
Ե՞րբ են նորածինները սկսում խոսել
Իրականում դժվար է կոնկրետ ասել, թե ե՞րբ են նորածինները սկսում հնչյուններից զատ իմաստալից բառեր օգտագործել։ Շատ մայրեր անհանգստանում են, որ իրենց երեխաները դեռ բառեր չեն արտասանում, սակայն պետք է հիշենք, որ ամենակարևորն այն է, որ ձեր երեխան հնչյուններ է հնչեցնում և փորձում է շփվել, ինչը ցույց է տալիս, որ երեխայի մոտ նորմալ կերպով զարգանում է խոսքը:
Ըստ մասնագետների, հիմնականում, երեխաները սկսում են իմաստալից բառեր օգտագործել իրենց առաջին 9-14 ամիսների ընթացքում: Սակայն, եթե ձեր երեխան մինչ այժմ չի ասել իր առաջին բառը, միևնույնն է մի անհանգստացեք։ Շատ նորածիններ մինչև իրենց 18 ամսականը չեն ասում որևէ բառ: Նաև մի զարմացեք, եթե ձեր երեխայի առաջին խոսքը լսեք իր 7 ամսականում:
Երեխայի՝ բառեր սովորելուն կարող են նպաստել զանազան խաղեր: Անհրաժեշտ է խաղալ նրանց հետ` խոսքի զարգացման գործընթացը արագացնելու համար: Երեխաների հետ պարբերաբար զրուցելը և 6 ամսականից սկսած նրանց համար գրքեր կարդալը կխթանի խոսքի զարգացումը:
Ահա նաև մի քանի ցուցիչ այն մայրերի համար, ում երեխաները դեռ ոչ մի բառ չեն արտասանել մինչև մեկ տարեկան լրանալը:
Արժե մտահոգվել, եթե.
- Ձեր երեխան 15 ամսական է, բայց դեռ չի հասկանում պարզ բառեր:
- Ձեր երեխան չի օգտագործել որևէ բառ իր 15-16 ամսական լինելու ընթացքում:
- Երեխան իր 21 ամսական լինելու ընթացքում չի հասկանում ուղղություն ցույց տվող բառեր, ինչպիսիք են օրինակ՝ «արի այստեղ» և նմանատիպ արտահայտություններ:
- Ձեր երեխան 2 տարեկան է և դեռ հիմնականում միայն ձայներ է արտասանում՝ չօգտագործելով պարզ բառեր, ինչպիսիք են՝ «մամա» կամ «դադա»:
- 2 տարեկան հասակում ձեր երեխան դեռևս չի կարողանում ցույց տալ մարմնի մի շարք մասեր կամ երկու բառ միասին արտասանել:
Եթե որևէ մտավախություն ունեք ձեր երեխայի խոսքի զարգացման վերաբերյալ, ապա մի հապաղեք զրուցել ձեր մանկաբույժի հետ: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի զարգացումը տարբեր կերպ է ընթանում և նրանք տարբեր տարիքային խմբում կարող են տիրապետել խոսքի ձևակերպման տարբեր հմտությունների:
Աղբյուրը՝ flo.health