
Մահմեդական գեղեցկուհին հրաժարվել է կիսամերկ բեմ դուրս գալ Երևանում կայացած «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթին:
Նոյեմբերի 4-ին մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում շքեղ իրարանցում էր. կայացավ «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Կազմակերպիչները, ինչպես արդեն խոստացել էին, իրապես ապահովեցին տարվա ամենաշքեղ շոուն՝ գեղեցկուհիներ՝ 21 երկրներից, հայտնի կատարողներ արտասահմանից, գերժամանակակից լուսաձայնային էֆեկտներ, բարձրակարգ բեմականացում, հայտնի դեմքեր, անուններ, որոնք երբևէ Հայաստանում չէին եղել.. վերջում ճայթող փայլեր ու շքեղ հրավառություն: Այս ամենը վայելելու համար քիչ չէին նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկները:
Դահլիճում ազատ տեղեր չկային, հանդիսականների շարքերում էին նաև հատուկ պատվիրակություններ տարբեր երկրներից: Կազմակերպիչների խոսքով՝ այդ շարքերում կային ներկայացուցիչներ Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր նորաձևության տներից. նրանց հրավիրել էին, որպեսզի ապահովեին բարձր մակարդակով շոու : Փոքրաթիվ չէր նաև գեղեցկուհիներին ուղեկցող հատուկ պատվիրակությունների կազմը՝ պրոդյուսերներ, անվտանգության աշխատակիցներ, լրագրողներ ու լուսանկարիչներ…
Միջազգային մրցույթից հետո Classy.am-ը հասցրեց կազմակերպիչների հետ կարճ հարցուպատասխան ունենալ:
Մրցույթի կազմակերպիչները մասնագիտությամբ բժիշկ-տոմատոլոգ Կարինե Սարգսյանն ու Նաիրի Մնացականյանն են:
Նաիրին «Նաիրի թրեվլ» տուրիստական կազմակերպության հիմնադիր ղեկավարն է, նա իր վրա է վերցրել ամեն տարի «Միս ԱՊՀ և Թոփ մոդել ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթների եզրափակիչ համերգն անցկացնելու ֆինանսական պատասխանատվությունը: Այս հարցում համախոհներ դեռ չունի, բայց սա չի խանգարում, որպեսզի երիտասարդ գործարարը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի մրցույթին՝ գեղեցկուհիների կաստինգի կազմակերպչական ամենանուրբ հարցերից մինչև եզրափակիչ հանդիսավոր արարողություն:
Մրցույթն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում՝ անկախ հաղթող երկրից:
Տրամաբանությունն այն է, որ Նաիրին «Միս ԱՊՀ և Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթի գրասենյակից ստացել է հատուկ լիցենզիա, որով նրան իրավունք է տրվում՝ այս ամենամյա մրցույթի եզրափակիչ հանդիսավոր համերգն ամեն տարի անցկացնել բացառապես Հայաստանում:
Նպատակը մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելն է, որին, գործարարը համոզված է՝ կարելի է հասնել նաև միջազգային մրցույթներ անցկացնելու միջոցով:
– Մենք հասել ենք մեզ համար ուղենիշային կետի ,- Classy.am-ի հետ զրույցում նշում է մրցույթի կազմկոմիտեյի ղեկավար Կարինե Սարգսյանը:
-Անցած տարի դեկտեմբերի 9-ին Մերիդիան կենտրոնում անցկացված «Թոփ մոդել ԱՊՀ 2017»-ին այս տարի գերազանցել ենք բոլոր առումներով՝ մրցույթի կազմակերպչական հարցերում որակական աճից մինչև մասնակից երկրների ընդլայնված շառավղով աշխարհագրություն: Մասնակից երկրների թիվը հասել է 21-ի՝ նախորդ 15-ի փոխարեն, իսկ դա նշանակում է, որ մենք կարճ ժամանակում հասցրել ենք ճանաչում ու վստահություն ձեռք բերել զարգացած երկրների շրջանում: Ինքներդ էլ հասկանում եք, որ գեղեցկության մրցույթները մեր օրերում այնքան էլ արդիական չեն, դրանց հանդեպ հետաքրքրությունը մարել է նաև տարածաշրջանում: Բայց իմ և Նաիրիի համատեղ ջանքերն արդյունավետ եղան: Ես համոզված եմ, որ դեռ ավելի ընդգրկուն մասշտաբների ենք հասնելու, մեր երկիր կբերենք հազարներով այցելուներ, մենք մեր երկիրը պիտի դարձնենք ավելի ճանաչելի:
– Այո, մեր ձգտումների նպատակակետը հենց դա է,- հարցազրույցին միացավ «Միս ԱՊՀ և Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրի Մնացականյանը,- Հայաստան բերել մեծ թվով զբոսաշրջիկներ, Երևանը դարձնել նաև միջազգային բեմերի քաղաք, ցույց տալ, որ մենք էլ ի վիճակի ենք այսպիսի բարձրակարգ միջազգային մրցույթներ կազմակերպել։
-Ռիսկային չէ՞ արդյոք գումարներ ծախսել մի միջոցառման համար, որն արդեն տասնյակ տարիներ իրեն սպառած կամ մոռացված ավանդույթ կարելի է համարել:
-Իհարկե ռիսկային է, մանավանդ որ «Միս ԱՊՀ և Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթների անցկացման լիցենզիան պարտավորեցնում է՝ նույն մակարդակով այն անցկացնել ամեն տարի անընդմեջ: Բայց ինձ գրավում է Հայաստանում միջազգային զիլ պրոեկտներ անելու գաղափարը: Հայաստանը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ նաև բիզնես ֆորումների, երաժշտական փառատոնների, միջազգային մրցույթների և այլնի միջոցով: Սրանք հեռանկարային են, եթե առանց վախերի ու էնտուզիազմով ես մոտենում հարցին: Ես այս ամենում ներգրավված եմ եղել դեռևս տարիներ առաջ՝ ռուսական շուկայի միջոցով՝ որպես գովզադային գործընկեր, և մեծ գումարների դիմաց ինձ բավարարում էր միայն այն, որ միջազգային բեմում, երբ աշխարհի մի մասի ուշադրությունն էկրաններին էր սևեռված, թեկուզ մի ակնթարթ հնչում էր Հայաստանի անունը:
Ինքներդ էլ հասկանում եք, թե որքան դժվար է ժամանակակից սերնդի մոտ ձևավորել վերաբերմունք այսպիսի միջոցառումների հանդեպ, երբ արդիական են զանազան հետաքրքրություններ, երբ ինտերնետային տիրույթն ընձեռում է անծայրածիր հնարավորություններ: Բայց գեղեցկությունը գնահատվում է բոլոր ժամանակներում, և մեզ կհաջողվի վերստեղծել ու ներգրավվել գեղեցկության մրցույթների սեգմենտը, որ ակտիվ էր տասնյակ տարիներ առաջ: Իմ նպատակն այս ամենի մեջ ներդրած գումարները բազմապատկելը կամ եռապատկելը չէ: Իրականում իմ հաշվարկները հենասիրական էմոցիաների դաշտում են: Տուրիստական գործունեությանս բերումով հասկացել եմ, որ մենք ներկայանալի ենք, առաջարկելու շատ բան ունենք, սակայն մեր երկիրը, ցավոք, ճանաչելի չէ օտարի համար: Որպես տուրիստական երկիր հային ու Հայաստանը ներկայացնել է հարկավոր՝ միջազգային մակարդակում: Եվ ես այս մրցույթների կազմակերպումով փորձում եմ ինքս էլ իմ հերթին Հայաստանը դարձնել գեղեցկության կենտրոն, մրցույթների անցկացման հարթակ և ազգերի շփումների ամենահյուրընկալ և գունեղ վայր:
Առայժմ հաջողում ենք, վստահ եմ կգտնվեն համախոհներ բիզնես ոլորտում և պետական համակարգում:
-Պետական համակարգից ի՞նչ աջակցություն եք ակնկալում, Նաիրի:
-Միակ ակնկալիքն այն է, որ ամենամյա միջոցառումն ստանա նաև կարգավիճակ: Եղել են մի քանի հանդիպումներ, կառուցողական դաշտում քննարկումներ են ծավալվել ներկայիս մշակույթի նախարարի՝ Լիլիթ Մակունցի, Էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանի հետ: Խոստումներ հնչել են , բայց կոնկրետ քայլերի սպասում եմ հաջորդ տարիների համար: Առայժմ գործի հաջողության երաշխիքը իմ համառությունն է:
-Իսկ, ըստ Ձեզ, մրցույթի ամենահիշարժան պահը ո՞րն էր:
-Շնորհիվ ռեժիսորական կրեատիվ լուծումների՝ ողջ միջոցառումն էլ գունեղ և հիշարժան ստացվեց, իսկ ինձ համար՝ որպես կազմակերպչի՝ ամենահետաքրքիրը մահմեդական երկրներից ժամանած գեղեցկուհիների մասնակցությունն էր: Նրանք եկել էին Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից: Ի դեպ, նրանցից մեկը խնդրել էր՝ ընդառաջել, որպեսզի կիսամերկ դուրս չգա բեմ: Ասաց, որ խոստացել է ծնողներին՝ լողազգեստով մարմինը չցուցադրել, մենք էլ ժյուրիի անդամների հետ միասին որոշեցինք ընդառաջել նրան:
-Ամոթխած գեղեցկուհուն կրոնակա՞ն համոզմունքներն էին խանգարել, թե՞ միգուցե է ինչ-որ պլաստիկ վիրահատություն ուներ թաքցնելու:
-Հավանաբար հենց մենթալիտետի խնդիր կար: Պլաստիկ վիրահատությունների մասով, խոստովանեմ, լուրջ խնդիր կա: Անզեն աչքով, իհարկե, նկատում ենք կրծքերի, հետույքի կամ կոնքոսկրերի շրջանում վիրահատական միջամտությունները, բայց ավելի նուրբ են արված լինում դիմագծերի վիրահատությունները, ինչը մենք, հնարավոր է, չնկատենք: Սա, իհարկե, անհավասար պայմաններ է ստեղծում մրցույթում հայտ ներկայացնողների համար, սակայն մենք էլ խնդիր ունենք՝ կասկածելի դեպքերում մարդու անցյալը փորփրելու դեպքում: Լուսանկարներ, հին տեսանյութեր և այլն պահանջել չենք կարող, անձի մասնավոր տարածքն է, կոնֆիդենցիալ է, հասկանում եք: Ուստի աշխատում ենք հնարավորինս պահել բարձր չափորոշիչները այնքանով՝ որքանով մեզ տեսանելի ու հասանելի է:
Լրագրող՝ Հ․Կ․