Ի՞նչ է պետք իմանալ խալերի մասին

Հազարավոր տարիների ընթացքում մարդիկ փորձել են գուշակել խալերի գաղտնի իմաստը։ Հին Չինաստանում և Հնդկաստանում գուշակները կարդում էին մարդկանց ճակատագրերը մարմնի վրա եղած հետքերով: Իսկ միջնադարյան Անգլիայում և Ֆրանսիայում խալերը համարվում էին վհուկ լինելու նշան:

Այսօր գիտությունը խալերի թեման շատ խորն է ուսումնասիրել՝ պարզաբանելով դրանց առաջացման յուրահատկությունները, պատճառները և  էվոլյուցիան։ Ձեզ ենք ներկայացնում խալերի առաջացման հիմնական պատճառները, ինչ է պետք իմանալ դրանց մասին, և ինչպես դրանք պահել վերահսկողության տակ։

  1. Ի՞նչ է խալը

Ըստ բժշկական տերմինաբանության՝ խալը կամ բնածին նշանը կոչվում է նևուս, որը փոքրիկ պիգմենտացիոն ձևավորում է մաշկի վրա։ Այն կարող է լինել հարթ, մեծ, շագանակագույն, սև և նույնիսկ կապույտ։ Խալի գույնը կախված է դրա բնույթից: Անոթների աճից առաջացած խալերը կարմիր են լինում, իսկ մելանոցիտների՝ մելանին պիգմենտ արտադրող բջիջների կուտակումից  առաջացած խալերը՝ շագանակագույն:

Խալերը կարելի է երկու խմբի բաժանել՝ բնածին և ձեռքբերովի։ Դրանց մեծամասնությունը կյանքի առաջին 30 տարիներին են առաջանում, իսկ մնացածը, որոնք ի հայտ են գալիս փոքր-ինչ ուշ, պետք է մշտապես վերահսկել։

Խալերի առաջացման հիմնական պատճառները հետևյալն են.

գենետիկ հակվածություն,

ուլտրամանուշակագույն ճառագայթներ (արևից կամ սոլյարիից),

հորմոնալ փոփոխություններ (օրինակ՝ հղիության ժամանակ),

վնասակար ճառագայթումներ, սթրես, վիրուսներ և վնասվածքներ:

Ինչպես և պեպենների դեպքում (դրանք նույնպես մելանոցիտների կուտակումից են առաջանում), խալերը «սիրում են» բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, որոնք զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Սակայն, ի տարբերություն պեպենների, որոնք եղանակի փոփոխությամբ կարող են անհետանալ, խալերը այդպիսի յուրահատկություն չունեն։

  1. Քա՞նի հատ խալն է նորմալ

Քանակի նորմ սահմանված չէ։ Մոլորակի գրեթե բոլոր 10 տարեկանից բարձր բնակիչների մոտ կա մոտավորապես 10-40 խալ, որոնք կարող են լինել ոչ միայն գրավիչ, այլ նաև տգեղ, չափից դուրս մեծ և նույնիսկ մազածածկույթով։ Խալերը կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասում, ներառյալ լորձաթաղանթի վրա (բերան, քիթ և այլն), սակայն այդ «ներքին» խալերն ավելի տարածված են կանանց մոտ, քան տղամարդկանց։

  1. Դրանք կարո՞ղ են փոխվել

Նորածինների մոտ հազվադեպ են խալեր լինում, կամ էլ դրանք այնքան փոքր են, որ անզեն աչքով չեն երևում։ Ժամանակի ընթացքում դրանք ավելի տեսանելի են դառնում, այսպես ասած՝ մեծանում են իրենց տիրոջ հետ միասին։ Հորմոնների կողմից խթանվող խալերի արագ տարածումը տեղի է ունենում հասունացման տարիքում, բացի այդ, դրանք կարող են մեծանալ և փոխել իրենց գույնը։

  1. Ինչպե՞ս է ազդում արևը խալերի վրա

Ընդհանրապես, շատ վատ։ Արևից պետք է խուսափել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը միշտ մեծացնում է նոր նշանների ռիսկը կամ հների փոխակերպումը ինչ-որ վատ բանի։ Պաշտպանությունը ամենալավ ռազմավարությունն է։ Եթե արևն ուժեղ է, ապա ամեն օր օգտագործեք արևապաշտպան քսուք SPF 30-ից ոչ պակաս։

  1. Ո՞ր տեսակի խալերն են վտանգավոր

«Լավ» խալերը հստակ ուրվագծված են մաշկի վրա, հարթ են կամ թեթևակի ցցուն և ունեն միանման կառուցվածք։ Այդպիսի նևուսները անվտանգ են և ոչ մի միջամտություն չեն պահանջում: Դրանք ավելի շատ են, քան խնդրահարույց խալերը։

Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից և պարբերաբար ստացված վնասվածքներից որոշ խալեր կարող են փոխակերպվել մելանոմայի, որը քաղցկեղի տեսակ է։

Կարող եք հետևել խալերին՝ առաջնորդվելով ABCDE համակարգով։ Ահա, թե ինչպես է բացվում այս հապավումը.

A-asymmetry (խալ, որը հանկարծ ասիմետրիկ տեսք է ձեռք բերել),

B-border (փոխել է  սահմանները և տարածվել է մաշկով),

C-color (գույնը փոխվել է, կամ այն ստացել է գույների մի ամբողջ փունջ),

D-diameter (չափսը մեծացել է),

E-evolving (զգալիորեն փոխվել է և դարձել ավելի ուռուցիկ):

  1. Հեռացնել, թե՞ հպարտանալ

Նվազեցնե՛նք բացասական հույզերը։ Խալերը մեր եզակիության պայծառ նշան են, մանավանդ հիմա, երբ զանգվածային մշակույթը քիչ-քիչ ազատվում է գեղեցկության անիմաստ չափանիշներից։ Համենայն դեպս, ամեն անգամ, երբ դիմահարդարները քողարկում են Ջիջի Հադիդի փորի խալերը, երկրպագուներն իսկական սկանդալ են սարքում՝ պաշտպանելու նրա յուրօրինակ գեղեցկությունը։

Միևնույն ժամանակ, ըստ կոսմետիկ վիրաբուժության համաշխարհային վիճակագրության տվյալների՝ խալերի հեռացման դիմումների քանակն անցած տարվա համեմատ ավելացել է 15%-ով։ Եթե դուք որոշել եք ձերբազատվել նևուսից, առանց որևէ լուրջ պատճառի, ապա ինչպիսի մեթոդ էլ ընտրի ձեր բժիշկը ( լինի դա լազեր, թե վիրաբուժական միջամտություն), դրանից մնացած սպին կարող է ձեզ ավելի նյարդայնացնել, քան հենց ինքը՝ խալը։

Աղբյուր՝ Elle