտքերը՝ մանրամասն պլան մշակելու համար: Մի անտեսեք մասնագետների և փորձառու գործարարների խորհուրդները։ Խելացի ձեռներեցները սովորում են ուրիշների սխալներից։

3․ Լուծումներ փնտրեք

Ձեր գաղափարը կյանքի կոչելուց առաջ նախ հասկացեք, թե ինչ խնդիր է այն լուծելու։ Ավելի հեշտ է հաճախորդներ ձեռք բերել այն դեպքում, երբ ձեր բիզնեսը որևէ խնդրի լուծում է առաջարկում։ Ձեր բիզնեսը պետք է իր ուրույն և պահանջված տեղն ունենա շուկայում։

4․  Պարզ եղեք ձեր գաղափարներում

Պետք է ուշադիր լինել բիզնես ծրագիր կազմելիս, որ այն վերջում չվերածվի մի մեծ խնդրի։ Հակառակ պարագայում, արդյունքում կարող եք ունենալ մի թանկարժեք նախագիծ, որը ոչ ոք չի ցանկանա գնել։

5․ Հաշվեք բոլոր ծախսերը

Երբ կսկսեք զարգացնել ձեր բիզնես գաղափարը, հաշվեք, թե որքան այն կարժենա: Պետք է մանրամասն հաշվարկել բոլոր ներդրումային ծրագրերը։ Հիշեք, որ ծախսերը ներառում են նաև հարցեր, ինչպիսիք են վարձավճարը, շուկայավարումը և այլն:

6․ Պատկերացրեք, որ սնանկացել եք

Մեծ հավանականություն կա, որ դուք կարող եք սնանկանալ։ Ուշադրություն դարձրեք ձեր այժմյան եկամտի աղբյուրներին։ Որքա՞ն եք այժմ վաստակում։ Որքա՞ն երկար կարող եք օգտագործել ձեր խնայողությունները։ Ինքներդ ձեզ համար երևակայեք տարբեր իրավիճակային փոփոխություններ, որոնք ամեն պահի կարող են տեղի ունենալ, եթե ձեր բիզնես գաղափարը իրեն չարդարացնի։

7․ Խոսեք ձեր բիզնեսի մասին

Գործարարների համար մեծ մարտահրավեր է վաճառել արտադրանքը։ Կարող եք դժվարություններ ունենալ ձեր բիզնեսը ներկայացնելու հարցում, հատկապես այն պարագայում, երբ նորեկ եք շուկայում։ Պատրաստ եղեք համարձակ կերպով խոսելու ձեր բիզնեսի մասին։

8․ Իրազեկ եղեք օրենքներից

Նախպես ծանոթացեք անհրաժեշտ օրենսդրությանը։ Բիզնես սկսելը հետաքրքիր է, իսկ օրենքներն  ուսումնասիրելը՝ ոչ այնքան: Օրենքներին չհետևելու արդյունքում կարող եք մեծ տուգանքների ենթարկվել:

Աղբյուրը՝ Forbes.com