Դիմահարդարման մաքուր պարագաները՝ COVID-19-ի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ

COVID-19 համավարակից պաշտպանվելու համար կարևորագույն պայմաններից մեկը անձնական հիգիենայի պահպանումն է։ Ինչպես նշում են մասնագետները, անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը և չափազանց զգույշ լինել հասարակական վայրեր այցելելիս կամ էլ տրանսպորտային միջոցներից օգտվելիս։

Խորհուրդ է տրվում ձեռքերը հնարավորինս հեռու պահել դեմքից և ցանկացած ապրանք օգտագործելիս համոզվել, որ այն մաքուր է։

Մաքուր պահեք ձեր ձեռքերը

Ամեն անգամ դիմահարդարումից առաջ և հետո մանրակրկիտ կերպով օճառով լվացեք ձեր ձեռքերը մոտ 20 վայրկյան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վիրուսները ձեռքերից հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը հաճախ լվացվելն է։

Խուսափեք հասարակական վայրերում դիմահարդարվելուց

Խորհուրդ է տրվում դիմահարդարվել միայն տանը և խուսափել հասարակական վայրերում դիմահարդարվելուց՝ վիրուսների և բակտերիաների հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Զերծ մնացեք ձեր դիմահարդարման պարագաները այլ մարդկանց հետ փոխանակելուց

Դիմահարդարման սիրահարները երբեմն փոխանակում են իրենց կոսմետիկ միջոցները ընկերների կամ ընտանիքի անդամների հետ։ Սակայն պետք է հիշել, որ սա կարող է նպաստել մանրէների և վիրուսների տարածմանը։ Շատ ավելի ապահով կլինի, եթե օգտագործեք միայն ձեր անձնական դիմահարդարման պարագաները:

Պարբերաբար մաքրեք ձեր կոսմետիկ միջոցներն ու պարագաները

Կոսմետիկ պարագաները լավ լվանալու համար հարկավոր է խոզանակներն ու սպունգները թրջել տաք ջրի մեջ, իսկ տուփերը սրբել հակաբակտերիալ անձեռոցիկներով կամ ալկոհոլ պարունակող այլ միջոցներով: Օգտագործելուց առաջ լավ չորացրեք դիմահարդարման բոլոր պարագաները։

Առցանց կատարեք ձեր գնումները

Կորոնավիրուսից պաշտպանվելու և համավարակակի տարածումը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում մնալ տանը և պահպանել սոցիալական հեռավորութուն: Առցանց գնումներն այսօր հնարավորություն են տալիս գնել  անհրաժեշտ պարագաները՝ առանց տանից դուրս գալու:

Խուսափեք դիմահարդարման նմուշներն անմիջապես ձեր դեմքին օգտագործելուց

Մշտապես խուսափեք դիմահարդարման նմուշներն անմիջապես ձեր դեմքին քսելուց: Եթե, օրինակ, ցանկանում եք շրթներկ փորձել, ապա շրթունքների փոխարեն այն քսեք ձեր ձեռքին: