Թրամփի դստեր և փեսացուի միլիոնների վաստակը՝ մեկ տարում. The Guardian

Լրատվամիջոցներում հրապարակվել են հոդվածներ Թրամփի ընտանիքի անդամների ֆինանսական կարողությունների և դրանց չարաշահման մասին։   Մասնավորապես անդրադարձ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ֆինանսական հաշվետվությանը, համաձայն որի՝ ամուսինները մեկ տարում վաստակել են ավելի քան 82 մլն դոլար: Այս մասին հաղորդում է հեղինակավոր The Guardian պարբերականը։

The Guardian-ի փոխանցմամբ, հրապարակումը ցույց է տալիս, որ Թրամփն ու Քուշներն այս գումարը վաստակել են ոչ թե Սպիտակ տանն աշխատելով, այլ խորհրդականի պաշտոնից զատ այլ գործունեության արդյունքում:

Մասնավորապես՝ Իվանկա Թրամփը 3.9 մլն դոլար է ստացել Trump International Hotel-ում ունեցած իր մասնաբաժնից, ևս 5 մլն դոլար՝ իրեն պատկանող բրենդից, 2 մլն դոլար՝ Trump Payroll Corp ընկերությունից, 289.000 դոլար՝ իր գրած գրքի վաճառքից:

Պարբերականի փոխանցմամբ, ամուսինների խոսնակ Փիթեր Միրիջանյանն, անդրադառնալով խնդրին, նշել է,  որ զույգի ընդհանուր կարողությունն էականորեն չի փոխվել:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփն ու նրա ընտանիքի անդամները պարբերաբար քննադատվում են ղեկավարի պաշտոնը հօգուտ անձնական հարստացման օգտագործման համար: