Ինչպե՞ս է սոցիալական մեդիան ազդում հղիության վրա

Պարզվում է` սոցիալական մեդիայի ազդեցությունը հղիության վրա կարող է հսկայական լինել։

Հղի կինը սոցիալական մեդիայում հաճախ հանդիպում է հայտնիների, ովքեր հրապարակում են իրենց հղի նկարները: Տպավորություն է ստեղծվում, որ նրանց մարմինը բացարձակապես չի փոխվել, և միայն գեղեցիկ փորիկն է ավելացել: Եվ այս հանգամանքը ենթագիտակցորեն ազդում է կնոջ վրա: Մինչդեռ հղիության ընթացքում կարևոր է կենտրոնանալ ոչ թե արտաքին տեսքի, այլ այն հանգամանքի վրա, որ դուք նոր մարդու եք կյանք տալու, և բոլոր փոփոխություններն առավել քան բնական են, քանի որ ծառայում են ձեր գլխավոր նպատակին՝ առողջ բալիկ լույս աշխարհ բերելուն:

Իհարկե, դժվար է դիմանալ ճնշմանը, երբ սոցիալական մեդիան ձեզ պարտադրում է միաժամանակ հղի և սեքսուալ լինել: Հենց այդ պատճառով ցանկալի է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր փորձում են սոցիալական ցանցերում «վաճառել» իրենց թյուր պատկերացումները հղիության և հղի կնոջ մասին: Պարզապես հիշեք, որ հղիության ընթացքում ամենակարևորը ոչ թե գեղեցկությունն է, այլ ձեր և ձեր ապագա երեխայի առողջությունը:

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում հաճախ են քննարկում, թե ինչպես կարելի է հղիությունից հետո վերականգնել նախկին տեսքը, ազատվել ավելորդ քաշից և լինել սեքսուալ: Սակայն ծննդաբերությունից հետո, երբ նաև պետք է հոգ տանել նորածնի մասին, կանայք բավարար ուժ, ինչպես նաև գումար չեն ունենում տարատեսակ դիետաների կամ կոսմետիկ միջոցների մասին մտածելու համար:

Ի վերջո, ձեր երեխան սիրում է ձեզ անկախ ամեն ինչից, դուք նրա համար լավագույնն եք, և նրա համար կարևոր է ձեզ տեսնել առողջ և երջանիկ՝ հենց այնպիսին, ինչպիսին դուք կաք:

Աղբյուր՝ flo.health